Հարցազրույց Վրաստանի Հանրապետությունում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, վերջին շրջանում բավական ակտիվ եք հայ-վրացական հարաբերությունների քաղաքացիական բեւեռի ակտիվացման հարցում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-XXI դարը համարվում է հանրային դիվանագիտության դարաշրջան, ուստի ե՛ւ կհաղթեն, ե՛ւ միջազգային ասպարեզում իրենց արժանապատիվ տեղը կամրապնդեն այն երկրները, որոնք հակառակորդներից ավելի արագ ու լիարժեք կկիրառեն դրա հնարքները։ Սա է պատճառը, որ մենք, նկատի ունեմ իմ հիմնած «Կովկասյան գործընկերություն» կազմակերպությունը, կարեւորում ենք ակտիվությունն այս ոլորտում եւ նաեւ շեշտադրում պետական ջանքերի կիրառման անհրաժեշտությունն այս բնագավառում։
-Դուք եղել եք Վրաստանում Հայաստանի դեսպանը: Հնարավո՞ր է՝ զուտ դիվանագիտական խողովակներով լուծել երկու երկրի կնճռոտ, այդ թվում տարածքային հարցերը, թե՞ դրա մասին խոսելը ուշ է եւ անդառնալի:
-Ըստ էության բոլոր հարաբերությունները եւ շփումները միջպետական մակարդակում դիվանագիտություն են այդ հասկացության լայն իմաստով։ Բայց եթե դիտարկենք այս երեւույթը նեղ իմաստով, զուտ ԱԳՆ եւ դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակով, ապա բնականաբար, այդ ռեսուրսի հնարավորությունները անսահմանափակ են։ Ջանքեր կիրառվում են թե՛ քաղաքական մակարդակով, թե՛ դիվանագիտական։ Սակայն ժամանակի մարտահրավերները, ռիսկային տարածաշրջանի առանձնահատկությունները, մեր արտաքին քաղաքական տարբերվող առաջնահերթությունները նորանոր օրակարգային խնդիրներ են առաջադրում, որոնք պահանջում են առավել մեծ ջանքեր եւ առավել մեծ ռեսուրսներ։ Բայց միայն դիվանագիտական ռեսուրսը բավարար չէ՝ նման խնդիրներ մարսելու համար։
-Ինչպիսի՞ն է Վրաստանի արտաքին քաղաքականությունը, եւ դրա ո՞ր մասն է համընկնում մեր երկրի քաղաքականության եւ համընդհանուր շահին:
-Վրաստանի արտաքին քաղաքական նշանակությունը մեծապես հանգում է նրա տրանզիտային բարենպաստ կարգավիճակին։ Հիմնականում Վրաստանի տարածքով է իրականացվում ադրբեջանական ածխաջրատների տրանզիտը Թուրքիա եւ ԵՄ, իսկ Հայաստանը իր երկու՝ ոչ բարեկամական տրամադրվածությամբ հարեւանների շրջափակման պատճառով ստիպված է Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ առեւտուրն իրականացնել բացառապես Վրաստանի տարածքով։ Վրաստանով է անցնում նաեւ ԵՄ ապրանքաշրջանառությունը Չինաստանի հետ Ռուսաստանին շրջանցելու դեպքում։ Մեր հարեւան երկրի արտաքին քաղաքական օրակարգը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի հետ լարված հարաբերություններով։ Այդ իսկ պատճառով այս երկիրը ջերմ հարաբերություններ է պահպանում Ուկրաինայի եւ Ադրբեջանի հետ, որոնք հանդես են գալիս սահմանների անխախտելիության պահանջով։ Վրաստանը միակ երկիրն է, որ լքել է ԱՊՀ-ն։ Գլխավոր արտաքին քաղաքական ուղղություններից են եվրաինտեգրացիան, որտեղ Վրաստանը լուրջ առաջխաղացում է արձանագրել, եւ, բնականաբար, երկկողմ հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։
Ինչպես տեսնում եք՝ մեր արտաքին քաղաքական վեկտորներն ու առաջնահերթությունները ոչ միայն չեն համընկնում, այլեւ հաճախ հակադիր են։ Այս առումով, իրոք, «ոսկերչական» ճշգրտության դիվանագիտություն է անհրաժեշտ մեր երկկողմ օրակարգը ձեւավորելիս եւ առաջացող կնճիռները հարթելիս։
-Երեւի տեղյակ եք, որ Վրաստանում նոր դեսպան է նշանակվելու Հայաստանից: Ծանո՞թ եք նրան եւ ի՞նչ մասնագիտական խորհուրդներ կտայիք:
-Այսօր մենք ունենք Վրաստանում դեսպան՝ պարոն Վարդանյանը, ով կատարում է իր ծառայողական պարտականությունները։ Ոչ պաշտոնական տեղեկությունները նպատակահարմար չեմ համարում մեկնաբանել։ Հատկապես դիվանագիտության մեջ եւ միջպետական հարաբերություններում պետք է շատ զգույշ լինել նմանատիպ տեղեկությունների եւ լուրերի արտահոսքի եւ դրանց հրապարակայնացման առումով մինչեւ որոշակի ընթացակարգերի ավարտը։ Ինչ վերաբերում է խորհուրդներին եւ աջակցությանը, ապա բոլորս ենք պարտավոր հնարավորինս աջակցություն տրամադրել մեր դիվանագետներին եւ հատկապես դեսպանին, անկախ անձից, քանզի հայ-վրացական հարաբերությունները մեր արտաքին քաղաքական կարեւորագույն առաջնահերթություններից են:
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Սեպտեմբերից մեկնարկում է ոչ միայն վեցերորդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը, այլ նաեւ Երեւանի նորընտիր ավագանու նիստերը: Մայիսին կայացած ընտրություններից հետո ավագանու հիմնական աշխատանքը կմեկնարկի հենց աշնանից: Ամռան ամիսներին ավագանու երեք՝ ՀՀԿ, «Ելք» դաշինք եւ «Երկիր Ծիրանի» խմբակցություններից թերեւս ամենաակտիվը «Ելք» դաշինքն էր, որի անդամները պարբերաբար ներկայացնում էին բնակիչների բողոքները, դրանց հետքերով գնալու արդյունքներ, ինչպես նաեւ նոր նախագծեր էր դրել շրջանառության մեջ:
Ի վերջո, ի՞նչ է սպասվում աշնանը, եւ ի՞նչ նախագծերով են հանդես գալու Երեւանի ավագանու խմբակցությունները: «Ելքը», օրինակ, նախատեսում է փողոցների անվանափոխություն իրականացնել: Դաշինքի անդամները հանդես են եկել Երեւանում գործող մի քանի փողոցների անվանափոխման նախագծով, քանի որ նրանց խոսքով՝ այդ փողոցները կրում են բոլշեւիկների անունները: Ոչ միայն այս նախագիծը լայն քննարկման առարկա դարձավ, այլ նաեւ Երեւանի ներքաղաքային տրանսպորտում երաժշտությունն արգելելու, իսկ Վերնիսաժի տարածքում էլ «կլկլոցն» արգելելու նախաձեռնությունները: Իհարկե, սա այս խմբակցության կողմից նախաձեռնությունների մի փոքր մասն է միայն. դաշինքը խոստանում է ակտիվություն պահպանել եւ ականջալուր լինել քաղաքացիների հարցերին ամբողջ տարին:
Իրավիճակը մի փոքր այլ է «Երկիր Ծիրանի» կուսակցության պարագայում, քանի որ հինգ անդամ ունեցող խմբակցության երկու անդամներ՝ Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիեւը որոշել են հանդես գալ որպես ավագանու անկախ անդամներ: Հետեւաբար իրենք կարող են հանդես գալ առանձին առաջարկներով եւ մաս չկազմել մյուս երեք անդամների նախաձեռնություններին:
Իսկ «Երկիր Ծիրանի» խմբակցության մյուս երեք անդամներն այս օրերին զբաղված են այն գերատեսչությունների դեմ դատական հայցեր պատրաստելով, որոնք թերանում են իրենց աշխատանքում: Սակայն նրանք համագործակցության եզրեր չեն տեսնում ո՛չ բոյկոտած երկու անդամների, ո՛չ էլ «Ելք» դաշինքի անդամների հետ, չնայած դեմ չեն փողոցների անվանափոխման առաջարկին: Խմբակցության անդամները երեկ կայացած ասուլիսի ժամանակ ամփոփեցին իրենց կատարած աշխատանքը՝ նշելով, թե նախորդ ամսվա ընթացքում այցելել են բոլոր վարչական շրջաններ, հանդիպումներ ունեցել երեւանցիների հետ, լսել խնդիրները, խմբավորել դրանք, որպեսզի այդ բոլորին անդրադարձ լինի հենց ավագանու նիստերի ժամանակ:
Իսկ ինչ նախաձեռնություններ ունի ավագանու ՀՀԿ խմբակցությունը: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանից, սակայն վերջինս արձակուրդում է եւ վերադառնալու է միայն հաջորդ շաբաթ: Իսկ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի միջոցների վարչության պետ Արթուր Գեւորգյանը փոխանցեց, որ այս պահին դեռ վաղ է խոսել առաջիկա նախաձեռնությունների մասին:
Մեզ մնում է սպասել ավագանու 3-րդ նստաշրջանի մեկնարկին՝ հասկանալու համար, թե որքանով իրականություն կդառնան քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՉԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը հեռացել է քաղաքականությունից եւ այս փուլում որեւէ նման գործընթացի մաս չի ցանկանում կազմել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշեց, թե այժմ ավելի շատ զբաղված է իր առողջական խնդիրներով. բուժվում է: Կարապետյանն ընդգծեց, թե հիասթափված չէ քաղաքական դաշտից, սակայն այս փուլում համագործակցության եզրեր չի տեսնում ոչ մի ուժի, այդ թվում՝ «ՕՐՕ» դաշինքին մաս կազմող որեւէ ուժի հետ, ում հետ համագործակցում էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այդ դաշինքի հետ քաղաքական համագործակցության դուրս չի գալիս նաեւ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, ով եւս ընտրություններին այդ ուժին էր սատարում: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե դաշինքից շատերի հետ ընկերներ են եւ մասնավոր հանդիպումներ ունենում են, սակայն ընտրություններից հետո դաշինքի առաջնորդների հետ գործնական հանդիպում որպես այդպիսին չի եղել:
ՄԱՍ-ՄԱՍ
ՀՀ վերաքննիչ դատարանը զիջեց Երեւանի ավագանու ընտրություններին ընտրակեղծարարության դիմած, մասնավորապես ՀՀԿ-ի օգտին քվեարկած Աշխեն Հովհաննիսյանին: Վերջինս, որ մայիսի 14-ին ավագանու ընտրություններում եղել էր 8/54 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, քվեարկության օրը վերցրել էր քաղաքացի Լարիսա Սարգսյանի քվեաթերթիկն ու ծրարը եւ նրա փոխարեն քվեարկել էր Հանրապետական կուսակցության օգտին: Այս արարքի համար Աշխեն Հովհաննիսյանը տուգանվել էր 800 հազար դրամով: Բայց քանի որ հանուն ՀՀԿ-ի ընտրակեղծարարության դիմած Հովհաննիսյանը չի կարող ինքնուրույն վճարել տուգանքը, դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ խնդրելով հնարավորություն տալ գումարը վճարել մաս-մաս, 1 տարվա ընթացքում: Դատարանն էլ ընդառաջել էր ընտրակեղծարարին:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 30-ին մի շարք ընկերություններին նախազգուշացում տալու մասին որոշումներ է ընդունելու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ ընկերություններն են «Քաջարան մոնտաժ»-ը, «Տաթեւի անապատ»-ը, «Էյ-Ի-Ջի-Սերվիս»-ը եւ այլն: Պատճառն այն է, որ նշված ընկերությունները ժամանակին չեն ներկայացրել գործունեության վերաբերյալ հաշվետվությունները: Այստեղ, սակայն, ուշագրավ է մեկ այլ հանգամանք. ՀԾԿՀ-ն նախազգուշացում տալու է այն ընկերություններին, որոնք կապվում են նախկին եւ ներկա պաշտոնյաների հետ: Օրինակ՝ «Քաջարան մոնտաժ» ընկերության սեփականատերը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է ու նրա հայրը` Մաքսիմ Հակոբյանը: «Տաթեւի անապատ» ընկերությունը կապվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Իսկ «Էյ-Ի-Ջի-Սերվիս»-ի 42 տոկոս բաժնեմասի տերը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն է, որը մինչ այդ զբաղեցրել է նշված ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: