Մարդիկ այժմ արտագաղթում են՝ տանելով տեղաշորերը. Կարեն Կարապետյանի կառավարման մեկ տարին. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 13-ին լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարման մեկ տարին: Կառավարության ղեկավարն այս օրերին խոստանում է իր կազմով (նախարարություններ, առընթեր մարմիններ) հաշվետվություն ներկայացնել մեկամյա գործունեության վերաբերյալ: Սակայն մինչ այդ քաղաքական ուժերն արդեն գնահատական են տալիս վարչապետի կառավարության աշխատանքին և միաժամանակ առաջարկում վարչապետի 2018 թվականի իրենց թեկնածուին:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն armtimes.com-ի հետ զրույցում վերլուծելով Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության մեկ տարվա գործունեությունը, ասում է, որ նա հերթական վարչապետն է, որը որևէ փոփոխության չի կատարում երկրի տնտեսությունում:

«Կարեն Կարապետյանին չհաջողվեց հասարակության համար շեշտակի արդյունքների հասնել: Հասարակությունը կրկին դժգոհ է երկրի սոցիալ-տնտեսական վիճակից: Սպասելիքները վարչապետից ավելին էին, իհարկե, իշխանությունները հայտարարում են, որ երկրում տնտեսական աճի միտումներ կան, բայց քանի որ հասարակությունն այդ աճը իր մաշկի վրա չի զգում, ուրեմն նրա համար բացարձակ միևնույն է, թե որտեղ է այդ աճը: Այն կլիներ աճ, եթե բարձրանային թոշակները, նպաստները, ստեղծվեին աշխատատեղեր, բայց որքան կարելի է նկատել՝ դրանցից ոչ մեկը չի իրականացվել:

Սրան զուգահեռ, ավելացել են նաև արտագաղթի տեմպերը, դրա վառ օրինակը Երևանից և Գյումրիից Ռուսաստան մեկնող ավտոբուսների մեծ քանակն է: Մարդիկ Հայաստանը չեն լքում ժամանակավորապես, այլ իրենց հետ տեղաշոր են տանում: Սա նշանակում է, որ մարդիկ Հայաստանը լքում են ընդմիշտ: Կարեն Կարապետյանին շատ գործեր չի հաջողվել իրականացնել, որովհետև սոցիալ-տնտեսական վիճակի հետ կապված փոփոխությունների հետ կապ ունի նախագահը: Կարեն Կարապետյանը որքան էլ ուզում է հայտարարի, որ Հայաստանում բոլոր ներդրողները, գործարարները կարող են ազատ գործել, պետք է ասեմ, որ այդպիսի բան չկա: Շարունակվում են մենաշնորհները, ապրանքների գները աճում են, և դրա պատճառը միայն մենաշնորհն է»,-ասում է քաղաքագետը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս