ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՑԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրերի տրամադրման կարգը խիստ մտահոգել է հացի արտադրությամբ զբաղվող մանր տնտեսվարողներին: Նրանք պահանջում են, որ սանիտարական անձնագրի, հաց տեղափոխող մեքենաների կահավորման համար տրված ժամկետը երկարաձգվի:

Նշենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Իշխան Կարապետյանի կողմից այս կարգը հաստատվել է մարտի 14-ին: Ըստ այդմ, հաց-հացամթերք եւ միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալը պարտադիր կդառնա սեպտեմբերի 1-ից: Իսկ եթե տնտեսվարողները սեպտեմբերի 1-ին չունենան սանիտարական անձնագիր, ապա մինչեւ 300 հազար դրամի չափով կտուգանվեն: Մինչդեռ հացի արտադրությամբ զբաղվող մանր եւ միջին տնտեսվարողները պնդում են, որ հաց եւ հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրերի ձեռքբերման համար իրենց քիչ ժամանակ է տրվել:
«Իրենց կողմից մեծ սխալ է, որ կարճ ժամկետ են տվել մեզ: Այս տարվա մարտի 14-ին հրամանը հաստատել են, բայց սեպտեմբերի 1-ից այն պարտադիր է դարձել: Ինչ եք կարծում՝ վեց ամիսը բավարա՞ր է՝ նման փոփոխություններ անելու համար: Դա շատ կարճ ժամկետ է՝ սանիտարական անձնագիր ձեռք բերելու եւ մեքենաները կահավորելու համար: Իսկ ահա մարզերի պարագայում ժամկետը տրված է մինչեւ 2018 թվականի ապրիլի 1-ը, ինչը խելամիտ է: Նրանք կհասցնեն տեղավորվել իրենց տրված ժամանակի մեջ: Հացի արտադրության ոլորտում խոշոր արտադրողները հազիվ են կարողացել կարճ ժամանակահատվածում իրենց մեքենաները կահավորել, փորձաքննության ենթարկել եւ սանիտարական անձնագիր ձեռք բերել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց Երեւանում հացի արտադրությամբ զբաղվող Արամայիս Գեւորգյանը:
«Փորձաքննություն անցկացվում է երկու լաբորատորիայի կողմից, պետք է բավարարել նրանց սահմանած պահանջները: Մեկ մեքենայի համար փորձաքննության արժեքը 15 հազար դրամ է, բայց մեքենայի կահավորելու արժեքը ըստ չափսերի է: Իսկ մեկ մեքենայի կահավորման համար ծախսվում է մինչեւ 100 հազար դրամ: Պետք է ֆինանսական ներդրումներ անել մեքենաների կահավորման վրա, որը այս պահին չկա: Հակառակ դեպքում կդադարեցնենք հացի արտադրությունը»,- լրացրեց մեկ այլ հացարտադրող, ով հարգելի պատճառներով չցանկացավ ներկայանալ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանք համոզված նշեցին, որ այս փոփոխությունը իր անմիջական ազդեցությունը կթողնի հացի սակագնի վրա: Նրանց խոսքերով՝ հացի գինն առաջիկայում կբարձրանա մինչեւ 20 դրամով: Այս ֆոնին տեսակետ է շրջանառվում նաեւ այն մասին, որ որոշ հացարտադրողներ հնարավոր է՝ ծախսերը լրացնելու համար հացի գինը չբարձրացնեն, բայց քաշը կնվազեցնեն:
Բայց հացի ոլորտում խոշոր արտադրող համարվող «Սեւան» հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում հայտարարեց, որ հացի գնի վրա այս փոփոխությունը որեւէ անդրադարձ չի ունենա: «Դա հացի գնի հետ չի կարող որեւէ կապ ունենալ: Իմ մազերը այս գործի մեջ է սպիտակել: Հացի գնի փոփոխություն տեղի է ունենում այն ժամանակ, երբ ալյուրի գինն է կտրուկ բարձրանում: Այն էլ՝ 50 կգ պարկի դեպքում՝ ավելի քան 1000 դրամի չափով: Սա մեծ ծախս չէ, որ հացը թանկացնեն: Բայց փոքր հացարտադրողների համար դա մեծ ծախս կարող է համարվել, որովհետեւ շահութաբերությունը փոքր է: Նրանք այդքան շատ գումար չեն աշխատում: Մյուս կողմից էլ ընդունելի չէ, որ կեղտոտ մեքենայով ու արկղերով հաց առաքեն խանութներ: Դա սպառողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է»,- նկատեց Աշոտ Ավետիսյանը:
Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` բոլորվին նոր եւ արդեն կահավորված մեքենա ձեռք բերելու համար ավելի քան 6-10 մլն դրամ է հարկավոր: Ըստ դժգոհող հացարտադրողների` ՍԱՊԾ-ն նոր կահավորված մեքենա ձեռք բերելու նպատակով իրենց ուղղորդում է բանկեր` ցածր տոկոսադրույքով վարկ վերցնելու: «Ստացվում է, որ իրենց փոփոխությունների արդյունքում մեր ուսերին վարկային բեռ են ավելացնում»,- վրդովվեց հացարտադրողը Ա. Գեւորգյանը:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը դիմեց ՍԱՊԾ եւ հետաքրքրվեց` հնարավո՞ր է սանիտարական անձնագրի ձեռքբերման եւ մեքենաների կահավորման համար տրված ժամկետը երկարաձգվի: Հարցին ի պատասխան՝ ՍԱՊԾ-ից փոխանցեցին, որ այս պահին նման հարց չի քննարկվում, որովհետեւ այս պահանջը դրվել է դեռեւս 2014 թվականին: Բացի այս՝ ՍԱՊԾ-ից հայտնեցին նաեւ, որ այս տարեսկզբին սպասվող փոփոխության վերաբերյալ հացարտադրողներին համապատասխան կարգով ծանուցվել է:
Իսկ հացարտադրողներին նոր մեքենա ձեռք բերելու համար առեւտրային բանկեր ուղղորդելու վերաբերյալ ՍԱՊԾ մամլո խոսնակ Նուարդ Առաքելյանն ասաց, որ ՍԱՊԾ-ն տնտեսվարողների համար սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նպատակով բանակցություններ է վարել «Արարատբանկ»-ի եւ «ԱԳԲԱ լիզինգ» ՓԲԸ-ի հետ: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծրագիր, որը հնարավորություն կտա տնտեսվարողներին համապատասխան մասնագիտացված փոխադրամիջոցներ ձեռք բերել մատչելի պայմաններով:
Ի դեպ, դժգոհող հացարտադրողները հայտնեցին նաեւ, որ ով ցանկանում է իր ուժերով կահավորել հաց տեղափոխող մեքենան, ՍԱՊԾ-ն հրաժարվում է դրանք ընդունել եւ սանիտարական անձնագիր տրամադրել: Այսինքն՝ փորձաքննության համար հացարտադրողներին հիմնականում ուղղորդում են «Նարեկ» գիտահետազոտական ՓԲԸ, որի արժեքը կազմում է 22 հազար դրամ:
Սակայն հացարտադրողի այս դժգոհությանն ի պատասխան՝ ՍԱՊԾ-ից փոխանցեցին, որ կան տնտեսվարողներ, որոնք իրենք իրենց ուժերով են կահավորել մեքենան եւ ստացել համապատասխան սանիտարական անձնագիր:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս