ԱՐՏՈՆՅԱԼ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐՆ ՈՒ ՔԿՀ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ դատախազությունը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հետ միասին ստուգումներ է իրականացնում քրեակատարողական հիմնարկներում, որի արդյունքում բացահայտվել է՝ բաց ռեժիմում իրենց պատիժը կրող կամ այլ ռեժիմով ազատազրկվածների մեջ կան արտոնյալներ, որոնք պարբերաբար դուրս են եկել կալանավայրից ու երբեմն չեն վերադարձել սահմանված ժամկետում:

Որտեղից սկսվեց
2017թ. հուլիսի 20-ին Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ «Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալը ստացել էր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել բժշկական կենտրոն: Այս դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը հատկանիշներով:
Եվ ահա քննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն ընկել է այլ հետքի վրա: Մասնավորապես նախնական քննությամբ պարզվել է, որ դատապարտյալը պարբերաբար լքել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի տարածքը, իսկ ՔԿՀ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, հաստատապես տեղեկացված լինելով այդ մասին, միջոցներ չեն ձեռնարկել կանխելու ուղղությամբ, ինչն էլ առաջացրել է ծանր հետեւանքներ: Ահա այսպես բացահայտումը պատճառ դարձավ, որ գործն ուղարկվի ՀՔԾ, քանի որ գործում խառնված են պաշտոնատար անձինք:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, թե ով է եղել դատապարտյալը, որը ՔԿՀ պաշտոնատար անձանց թեթեւ ձեռքով արտոնյալ էր զգացել: Նա Գյումրիում հայտնի Պալիգոնի Ադլոն է` Արտակ Դիլանյանը, որը 2014 թվականին ազատազրկման է դատապարտվել 5 տարի ժամկետով, քանի որ իր վարած «Մերսեդես G-500» մակնիշի ավտոմեքենայով մի քաղաքացու էր վրաերթի ենթարկել, որը մահացել էր:
Թաղային այս հեղինակությունը, օգտվելով այն հանգամանքից, որ բաց ռեիժմով է իր պատիժը կրում, ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց հետ համաձայնության է եկել եւ դուրս գալով տարածքից՝ կա՛մ իր ցանկացած ժամին է վերադարձել, կա՛մ առհասարակ չի վերադարձել:
Նշենք, որ բաց ռեժիմով պատժի տեսակը կրող դատապարտյալն իրավունք ունի աշխատանքային օրերին առավոտյան լքել ազատազրկման վայրը, գնալ աշխատանքի, իսկ երեկոյան վերադառնալ՝ գիշերելով քրեակատարողական հիմնարկում:

Ստուգումներն ու
բացահայտումները
Եվ ահա այս դեպքն էլ պատճառ է դարձել, որ ոչ միայն Արթիկի, այլեւ մյուս քրեակատարողական հիմնարկներում ՀՀ գլխավոր դատախազությունը ՔԿ վարչության հետ միասին ստուգումներ իրականացնի:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ստուգումների արդյունքում բացահայտվել է, որ ոչ միայն Արթիկի ՔԿՀ-ի դատապարտյալներն են գտնվում արտոնյալ կարգավիճակում, այլ նաեւ մյուս ՔԿՀ-ներում կան նման դրսեւորումներ: Մեզ հայտնի դարձավ, որ ստուգումների արդյունքում որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, իսկ ոմանց մասով զբաղվում են իրավապահները: Ու առաջիկայում հայտնաբերված խախտումների մասով որոշ ՔԿՀ-ների պետերի փոփոխության գործընթաց կսկսվի:
«Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ դիմեց ՔԿ վարչության հանրային կապերի բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Անկախ «Արթիկ» ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքից՝ բաց տիպով պատիժը կրող դատապարտյալների տեղամասերում, թե՛ վերադասության կարգով, այսինքն՝ մեր կողմից, թե՛ վերահսկողության կարգով, այսինքն՝ դատախազության կողմից, ստուգումներ մշտապես լինում են: Տվյալ ոլորտը մեր մշտական հսկողության տակ է, եւ հայտնաբերված խախտումների դեպքում պատասխանատու պաշտոնատար անձինք ենթարկվում են տույժի տարբեր միջոցների: Նմանատիպ ստուգումները կրում են շարունակական բնույթ, ընթացիկ գործընթաց են եւ Արթիկի դեպքով պայմանավորված չեն»:

Խորը արմատներ
Բայց իրականում այս բացահայտումը խորը արմատներ ունի: Դեռեւս մայիսին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Հայաստանում ընտրությունների «կազմակերպման» գործում լուրջ դերակատարություն ունեն քրեական տարրերը, «թաղային հեղինակությունները», որոնց վրա է դրված տեղամասերի շրջակայքում վերահսկողություն սահմանելու, մարդկանց քվեարկության տանելու եւ ՀՀԿ օգտին ձայներ հավաքելու գործընթացը: Եվ այդ առումով վաղուց ի վեր ձեւավորված պրակտիկա է՝ իշխանություններն ընտրություններից առաջ ազատ են արձակում դատապարտված, կալանավորված կամ ձերբակալված անձանց մի մասին՝ պայմանով, որ նրանք աշխատեն ՀՀԿ օգտին:
Եվ հիմա չի բացառվում, որ իրականացված բացահայտումները նաեւ ընտրական գործընթացների ժամանակից արտոնյալ կարգավիճակ ստացածների գործունեության հետեւանքն են:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԴԱՏԱՎՈՐԸ ԾԻԾԱՂՈՒՄ Է
Որպեսզի ամառային հանգստի օրերին Հայաստանում մնացած բնակիչները տեսարանների պակաս չունենան, հատուկ քննչական ծառայությունը որոշել է ապահովել մարդկանց համար հետաքրքիր շոուներ: Օգոստոսի 23-ին ՀՀ ՀՔԾ-ն մեծ շուքով հայտարարություն տարածեց այն մասին, թե քրեական գործ է հարուցվել՝ դատական համակարգի ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացին հաղորդում է տվել, որ իր հայրը սեփականության իրավունքով իրեն պատկանող տունն ու հողամասը 2005թ. վաճառել է այլ անձանց: Հետագայում պարզվել է, որ գույքը վաճառելու ժամանակ տեղի ունեցած սխալի պատճառով առքուվաճառքի պայմանագրում նշվել է այլ գույք, որի պատճառով հայրը դիմել է դատարան՝ հիշյալ պայմանագիրը լուծարելու համար, սակայն ներկայացված հայցը մերժվել է: Դրանից հետո հայրը որպես կաշառք դատավորին փոխանցելու նպատակով այլ քաղաքացու է տվել 10.000 ԱՄՆ դոլար գումար, որից 7.000 ԱՄՆ դոլարը փոխանցվել է դատավորին:
Նկատենք, որ հատուկ քննչական ծառայությունը մինչ օրս չի գաղտնազերծում, թե ով է եղել քաղաքացին, որ իրավապահներին կաշառքի մասով հաղորդում է ներկայացրել, եւ ամենակարեւորը՝ ո՞ր դատավորի դեմ է բողոք ներկայացվել: Սա անմեղության կանխավարկածի խախտում է, քանի որ ՀՀ վարչական դատարանի դատավորները բոլորը մինչ այս պահը համարվում են պոտենցիալ կաշառակերներ: ՀՔԾ-ն ընդամենը բավարարվեց գեղեցիկ բովանդակությամբ հայտարարություն տարածելով միայն: Հիշեցնենք՝ «Հրապարակ»-ը գրեց, որ կաշառք վերցրած դատավորը վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանն է: «Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի հետ:
-Պարո՛ն Ղազարյան, ՀՔԾ-ն դատավորի կողմից կաշառք ստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործով հաղորդագրություն էր տարածել, ավելի ուշ մամուլում հրապարակվեց, որ կաշառք վերցնող դատարվորը Դուք եք եղել:
-Մամուլի հրապարակման առիթով խորհուրդ եմ տալիս Ձեզ, որ ոչ թե զանգեիք ինձ, այլ զանգեիք հրապարակման հեղինակին եւ ասեիք, թե այդ տվյալը որտեղի՞ց է ստացել, այդ մարդու մասին որ գրել եք, ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ: Ինձ եք հարցնում, որ ինչ, միայն կարող եմ ասել՝ հրապարակումը ծերից ծեր ծիծաղ, կատակ է, մնացածն էլ Դուք մտածեք:
-Բայց ծուխն առանց կրակ չի լինում:
-Այդ մարդը իմ անունը չի շոշափել, իմ անունը որեւէ մեկը չի շոշափել. ո՛չ հատուկ քննչական ծառայությունում, ո՛չ որեւէ մեկի հայտարարության բովանդակության մեջ, որեւէ տեղ, որեւէ եղանակով, որեւէ ակնարկի մակարդակով իմ անուն, ազգանունը չի շոշափվել:
-Իսկ Դուք որեւէ մտավախություն չունե՞ք, որ հրապարակումները կհաստատվեն, եւ Դուք կհայտնվեք ճաղերի հետեւում:
-Բացարձակ, ես ուղղակի ծիծաղում եմ, ուրիշ ոչինչ: Կրկնում եմ՝ ո՛չ հատուկ քննչական ծառայությունում, ո՛չ կոնկրետ դժգոհող անձի հայտարարությունում, որը նեղվել է իր բնակարանի կորստյան առիթով, իմ ազգանունը չի հնչել, նույնիսկ երազում չի տվել:
Մեզ մնում է սպասել զարգացումներին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԵՐԵԽԱ Է ՄԱՀԱՑԵԼ
Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում օրեր առաջ 10 օրական երեխա է մահացել: Մահացած փոքրիկի հոր փոխանցմամբ՝ հղիության ընթացքում կինը որեւէ խնդիր չի ունեցել, հսկող բժշկուհին՝ Հասմիկ Անդրեասյանը, իրենց մշտապես վստահեցրել է, թե անհանգստանալու կարիք չկա: «Օգոստոսի 13-ին կինս ցավեր է ունեցել, 7 ամսական հղիություն էր, տեղափոխել ենք հիվանդանոց, երեկոյան բժիշկներն ինձ ասում են՝ վիճակը լավ չի, արյունահոսություն կա, իջեցնում են սոնոգրաֆիայի, բժիշկն ասում է, թե պրոբլեմ չկա, կարող է մինչեւ 9 ամսական ձգել, հետո վերեւ են բարձրացնում, բժշկուհին որոշում է անմիջապես կեսարյան հատում անել»,-նշել է Ավետիք Թովմասյանը:

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանին (մականունը՝ Պոպոք)՝ ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար: Ա.Ավետիսյանի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ԼՀ 7172 գործարանային համարի ատրճանակ եւ 8 հատ 9 մմ տրամաչափի ակոսափող հրազենի փամփուշտներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում:

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ՝ Սամվել Բաբայանի եւ մյուսների դատական գործով նիստի ժամանակ, դատավոր Արշակ Վարդանյանը մերժել է Սամվել Բաբայանի գույքի արգելանքը վերացնելու՝ նրա պաշտպան Ավետիս Քալաշյանի միջնորդությունը, ինչպես նաեւ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Դատավորը պատճառաբանել է, թե Սամվել Բաբայանը, լինելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել դատաքննությանը եւ ազդեցություն ունենալ վկաների վրա, որոնք դեռ չեն հարցաքննվել: Դատավորը բավարարել է միայն ընտանիքի անդամներին տեսակցելու արգելքը հանելու միջնորդությունը: Դատական հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 4-ին:

 

 

ՍԿՍԵԼ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ
Օգոստոսի 28-ին՝ ժամը 11-ի դրությամբ, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրից դեպի «Ձագեձոր»-ի հատված ծուխը սկսել է ակտիվանալ: Համալիրի աշխատակիցները եւ ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարներն տվյալ տարածքում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:




Լրահոս