Օգոստոսի 31-ին խարդախությամբ գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել էր Գյումրու քաղաքապետարանի, «Հավերժ Հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Կոստիկ Ավետիսյանը
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գյումրի քաղաքի բնակչուհիներից մեկը հաղորդում է տվել այն մասին, որ հայրը մահացել է 2013թ մարտի 27-ին եւ հուղարկավորվել Գյումրու թիվ 2 գերեզմանատանը գտնվող իրենց ընտանեկան գերեզմանոցում, որտեղ ինքը վերջին անգամ այցելել է 2016թ. մայիսին: 2017թ. օգոստոսի 22-ին, այցելելով ընտանեկան գերեզմանոց, պարզել է, որ այնտեղ հուղարկավորված է մեկ այլ անձ, իսկ գերեզմանի տեղում կառուցված է նոր գերեզման:
Այս առիթով հարուցվել է քրեական գործ՝ դիակն անարգելու փաստով, ու քրեական գործի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ երկու անձ խարդախությամբ գումար են հափշտակել՝ գերեզմանոցի տեղը հատկացնելու համար, որոնցից մեկը՝ «Հավերժ Հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Կոստիկ Ավետիսյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնեց, որ Կոստիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով` խարդախություն:
-Պարո՛ն Գաբրիելյանը, մեղադրյալն արդեն վերջինս հարցաքննվե՞լ է:
-Այո՛, հարցաքննվել է:
-Ընդունո՞ւմ է նա իրեն առաջադրված մեղադրանքը:
-Մեղադրանքն առաջադրված է, բայց նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
-Օգոստոսի 31-ին նա ձեարբակալվել էր, ուստի հաշվի առնելով, որ նրան ձերբակալված պահելու 72- ժամյա ժամկետն արդենը լրացել է, ի՞նչ խափանման միջոց է ընտրվել նրա նկատմամբ:
-Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին որոշումը:
Քնար Մանուկյան