ՆԱՏՕ-ի զորավարժության շուրջ քննարկումները դեռևս շարունակվում են: Հիշեցնենք, որ Agile Spirit 2017 զորավարժության մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 3-ին, Վրաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Գիորգի Կաչարավան հայտարարել էր, որ զորավարժության մեկնարկից առաջ Հայաստանը հրաժարվել է իր մասնակցությունից:
Դրանից մեկ օր անց ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարել էր, թե Հայաստանը պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը:
Փոխնախարարի հայտարարությանը կրկին հետևեց Վրաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի ՊՆ-ն դեռ հուլիսին է հաստատել, որ մասնակցելու է Agile Spirit 2017 զորավարժությանը:
Ընդ որում, վրացական ռազմական գերատեսչությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը զորավարժության նախօրեին է հրաժարվել մասնակցությունից՝ առանց պատճառը նշելու:
Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ով նշեց, թե այս հայտարարության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա պաշտոնական պարզաբանմամբ, որտեղ կներկայացվի զորավարժությունների մասնակցությունը հաստատելու համ հերքելու ողջ գործընթացը: