Երեկ երեկոյան տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ կուսակցությունում քննարկել են ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարցեր:
«Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր հանդիպման արդյունքները, մասնավորապես, Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հետ։ Կարող ենք արձանագրել, որ այս փուլում ՀՀ-ի ու ՌԴ-ի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բոլոր ուղղություներով զարգանում են»,- ասել է նա:
Ուշադիր հետեւելով Սարգսյան-Պուտին վերջին հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություններին, իրոք, կարող ենք փաստել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:
Օրինակ` նախորդ տարվա մարտին Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը 3 անգամ է շնորհակալություն հայտնել, հունիսի հանդիպման ժամանակ` 4 անգամ: Արդեն օգոստոսին, երբ կրկին տեղի է ունեցե Պուտին-Սարգսյան հանդիպում, Ս.Սարգսյանը ՌԴ նախագահին 4 անգամ է շնորհակալություն հայտնել:
Եւ վերջապես, այս տարվա օգոստոսին նրանց հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակաությունների քանակն ավելացրել է եւս մեկով`5 անգամ շնորհակալ: Համաձայնվեք, այս վիճակագրությունն առավել քան որեւէ այլ փաստ, լավագույնս արտացոում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման դինամիկան: