Օրեր առաջ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ էականորեն ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ռեեստրը: Սակայն Սահակյանը մոռացել է Սարգսյանին տեղեկացնել, որ ռեեստրը ընդլայնվել է միայն անուններով, իսկ նրանց դրամական միջոցների եւ ունեցվածքի մասին արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ մի տեղեկություն չկա:
Մինչդեռ վարչական իրավախախտումների մասին օրենքում իրականացված փոփոխություններով պետք է տուգանքներ սահմանվեն այն դեպքում, եթե պաշտոնյաները բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով իրենց հայտարարագրերը կներկայացնեն սահմանված ժամկետի խախտումով:
Ավելին՝ այդ պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելը պետք է պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազար հինգհարյուրապատիկից երկու հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: