Միշտ ասում էի՝ հայ ոստիկանների կյանքին մեռնեմ, ու իրենց ձեռքով էլ սպանվեց իմ տղան. ընկերուհուն պատանդ վերցրած երիտասարդի մայրը մանրամասներ է պատմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում երիտասարդ աղջկան պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի ծնողները Հայաստան են եկել դեպքի մասին իմանալուց անմիջապես հետո: ArmLur.am-ը զրուցել է Գոռ Հակոբյանի մոր` տիկին Հասմիկի հետ, ով մեզ հետ զրույցում անդրադարձավ որդու մասին տարբեր հրապարակումներին: «Միայն մի բան գիտեմ` իմ երեխան գնաց. ինչ էլ որ խոսենք,  իրան չենք փրկի: Չարախոսները սուտ բաներ են խոսում՝ առանց հասկանալու»,- նշեց նա:

Տիկին Հասմիկը ArmLur.am-ի հետ զրույցում չթաքցրեց, որ ԱՄՆ-ում իր տղան հայտնվել է տարբեր պատմությունների մեջ, թմրանյութեր է օգտագործել, սակայն ինքը մարդասպանության համար երբեք չի դատապարտվել: «Ինքը լավ սովորող է եղել ժամանակին, հետո ընկավ վատ շրջապատի մեջ, սկսեց անկարգություններ անել:  Բայց ինքն ընդհանրապես հայերին շատ ա օգնել, մեր հայ ազգին: Ով որ նեղության մեջ ա եղել, ինքը հասել է, օգնել է, հարցերն է լուծել: Տարբեր պատմությունների մեջ է նա եղել ու միշտ ուրիշների պատճառով, նպատակն էլ օգնելն է եղել: Ինքը հանցագործ նպատակներ չի ունեցել, որ գնա, փողը վերցնի, բերի, տուն սարքի»,- նշեց նա` հավելելով, որ Գոռը բանտում է եղել այլ հանցագործության համար, ոչ թե սպանության:

Գոռ Հակոբյանի մայրը պատմեց, որ տղան ԱՄՆ-ից Հայաստան է եկել մոտ վեց ամիս առաջ, երբ նրան արտաքսել են ԱՄՆ-ի բանտից: «Երբ ինքը եկավ, մենք մեկ ամիս հետո եկանք, որ իրան շոր բերենք, տեղավորենք: Ինքն ԱՄՆ-ում քոլեջ էր գնում, այստեղ պատրաստվում էր Ամերիկյան համալսարան դիմել, շատ էր սիրում սովորել»,- հավելեց մայրը:

Նա հերքեց, թե իր տղան թմրամիջոցների առուվաճառքով է զբաղվել: «Ինքն ամեն օր ինձանից փող էր խնդրում: Ես այդպես թմրանյութերի առուվաճառքով զբաղվող առաջին անգամ եմ տեսնում, որ ինքն իր ծնողներից էր փող խնդրում: Եթե նա զբաղվեր նման գործով, ապա պետք է լիներ միլիոնատեր, բայց ինքը մինչև վերջին րոպեն ինձանից փող էր ուզել, ու ես ամբողջ ինֆորմացիան ունեմ, թե որ օրը ինչքան փող եմ ուղարկել», – հավելեց նա:

Տիկին Հասմիկը նշեց, թե այս վեց ամիսների ընթացքում Գոռն ապրել է վարձակալած բնակարանում, չնայած այլ վայրում իրենք տուն ունեն, որը հիմա շինարարության մեջ է: «Ինքը երիտասարդ տղա էր, ասում էինք` լավ, թող Կենտրոնում ապրի, ինքը բանտում է եղել, թող ուրախ տեղերում ապրի: Ինքն աշխատում էր չշփվեր շատերի հետ, ասում էր՝ ինչքան քիչ մարդկանց հետ շփվեմ, ավելի քիչ խնդիրներ կունենամ: Ինքը հոգնել էր այդ ամենից և ուզում էր ուրիշ կյանքով ապրել», – հավելեց մայրը:

Տիկին Հասմիկը նշեց, որ Գոռը պատանդառված աղջկա մասին իրենց շատ բաներ չի պատմել, միայն ասել է, թե ընկերուհի ունի: «Դե ինքը շատ էր ընկերուհիներ ունենում, միշտ փոփոխում էր, սա էլ վերջինն էր: Մենք որ գնացինք, ինքը դրանից հետո է ծանոթացել այդ աղջկա հետ: Այդ աղջկան չեմ տեսել, բայց տարբեր բաներ եմ լսել, չգիտեմ՝ մարդիկ ճիշտ են խոսում, թե ոչ: Բայց տարբեր լուրեր են տարածվել, թե ինքը ոստիկանության հետ է աշխատում, դեղերի, պատմությունների մեջ է: Էնքան աղջիկներ են եղել, իր համար մեկ էր՝ թե ով կլիներ իր կողքին», – ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գոռի մայրը:

Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ բիլիարդի խաղասրահը, որտեղ Գոռն ու այդ աղջիկը եղել են, իր և ընկերոջ բիզնեսն է եղել, սակայն լավ չի աշխատել և որևէ օգուտ չի եղել: «Դա ինչ-որ մեկին ձեռք է տվել, որ իր վրա ցեխ նետեն, ասեն՝ ինչ լավ եղավ, որ հանցագործին սպանեցին: Բայց դա իմ տղան չէր, ինչ-որ դուք տեսաք: Նա այդ մարդը չէր, նա դեղերի ազդեցության տակ էր, և այդ դեղերը Հայաստանի դեղեր էին:

Եթե ինքն ԱՄՆ-ում դեղեր ա օգտագործել, երբեք նման վիճակում չի հայտնվել: Սա Հայաստանի մեղքնա ստեղ և համոզված եմ, որ մեր Կառավարությունն իր մեղքի բաժինն ունի այդ դեպքի համար», – հավելեց տիկին Հասմիկը:

Գոռ Հակոբյանի մայրը շատ վրդովված էր ոստիկանության գործողություններից և վստահ էր, որ կարող էին այնպես կրակել, որ իր որդին չմահանար: «Ամեն տեսակի մեթոդ գոյություն ունի: Ասում էին՝ ինքն արդեն ուզում էր սպանել, եթե այդպիսի բան էր ցանկանում անել, ուրիշ բանով խփեիք, քնացնեիք, գազ փչեիք: Իրա ձեռքում դանակ էր, ոչ թե զենք, ոստիկանները կարող էին այլ միջոցների դիմեին, ե՞ս պետք է իրենց բացատրեմ, թե ինչ կարող էին անել: Փաստորեն իմ տղայի կյանքը խլեցին՝ ուրիշի կյանքը փրկելու համար: Կյանքը կյանքի դեմ, ինչ տարբերություն իրենց համար, ընդհակառակը, տղային կարող էին ուղարկել սահման, որ պաշտպանեին», – հավելեց նա:

Տիկին Հասմիկը  ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե ինքն ի սկզբանե շատ ուրախ է եղել, որ Հայաստան են եկել, այստեղ ոստիկաններն ուրիշ էին և միշտ կրկնել է` հայ ոստիկանների կյանքին մեռնեմ: Սակայն Գոռը երբեք էլ ոստիկաններին չի սիրել: «Մեր հայերն են, հո օտար չեն, բայց նրանք սպանեցին իմ էրեխուն: Փաստաբան էր պահանջում, խի չարեցին: Փաստորեն իմ երեխան յոթ տարի ԱՄՆ-ի բանտում եղավ, շատ վտանգներից ազատվեց, բայց եկավ հայի դավաճան ձեռքով մահացավ: Իմ տղան մի գանձ էր, որ գնաց այս աշխարհից: Ինքը ոտքից գլուխ սեր էր ներկայացնում, ընկերների, հայերի, աղքատների մասին մտածող: Գոռն ամբողջ կյանքում ատել է ոստիկանին, որովհետև նա գիտեր՝ ով է ոստիկանը և ինչի է ընդունակ: Այդ ես էի միամիտ, որ հավատում էի նրանց:», – նշեց մայրը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս