Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի մշտական ուղեկիցը եղել եւ մնում է ազգային երգը: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է ինչպես ԱՄՆ-ում կայանալիք մենահամերգի, այնպես էլ կուսակցական ընկերների հետ հարաբերությունների, մեր երկրում առկա իրավիճակի մասին:
-Պարո՛ն Իսպիրյան, գիտենք, որ ԱՄՆ-ում պետք է մենահամերգով հանդես գաք: Ի՞նչ առիթով է այն եւ ինչո՞ւ ԱՄՆ-ում:
-Մենահամերգը նվիրված է իմ ստեղծագործական 30-ամյակին: Առաջին մենահամերգը կկայանա ԱՄՆ-ում, երկրորդը՝ Մոսկվայում, երրորդը՝ Փարիզում եւ չորրորդը մեծ, շքեղ ձեւով կանենք Երեւանում: Համերգի ողջ ընթացքում ինձ հետ կլինեն Աղասին եւ Արաբոն: Առաջին մեկ ժամ տասնհինգ րոպեն նրանք կլինեն, որից հետո մեկ ժամ տասնհինգ րոպեն մենք երեքով կլինենք բեմահարթակի վրա: Մենահամերգը կլինի «Սիվիք» աուդիոտորիայում, մոտավորապես 2500 հոգանոց դահլիճում, իսկ կազմակերպչական հարցերով զբաղվում է Panarmenian Media Group-ը:
-Հայտնի մարդկանցից ովքե՞ր են լինելու հրավիրյալների ցուցակում:
-Իրենց մասնակցությունը կբերեն Լոս Անջելոսի փայլուն արվեստագետները, ովքեր երգարվեստի մեջ մեծ երախտավորներ են, միշտ հնչեցրել են հայ երգը սփյուռքում: Հեղափոխական երգերի մեկնաբան Գառնիկ Սարգսյանը, որը սփյուռքում սերունդներ է դաստիարակում, մեծ դերասան Ռազմիկ Մանսուրյանը (Բուռչոն), փայլուն մենակատար Հարութ Հակոբյանը եւ երգիչ Արմեն Ալոյանը:
-Պարո՛ն Իսպիրյան, Արաբոն, բացի ազգային երգեր երգելուց, իրեն փորձում է նաեւ տարբեր ժանրերում: Ինչպե՞ս կընդունեք այն փաստը, որ նա որոշի այլեւս ազգային երգեր չերգել:
-Հայրենասիրական երգերն արդեն արմատացած են իր մեջ, իր հետ ծնվել են եւ իր հետ էլ մեռնելու են, բայց այն, որ տարբեր ժանրերի մեջ այսօր Արաբոն իրեն դրսեւորում է, մենք ենք այդպես որոշել: Արաբոն երիտասարդ է, ես եմ ասել, որ տարբեր ժանրերում երգի, դա կլինի ժողովրդական, էստրադային, թե երիտասարդական:
-Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ կենտրոնացած վիճակ է, քավորսանիկություն վիճակ է ամեն ոլորտի մեջ: Կոնկրետ Ձեր ոլորտում երաժշտասեր շատ մարդիկ նշում են, որ անորակ երաժշտությունը պատել է ողջ հեռուստատեսությունը: Գո՞հ եք այսօրվա մեր երաժշտական դաշտից:
-Եթերներին պետք է ավելի ուշադրություն դարձնել՝ տեղի տալով ազգային-ազատագրական երաժշտությանը, քանի որ ազգագրական երգը մեր հիմքն է: Պետք է ավելի տեղ տալ հայկական մաքուր էստրադային, ժողովրդական երգին, բայց որ ասեմ՝ այդպես քաոս է տիրում, այդպես չէ: Երգիչներ կան, որ իրենց աշխատանքն է դա, այդ երգելաոճով գումար են վաստակում: Մեզ պետք չէ համեմատել իրենց հետ, քանի որ մենք երգիչներ չենք, այլ ազգային երգերի քարոզիչներ ենք: Ազգը մշակույթով է կենդանի, եւ հեռուստաընկերություններում պետք է շեշտը դնել մշակույթի վրա:
-Պարո՛ն Իսպիրյան, տարիներ ի վեր սատարում եք Դաշնակցությանը, բայց դա Ձեզ չի խանգարում ընկերություն անել տարբեր կուսակցությունների անդամ գործիչների հետ: Եւ արդեն բարեկամական հարաբերություններ եք հաստատել ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի հետ: Արդյո՞ք դա էլ էր կոալիցիա:
-Ես ունեմ շատ լավ, մտերիմ հանրապետական ընկերներ, ունեմ շատ մտերիմ բարգավաճ կուսակցական ընկերներ: Բոլորի հետ էլ եղբայրություն եմ անում, քանի որ ես արվեստագետ եմ, պետք է պարտադիր շփումս պահեմ բոլորի հետ: Բայց ամեն տեղ ես փնտրում եմ իմ տեսակը, եթե հանրապետական է, հայրենասեր է, իմ տեսակն է, բարգավաճ է, հայրենասեր է, իմ տեսակն է, եթե իմ տեսակը չէ, ուրեմն վերջ, իմ տեսակը չէ: Մենք մեր ընտանիքով ծնյալ դաշնակցական ենք, նվիրված ենք Հայ հեղափոխական դաշնակցությանը, եւ մեր մի կաթիլ արյունն էլ, յոթ լիտր արյունն էլ պարտավոր ենք տալ Հայ հեղափոխական դաշնկացությանը: Իսկ Ռաֆիկ Գրիգորյանի հետ կոալիցիա կազմելուն, ասեմ, որ մինչեւ մեր խնամիական հարաբերությունները, ինքն իմ եղբայրն է եղել: Նախ՝ Ռաֆիկ Գրիգորյանը, բառիս բուն իմաստով, մարդ է, նա այն տեսակն է, որ ես միշտ փնտրել եւ գտել եմ: Իրենք ընտանիքով մաքուր մշեցիներ են: Մեր եղբայրությունն ավելի ամրապնդելու համար մեր արյունները խառնեցինք իրար:
-Պարո՛ն Իսպիրյան, գաղտնիք չէ, որ երկրում ստեղծված ծանր սոցիալական վիճակը ստիպում է մարդկանց լքել իրենց հայրենիքը: Ի՞նչ պետք է անի մեր կառավարությունը՝ արտագաղթը կանխելու համար:
-Ինչքան որ դուրս են գալիս, երեւի երկու անգամ էլ այս ամառ վերադարձան Հայաստան՝ տուրիզմի, ընտրանիքով: Քանի-քանի ընտանիքների հետ խոսել եմ, որ ասում են՝ պետք է հետ գնան, գործերը դասավորեն եւ տեղափոխվեն Հայաստան, ինչպես որ ես, 18 տարի ապրելով ԱՄՆ-ում, տեղափոխվեցի Հայաստան: Այնպես որ, ե՛ւ արտագաղթն է լինելու, ե՛ւ վերադարձը: Իհարկե, ցավով եմ ասում, որ արտագաղթը օր առաջ պետք է կասեցվի: Պետք է տեսնենք, թե տարբեր երկրներ մեկնելով՝ մեր ժողովուրդն ինչ չարչարանքներով է գումար վաստակում, այդ հանապազօրյա հացը, որ վաստակում են Եվրոպայում կամ ԱՄՆ-ում… Ռուսաստանում երեխաները համերգի ընթացքում մոտենում էին մեզ եւ խոսում ռուսերեն, ասում եմ՝ ինչի եք ռուսերեն խոսում, ասում են՝ հայերեն չգիտենք: Սա սպիտակ ջարդ է, երբ 3-4 տարվա եկածը չի կարողանում խոսել իր մայրենի լեզով: Այս ամենի մեջ իր մեծ մեղավորությունն ունի ժողովուրդը: Եթե ինչ դրսում են աշխատում, դրա 60-70 %-ը Հայաստանում աշխատեն, արդյունքի կհասնեն, ոչ թե պատերի տակ սեմչկա չրթելով՝ ասեն՝ փող չկա: Երբ մարդն իր վրա պատասխանատվություն չի զգում, կառավարությունն ի՞նչ անի: Ամեն մարդ թող իրենից սկսի, հետո նոր արտագաղթի դեմն առնեն: Ամեն ինչ բարդում ենք կառավարության վրա, հա, հասկանում ենք, որ այսօր դժվար իրավիճակ է, մի բան էլ չմոռանանք, որ Հայաստանը շրջափակված է, պատերազմը չի վերջացել:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Ի՞ՆՉ Է «ԹԱՔՑՆՈՒՄ» ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Ժողովուրդ» թերթը ՀՀ քաղաքացիների կողմից ահազանգեր էր ստացել այն մասին, որ Երեւանում առկա թանգարանների տոմսերի գները կտրուկ թանկացել են:
Բարձրացված հարցի պարզաբանման համար «Ժողովուրդ»-ը դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն:
Ստորեւ ներկայացնում ենք պատասխանը.
«Ի պատասխան Ձեր՝ 2017թ. օգոստոսի 11-ի գրությանը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ՀՀ քաղաքացիների տարբեր խմբերի համար մշակել է զեղչային համակարգ, որը կազմվել է հանրության տարբեր շերտերին մշակութային արժեքները հասանելի դարձնելու սկզբունքով եւ իր մեջ ներառում է նաեւ անվճար ծառայություններ, մասնավորապես.
թանգարանի մշտական այցելության տոմսի գինը սահմանել (անձի եւ կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ուսանողների, կենսաթոշակառուների, փախստականների համար՝ տոմսի գնի արժեքի 50 տոկոսը, մշակույթի բնագավառների մասնագիտությունների գծով ուսանողների համար՝ առավելագույնը 300 ՀՀ դրամ:
Թանգարանի մշտական ցուցադրության անվճար այցելության արտոնություններ սահմանել (անձը եւ կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում) թանգարանների միջազգային խորհրդի անդամների (ԻԿՕՄ), թանգարանային աշխատողների, պետական պաշտոնական պատվիրակությունների, երկկողմանի ծնողազուրկ երեխաների, հատուկ խնամքի եւ կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերի, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների (Հայաստանի Հանրապետության եւ նախկին ԽՍՀՄ պետությունների), հաշմանդամների 1-ին խմբի (ուղեկցողի հետ), հաշմանդամների 2-րդ եւ 3-րդ խմբերի (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուների, բազմազավակ ընտանիքների երեխաների, ժամկետային զինծառայողների, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների դպրոցական տարիքի երեխաների (նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա), լրագրողների (աշխատանքային պարտականություններ կատարելիս), նախադպրոցական տարիքի երեխաների համար՝ աշխատանքային բոլոր օրերի, ՀՀ քաղաքացիների համար՝ ամսվա վերջին շաբաթ օրը:
Զբոսաշրջության նպատակով մեծաքանակ տոմսերի վաճառքի դեպքում մշտական ցուցադրության այցելության տոմսի եւ մշտական ցուցադրության բացատրության (էքսկուրսիա) հայերեն եւ օտար լեզուներով տոմսերի գները թույլատրել նվազեցնել մինչեւ 20 տոկոսի չափով՝ նախապես զբոսաշրջային օպերատորների կամ գործակալների հետ կնքելով համապատասխան պայմանագրեր:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարության մի շարք թանգարաններ գիտահետազոտական, կրթական, հրատարակչական գործունեության, ցուցադրությունների ընդլայնման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, դաշտային աշխատանքների կազմակերպման, ֆոնդերի համալրման հանգամանքներով տոմսերի գնային արժեքները՝ նվազագույն եւ առավելագույն սահմանաչափերով»:
Հ.Գ. Պարզաբանումից ակնհայտ է դառնում, որ ՀՀ մշակույթի նախարարությունը, խուսափելով հարցի բուն էությանն անդրադառնալուց, ներկայացրել է տոմսերի գների զեղչային համակարգը: Այստեղից հարց է ծագում՝ ի՞նչ է «թաքցնում» ՀՀ մշակույթի նախարարությունը եւ ինչո՞ւ:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ