ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ՝ ԸՆԴԴԵՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները ձեռնամուխ են եղել հնարավոր բոլոր միջոցներով անկախ մամուլը ոչնչացնելու գործին: Եւ հիմա այդ նպատակով փորձում են լրատվամիջոցներին, մասնավորապես, տպագիր մամուլին զրկել ֆինանսական աղբյուրներից: Հայտնի փաստ է, որ թերթերը ֆինանսավորման երեք աղբյուր ունեն՝ վաճառքից գոյացած միջոցները, գովազդը կամ վճարովի հայտարարությունները եւ, վերջապես, նվիրատվությունները: Ու հիմա կառավարության թեթեւ ձեռքով փորձ է արվում փակել մամուլի ֆինանսավորման առնվազն երկու աղբյուրները: Նախ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման սկզբում պետական հիմնարկներին «փակ» հրահանգ տվեց հրաժարվել տպագիր մամուլի բաժանորդագրությունից՝ այդ որոշումը պատճառաբանելով խնայողության անհրաժեշտությամբ: Հիմա էլ ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, ըստ որի՝ հրապարակային ծանուցումներն այսուհետ պետք է հրապարակվեն ոչ թե զանգվածային լրատվամիջոցներում, այլ միայն ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում: Այս կայքը արդարադատության նախարարության ենթակայությամբ է գործում:
Այս տեմպերով եթե շարունակվի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է հռչակվի որպես մամուլի թշնամի:

 

 
Ամենայն հավանականությամբ, առաջիկայում հացը կթանկանա 20 դրամով, կամ էլ հացարտադրողները կնվազեցնեն հացի քաշը: Պատճառը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Իշխան Կարապետյանի որոշումն է, ըստ որի՝ հաց-հացամթերք եւ միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սեպտեմբերի 1-ից պարտադիր է սանիտարական անձնագիրը ունենալը, այլապես նրանք կտուգանվեն մինչեւ 300 հազար դրամով: Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրեր ձեռք բերելը ֆինանսական լրացուցիչ ծախսեր է ենթադրում. մեկ մեքենայի համար փորձաքննության արժեքը 15 հազար դրամ է, բայց մեքենայի կահավորելու արժեքը ըստ չափսերի է՝ մինչեւ 100 հազար դրամ: Հացարտադրողները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բողոքեցին ՍԱՊԾ որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ փորձելու են ծախսերը կոմպենսացնել կա՛մ հացը թանկացնելու, կա՛մ արտադրանքի քաշը նվազեցնելու միջոցով:

 

 

 
Հայաստանից ահռելի չափերի հասած արտագաղթի հետեւանքներն իրենց զգացնել են տալիս ամեն բնագավառում. «Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ վերջին տարիներին կտրուկ նվազել է աշխատունակ տարիքի մարդկանց թիվը: Իսկ սա, բնականաբար, իր բացասական հետեւանքներն է ունենում երկրի տնտեսության եւ, ընդհանրապես, բոլոր բնագավառների վրա: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` եթե Ս. Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում՝ 2008թ., Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը 2 մլն 169.9 հազար էր, ապա արդեն 2016թ. այն դարձել է 1 մլն 962.9 հազար: Ասել է, թե այս ինը տարիների ընթացքում միայն աշխատունակ բնակչության թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել է 207 հազարով: Սա նշանակում է՝ նույնքան պակասել է երկրում որեւէ արտադրանք տվող, որեւէ արտադրանք սպառող եւ, վերջապես, հարկ վճարող քաղաքացիների թիվը՝ դրա բոլոր հետեւանքներով հանդերձ:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ՔԿՀ-ներում լուրջ բացահայտումներ է արել: Պարզվում է՝ բաց ռեժիմում պատիժը կրող դատապարտյալները վերջին տարիներին արտոնյալի կարգավիճակում են եղել. պարբերաբար լքել են ՔԿՀ-ն եւ հակառակ օրենքով նախատեսված պահանջի՝ սահմանված ժամկետում չեն ներկայացել կալանավայր: Այս իրավիճակը, սակայն, պատահական չէ. Հայաստանում ընտրությունների «կազմակերպման» գործում լուրջ դերակատարություն ունեն քրեական տարրերն ու թաղային հեղինակությունները, որոնց վրա է դրված տեղամասերի շրջակայքում վերահսկողություն սահմանելու, մարդկանց քվեարկության տանելու եւ ՀՀԿ օգտին ձայներ հավաքելու գործընթացը: Եվ այդ առումով վաղուց ի վեր ձեւավորված պրակտիկա է՝ իշխանություններն ընտրություններից առաջ ազատ են արձակում «ձայն բերող» քրեական տարրերին՝ պայմանով, որ նրանք աշխատեն ՀՀԿ օգտին: Եվ ահա չի բացառվում, որ իրականացված բացահայտումները այս գործընթացի հետեւանքն են. քրեական տարրերը աշխատել են ՀՀԿ օգտին, եւ իշխանությունները նրանց այդպես են վարձահատույց եղել. աչք են փակել ՔԿՀ-ում նրանց չգտնվելու վրա:

 

 

 
«ՆԱԻՐԻՏԻ» ՀՐԴԵՀՆ ԱՆՎՏԱ՞ՆԳ ԷՐ
Հայաստանում երեկ հերթական արտակարգ իրավիճակն էր. պայթյունի հետեւանքով ուժեղ հրդեհ էր բռնկվել «Նաիրիտ» գործարանում: Փրկարարներին հրդեհը հանգցնել հաջողվեց միայն օրվա վերջում: Բարեբախտաբար ամեն ինչ ավարտվեց առանց զոհերի ու վիրավորների: Արդեն մի քանի տարի է՝ այս գործարանը չի աշխատում, եւ երեկ էլ պայթյունի ժամանակ տարածքում մարդ չի եղել: Քիմիական գործարանի հրդեհը լուրջ անհանգստության տեղիք է տվել բնակչության շրջանում: Ճիշտ է՝ արդեն օրվա վերջում իշխանությունները փորձեցին հանգստացնել՝ ասելով, որ սպասվող քամու հետեւանքով հրդեհի առաջացրած ծուխն Արարատյան դաշտավայրով կգնա Թուրքիա, եւ բացի այդ՝ այրված քիմիական նյութերը բնակչության առողջության համար վտանգ չեն ներկայացնում, պարզապես գործարանի հարակից տարածքներում պետք չէ երկար ժամանակ անցկացնել: Սակայն այս պնդումներն այնքան էլ համոզիչ չեն հնչում, թեկուզ եւ այն առումով, որ այս իշխանությունները վաղուց սպառել են վստահության պաշարները: Բացի այդ՝ նույն հաջողությամբ Չերնոբիլի ատոմակայանի վթարից հետո էլ Խորհրդային իշխանություններն էին պնդում, թե որեւէ վտանգ չկա՝ փորձելով գաղտնի պահել եղելությունը:
«Նաիրիտ»-ի պայթյունի եւ հրդեհի պատճառների մասին առայժմ ոչինչ չի նշվում: Սակայն զարմանալի զուգադիպությամբ այս հրդեհը հաջորդեց մի քանի ուշագրավ իրադարձության, ինչն էլ տարբեր ենթադրությունների տեղիք էր տվել:
Վերջին շրջանում կրկին ակտիվացել էին «Նաիրիտ»-ի վերագործարկման մասին խոսակցությունները: «Նաիրիտ»-ը վերագործարկելու առաջարկ էր ներկայացրել «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը, որի ներկայացուցիչներն օգոստոսի 8-ին հանդիպել էին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին՝ քննարկելու իրենց ծրագրերը: Այս հոլդինգի ներկայացուցիչները դեռ նախորդ տարի հայտարարել էին «Նաիրիտ»-ում մոտ 100 մլն դոլարի ներդրում կատարելու պատրաստակամության մասին: Բայց վերջին հանդիպման ժամանակ ցանկություն էին հայտնել իրենց միջոցներով տեխնիկական աուդիտ անցկացնել՝ գործարանի ներկա վիճակը պարզելու համար։
Մյուս կողմից երեկ հայտնի դարձավ, որ հրդեհը բռնկվել էր այն արտադրամասում, որի պետին ու եւս 20 աշխատակցի հուլիսի 1-ից հեռացրել էին աշխատանքից: Մինչդեռ նախկինում «Նաիրիտ»-ի այդ արտադրամասում ուժեղացված վերահսկողություն է եղել՝ նման պայթյունավտանգ իրավիճակներից խուսափելու համար:
Արդյո՞ք այս իրադարձությունները կապված են երեկվա հրդեհի հետ, թե՞ դրանք սոսկ համընկնումներ էին, ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ պետք է արձանագրենք, որ «Նաիրիտ»-ի այսօրվա վիճակը հայաստանյան իրականության լավագույն արտացոլանքն է:




Լրահոս