ԲՐԵՔԶԻԹԻ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի օրվանից մեկնարկեց Միացյալ Թագավորության` Եվրոպական միությունը լքելու բանակցությունների երրորդ ռաունդը: Նախորդները, ազդարարելով հանդերձ գործընթացի մեկնարկը, այնքան էլ հաջող չեն անցել: Երկու կողմն էլ փորձում է մաքսիմալիստական կեցվածքով դիմացինից կորզել առավելագույնը, ինչը էականորեն դանդաղեցնում է բանակցությունների ընթացքը: ՄԹ-ի կառավարությունը թեպետ հայտարարել է նահանջի բացառման մասին, սակայն իրադարձությունների զարգացումը Եվրոպայում կարող է փոխվել ցանկացած պահի:

Թե՛ ԵՄ-ն, թե՛ ՄԹ-ը բանակցություններին մոտենում են սեփական օրակարգով: Եթե առաջինի համար կարեւորագույնը «ապահարզանի» փաստաթուղթն է եւ ֆինանսական պարտավորությունների կատարումը, ապա երկրորդի խնդիրը ԵՄ-ից ազատվելուց հետո առեւտրային համաձայնագիրն է: ԵՄ-ի պաշտոնյաները այդ պատճառով ցանկանում են սկզբում համաձայնեցնել բաժանման պայմանները` պահանջելով բրիտանացիներից կատարելու իրենց ստանձնած պարտավորությունները եւ վճարելու Միության հասանելիք մոտ 60 միլիարդ եվրոն: ՄԹ-ը սկզբում հրաժարվում էր խոսել ֆինանսական վճարումների մասին, սակայն այսօր արդեն ՄԹ արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարում է, որ պետությունը կատարելու է իր ֆինանսական պարտավորությունները` ոչ մի լումա ավելի կամ պակաս վճարելու միտումով: Նա հայտարարել է, որ ՄԹ-ը հարգում է օրենքը եւ բաց է դրանից բխող պահանջների կատարման հարցում: Նա միաժամանակ հայտարարել է, որ համաձայն չէ ԵՄ-ի պաշտոնյաների հիշատակած գումարի չափին` նկատելով, որ պետք է խորամուխ լինել իրավական տարրերի մեջ՝ հաշվարկելու համար ԵՄ-ին վճարվելիք գումարը:
Սակայն ապահարզանի պայմանագիրը միակ խնդիրը չէ, որի շուրջ կողմերը համաձայնության չեն կարողանում հասնել: Հոկտեմբերին Եվրոպական խորհուրդը պետք է գնահատի, թե արդյոք բավարար աշխատանք տարվել է նաեւ երկու այլ հիմնահարցերի ուղղությամբ` ՄԹ-ում ԵՄ-ի քաղաքացիների իրավական կարգավիճակի հստակեցում ու իրավունքների սահմանում եւ Հյուսիսային Իռլանդիայի հետ սահմանային գոտու կազմավորում: Սակայն ոչ ոք այդքան լավատես չէ` կարծելու համար, որ մեկ ամսվա ընթացքում երեք հարցերի առնչությամբ էլ դրական տեղաշարժեր կլինեն: Ավելին` ԶԼՄ-ների հետ մասնավոր զրույցներում բանակցություններին մասնակցող ԵՄ դիվանագետները հայտնել են, որ բրիտանացիները բավականին հեռու են իրականությունից ու չեն տիրապետում գործընթացի մանրամասներին: Ըստ ԵՄ պաշտոնյաների` բրիտանացիները փորձում են փախչել իրենց համար անհաճո հարցերից` դրանք անհարկիորեն շաղկապելով միմյանց ու անորոշության մատնելով: Այդ մարտավարությունը եվրոպացիները որակում են ուշադրություն շեղող քայլերի ամբողջություն, որով փորձ է արվում ճնշում գործադրել ԵՄ-ի վրա` առաջնահերթորեն քննարկելու ՄԹ-ին հետաքրքրող հարցերը:
Այսօրինակ իրավիճակում ՄԹ-ի ներսում կրկին վեր է հառնում ԵՄ-ն լքելու հարցով նոր հանրաքվեի անցկացման հիմնախնդիրը: ՄԹ նախկին արտգործնախարար Դեյվիդ Միլիբանդը կոչ է հղել բոլոր բրիտանացի գործիչներին` համախմբվելու ու միասնաբար լուծելու ԵՄ-ն լքելու գործընթացի մարտահրավերը: Նա Բրեքզիթն անվանել է զուգահեռը չունեցող ինքնվնասման մի քայլ, որից պետք է օր առաջ հրաժարվել: Նա առաջարկել է անցկացնել երկրորդ հանրաքվեն, երբ արդեն պատրաստ կլինի ԵՄ-ի հետ ապահարզանի փաստաթուղթը` բրիտանացիներին հնարավորություն տալով ընտրել միության կազմում մնալու եւ բանակցված տարբերակով հեռանալու միջեւ: Եվ ահա այդ տեսակետի կողմնակիցները աստիճանաբար ավելանում են, թեպետ խորհրդարանում մեծաքանակ երկու կուսակցությունները` Պահպանողականն ու Լեյբորիստականը, դեռեւս խոսում են հանրաքվեի արդյունքները հարգելու մասին: Այդ պատճառով էլ տեսակետ է շրջանառվում նոր կենտրոնամետ կուսակցության ստեղծման անհրաժեշտության մասին, որտեղ կարող են հավաքվել ԵՄ-ը լքելուն դեմ արտահայտվող գործիչները:
Այդուհանդերձ, ինչպես քաղաքական յուրաքանչյուր գործընթացում, այստեղ էլ է հարկավոր հստակ առաջնորդ, որը թե՛ ունակ կլինի առաջնորդելու ձեւավորված ուժը, թե՛ վստահություն կվայելի հասարակության շրջանում: Բրիտանական ԶԼՄ-ները քննարկում են նախկին վարչապետ Թոնի Բլեյերի եւ Դեյվիդ Միլիբանդի թեկնածությունները այդ գործի համար: Սակայն եթե նախկին վարչապետը վստահության խնդիր ունի բրիտանացիների շրջանում` կապված Իրաքի պատերազմին ներքաշվելու տխուր հիշողությունների հետ, ապա նախկին արտգործնախարարն էլ տեւական ժամանակ դուրս է եղել ՄԹ-ի քաղաքական կյանքից, եւ հապճեպ վերադարձները միշտ չէ, որ հաջողվում են: Բլեյերը կարծես սկսել է աշխատել իր ռեաբիլիտացիայի ուղղությամբ` վերջին շրջանում քանիցս հանդես գալով Բրեքզիթի ուղղությամբ հրապարակային քննադատությամբ, ինչպես նաեւ հինգշաբթի օրը սպասվող բրյուսելյան այցով ու ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ հանդիպմամբ: Բրեքզիթին դեմ արտահայտվող բրիտանացի մտավորականների վերջին հույսը կարծես լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինն է, որը պետք է մի կողմ թողնի նեղ կուսակցական հետաքրքրություններն ու լուրջ ընդդիմություն դառնա վարչապետ Մեյի քաղաքականությանը: Հին գործիչների ասպարեզ վերադարձը հապճեպորեն չի կարող փոխել իրավիճակը, սակայն Մեյի բրեքզիթյան քաղաքականության դեմ հանդես եկողների համախմբումը իրական պոտենցիալ ունի կասեցնելու ՄԹ-ի համար բացասական զարգացումները:
Իրադրությունը բավականին նման է հայաստանյան իրականությանը, որտեղ բացի մի քանի ընտանիքներից՝ ուրիշ ոչ ոք չի ցանկանում Սերժ Սարգսյանի՝ անխուսափելի թվացող վարչապետությունը, սակայն դա ձախողելու համար էլ ասպարեզում ո՛չ նոր գործիչ կա, ո՛չ էլ առկա դերակատարներն են պատրաստ համախմբվել ու խանգարել Սարգսյանի ինքնանպատակ ծրագրերին:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԿՐԻԱՅԻ ՊԵՍ Է ԱՇԽԱՏՈՒՄ

Դեռեւս անցած տարվանից շարունակվում են Երեւան-Սեւան միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, չնայած տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը խոստացել էր այն ավարտել այս տարվա ամռանը: Երկու օրից ամառը կավարտվի, բայց ավտոճանապարհի հիմնանորոգումը` ոչ:

«Ժողովուրդ» թերթը տեւական ժամանակ է, ինչ բազմաթիվ քաղաքացիներից դժգոհություն է ստանում այն մասին, որ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների պատճառով իրենք ստիպված են լինում երկար ժամանակով մնալ խցանումների մեջ: Այո՛, խցանումներ` միջպետական նշանակության ավտոճանապարհին: Նշենք, որ Երեւան-Սեւան միջպետական ավտոճանապարհի` Հրազդան քաղաքին հարող կամուրջը նախագծվել եւ կառուցվել է 1960-ական թվականների վերջերին, ընդհանուր երկարությունը 29.5 մ է: Մինչեւ վերջերս կամուրջը վթարային վիճակում էր. 2016 թվականից սկսվեցին հիմնանորոգման աշխատանքներ: Ինչպես հայտնի է` կամուրջի ձախակողմյան մասի հիմնանորոգումն ավարտվել է, այժմ աշխատանքներն ընթանում են ճանապարհի աջ հատվածում: Օգոստոսի 25-ին նախարարությունը ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն տարածեց, որտեղ նշված էր, որ Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երեւան-Սեւան ուղղությամբ) եւ 64-57-րդ կմ (Սեւան-Երեւան ուղղությամբ) հատվածներում հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 28-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը երթեւեկությունը կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ըստ այդմ, երթեւեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սեւանից Երեւան եկող ուղղությամբ:
Նախարարությունը միայն պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցել է վարորդների ներողամտությունը: Սակայն ոչ մի բառ այն մասին, թե ինչու են դանդաղում հիմնանորոգման աշխատանքները: Այդ առիթով անգամ ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ հանձնարարություններ էր տվել:
Բայց արի ու տես, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը աշխատում է կրիայի դանդաղկոտությամբ: Այս նախարարությունը ղեկավարող Վահան Մարտիրոսյանը իր ողջ ուշադրությունը սեւեռել է միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին` անկարեւոր թողնելով միջպետական նշանակության ավտոճանապարհները: Այս առումով նա ոչինչ չի ձեռնարկում: Բնականաբար, «Ժողովուրդ»-ը փորձեց հենց նախարարությունից հետաքրքրվել ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների դանդաղման պատճառների մասին, սակայն պարզվեց, որ նախարարության լրատվական բաժինը աշխատում է ճիշտ նույնպես, ինչպես նախարարը: Ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին մամուլի խոսնակը այդպես էլ չպատասխանեց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ
Գրենական պիտույքների գնաճ է նկատվում Վանաձորում. արդյո՞ք կբավականացնի 25.000 դրամը նպաստառու ընտանիքների դպրոցականներին:
Գիտելիքի օրվան ընդառաջ հայկական շուկաներում սկսել է աշխուժանալ գրենական պիտույքների եւ դպրոցական համազգեստի առքն ու վաճառքը: Ըստ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» կազմակերպության հետազոտությունների՝ այս տարի գրենական պիտույքների գների աճ չի գրանցվել, փոխարենը 7 %-ով աճել են հագուստների գները: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ երեխային լիարժեք դպրոցին նախապատրաստելու համար միջինը անհրաժեշտ է 50.000 դրամ: Սակայն այս պնդումներին հակասում են դպրոցական երեխա ունեցող ծնողները՝ պնդելով, որ ամեն տարի էլ լինում է գնաճ: Օրինակ՝ 6-րդ դասարանցու մայրիկ Հեղինեն պնդում է. «Գները զգալի աճել են՝ ե՛ւ հագուստինը, ե՛ւ գրենական պիտույքներինը»: 50 հազար դրամը բավարար չէ՝ տարրական կարիքները հոգալու համար: Իսկ 3-րդ դասարանցի երեխա ունեցող Հասմիկը անգամ չի գնել երեխայի համար անհրաժեշտ իրերը, քանի որ գումար չունի: Ու այսպիսի ընտանիքներ Հայաստանի 3-րդ քաղաքում՝ Վանաձորում, շատ կան: «Ժողովուրդ»-ը պաշտոնական տվյալներից պարզեց, որ մոտավորապես 500-600 նպաստառու ընտանիքի երեխաներ այս տարի կայցելեն դպրոց: Իսկ ի՞նչ արտոնություններից կարող են նրանք օգտվել: Արդյո՞ք ՀՀ կառավարությունը որեւէ կերպ աջակցում է չքավոր ընտանիքներին՝ ապահովելու նրանց երեխաների կրթություն ստանալու իրավունքը:
Այս առթիվ «Ժողովուրդ»-ը զրուցեց սոցիալական աջակցության՝ Վանաձորի տարածքային բաժնի պետի տեղակալ Սամվել Մկրտչյանի հետ: Նրա տեղեկացմամբ՝ հաշվի առնելով սոցիալապես անապահով ընտանիքների կարիքները՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն արդեն 6-րդ տարին է՝ իրականացնում է առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության ծրագիրը, որին իրավունք ունեն դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքները, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է ուսումնական հաստատության առաջին դասարան:
«Նպաստի իրավունք ունեցող ընտանիքի անդամները, որոնց երեխաները կհաճախեն առաջին դասարան, կստանան 25.000 դրամ միանվագ օգնություն: Գումարը տրամադրվում է օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում»,-տեղեկացրեց Սամվել Մկրտչյանը: Օգնությունից օգտվելու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում տարածքային սոցիալական աջակցության գործակալություն պետք է ներկայացնի առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք:
Իհարկե, լավ է, որ 3 ամսվա ընթացքում գոնե 1 անգամ նպաստառու ընտանիքները կարող են 25 հազար դրամ ստանալ՝ երեխաների կրթական իրավունքի իրացման տարրական պայմանները հոգալու համար, սակայն ակնհայտ է, որ այն շատ քիչ գումար է եւ չի բավարարում անգամ առաջին անհրաժեշտ պարագաները գնելու համար: Իսկ թե ապագայում ինչ կլինի այդ երեխաների ճակատագիրը, դժվար է ասել:

ՄԱՐԻԱՄ ԳԱԼՈՅԱՆ
Վանաձոր




Լրահոս