«Ամեն ինչ նվիրում ենք ռուսներին». ԱԺ օրակարգում կարևոր նախագծեր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում բազմաթիվ նախագծեր քննարկվեցին, որոնք հիմնականում վերաբերում էին ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցության հետ կապված հարցերին:

Մասնավորապես երեկ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ ՀՀ եւ ՌԴ միջեւ միջպետական համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին հարցը: Նախագծի քննարկման ժամանակ նշվեց, որ ՀՀ զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի գծով արտոնություններ սահմանված չեն, սակայն կարեւորվեց այդ արտոնության սահմանումը:

Պատգամավորը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նման արտոնություն սահմանվում միայն ՌԴ-ի համար, եւ արդյո՞ք առաջիկայում այլ նախագծեր եւս կլինեն: Վերջինս, ինչպես նաեւ քննարկմանը ներկա ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ընդգծեցին, թե առաջիկայում նման նախագծեր կարող են լինել, եւ միայն ՌԴ-ի հետ այսպիսի որոշումը պայմանավորեցին այդ երկրի հետ ռազմաքաղաքական համագործակցությամբ:

ՌԴ-ի հետ կապված մյուս նախագիծը վերաբերում էր ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունների կողմից ստորագրված փաստաթղթի վավերացմանը, որը վերաբերում էր երկու երկրների միջեւ զինած ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրին:

Նախագծի հիմնական զեկուցող Արտակ Զաքարյանը նշեց, թե միացյալ խմբավորման միջոցով հնարավոր կլինի պատասխան տալ զինված հարձակմանը, այդ թվում՝ ագրեսիային, ինչպես նաեւ համատեղ անվտանգության դեմ սպառնալիքներին ու մարտահրավերներին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարցրեց՝ օդային հարձակման դեպքում Հայաստանը կարո՞ղ է ինքնուրույն որոշում կայացնել եւ գործողություններ իրականացնել, թե՞ պետք է ստանա Ռուսաստանի համաձայնությունը: «Ապրիլին, երբ Տավուշի ուղղությամբ կրակում էին, Ռուսատսանը ոչ մի արձագանք չտվեց, իրենց համար նվեր էր, մենք ԵԱՏՄ մտանք առանց Ղարաբաղի, ձեռ քաշեցինք Ղարաբաղից, հիմա նվեր տվեցինք մեր օդային տարածքը: Ամեն ինչ ինչի՞ ենք տանում, դնում Ռուսաստանի վերահսկողության տակ», – նշեց Միքայելյանը:

Ի պատասխան՝ Զաքարյանը նշեց. «Չի նշանակում, որ ՀՕՊ համակարգի ղեկավարը կամ ամեն ինչը ռուսն է: ՀՕՊ համակարգի ղեկավարը շարունակում է մնալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, որի հրամաններով համակարգը շարունակում է մնալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, որի հրամաններով համակարգը շարունակում է իր անմիջական պարտականությունները կատարել»:

«Ելք»-ի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ հարցրեց՝ համաձայնագրում նշված է, որ ներքին ագրեսիայի դեպքում էլ զորախումբը կարող է գալ, հուլիսյան դեպքերի նման խնդիրների ժամանակ կարո՞ղ են գալ, իսկ Զաքարյանն էլ նշեց, թե այդ դեպքերի ժամանակ նույնիսկ մեր ԶՈՒ-ն անելիք չունի, ուր մնաց դրսից գան: Ի վերջո, այս հարցը դրվեց քվեարկության. ձեռնպահ քվեարկեց Դավիթ Մանուկյանը, դեմ՝ Սասուն Միքայելյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս