Դրվագներ հայկական և ամերիկյան քաղաքական նամակագրությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում գոյություն ունի մի ավանդույթ, ըստ որի՝ նոր նախագահի երդմնակալության օրը հեռացող նախագահը նամակ է գրում իր հաջորդին՝ այն թողնելով նախագահական աշխատանքային սեղանի դարակում։ Դա հեռացող նախագահի խորհուրդների, հուշումների ու սեփական փորձառությունը փոխանցելու ավանդույթ է, որին հայկական իրականությունում, ըստ էության, անծանոթ են։ Այդ նամակները առժամանակ գաղտնի են պահվում եւ տարիներ անց հրապարակվում՝ իբրեւ պատմագիտական սկզբնաղբյուր։ Սակայն օրեր առաջ CNN-ին հաջողվել է հայթայթել ու հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի անձնական նամակը 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին։

Պատկերացում կազմելու համար այդ նամակների նշանակության մասին՝ բավական է ասել, որ Բիլ Քլինթոնի նամակը Ջորջ Բուշ կրտսերին եւ վերջինիս նամակը Օբամային հրապարակվել են միայն այս տարվա սկզբին։ Իսկ ահա Թրամփին հասցեագրված Օբամայի նամակը գրվելուց 6-7 ամիս անց արդեն դարձել է հանրային սեփականություն։ Ի դեպ, CNN-ը պնդում է, որ Օբաման նույնիսկ իր ամենամտերիմ մարդկանց չի ցույց տվել նամակը։ Լրատվականի ծանուցմամբ՝ նամակը հանրայնացել է այն աղբյուրի շնորհիվ, որը ծանոթացել է դրա պարունակությանը Թրամփի թույլտվությամբ։ Անշուշտ, սա զարմանալի չէ՝ հաշվի առնելով Թրամփի ոչ ստանդարտ նախագահությունը, որն այդպիսին է դարձել ոչ միայն նախագահի բնույթի, այլեւ ամերիկյան ԶԼՄ-ների անդադրում միջամտությունների պատճառով: Վերջիններս էլ սկսել են համեմատություններ անցկացնել նախկին նախագահների նամակների միջեւ՝ փորձելով զանազանել նմանություններն ու տարբերությունները, ինչպես նաեւ ընթերցել նախագահների տողատակային մտքերը։ Հետաքրքիր է, որ Քլինթոնը՝ Բուշին, վերջինս Օբամային ուղղված նամակներում նախըտրել են մտերիմ-անձնական ոճը՝ միմյանց դիմելով անուններով։ Երկու նամակներն էլ հակիրճ են՝ հիմնականում խրախուսական բնույթի։

Հեռացող նախագահները նորընտիրներին հուշել են նախագահի պաշտոնի կարեւորության մասին՝ կոչ անելով դժվարին աշխատանքը կատարել ամենայն պատասխանատվությամբ ու ոգեւորությամբ։ Բուշը անգամ հայտնել է, որ նախագահության օրերին լինելու են դաժան ակնթարթներ, երբ կատաղի քննադատության պայմաններում նախագահի «ընկերները» կարող են հիասթափեցնել։ Բուշը հիշեցրել է, որ նախագահի կողքին է ողջ ժողովուրդը, որի վրա նա կարող է հենվել ցանկացած դժվարին պահի։
Հակառակ նախորդ նախագահների՝ Օբամայի նամակը շատ ավելի երկար է ու հագեցած։ Նախ նա Թրամփին դիմում է «պարոն նախագահ» արտահայտությամբ՝ ցուցադրելով միմյանց միջեւ անձնական հարաբերությունների հստակ բացակայությունը։ Միաժամանակ Օբաման պահպանում է իր քաղաքավարությունը՝ կրկին հիշեցնելով, որ անկախ կուսակցական տարբերություններից՝ բոլոր ամերիկացիների հույսը մեկտեղվել է՝ Թրամփի նախագահությունից միմիայն հաջողության ակնկալիքով։ Նա արձանագրել է, որ նախագահի աշխատանքը յուրահատուկ է, եւ գրեթե յուրաքանչյուր խնդիր տարբերվում է իր յուրօրինակությամբ, ուստի հազիվ թե ինչ-որ կոնկրետ խորհրդի կարիք կա։

Դրա փոխարեն Օբաման ցանկացել է Թրամփին ծանոթացնել 8 տարիների արդյունքում ձեւավորված իր ընկալումներին։ 44-րդ նախագահը գրում է, որ ԱՄՆ նախագահ ընտրվելը բացառիկ հաջողություն է, որն առաջին հերթին պատասխանատվություն է։ Ըստ Օբամայի՝ նախագահի անձից է հաջողության այն հարթակների կառուցումը, որով պիտի իրենց բարեկեցությունն ապահովեն ամերիկացի յուրաքանչյուր երեխա եւ ընտանիք։ Երկրորդ հերթին Օբաման շեշտել է ԱՄՆ-ի համաշխարհային առաջատարությունը։ Դա որակելով անփոխարինելի՝ նախկին նախագահը պնդել է, որ նախագահի գործունեությամբ ու մատուցած օրինակով է ամրապնդվում Սառը պատերազմի ավարտից հետո ձեւավորված աշխարհակարգը, որից կախված է նաեւ ԱՄՆ-ի հարստությունն ու անվտանգությունը։ Երրորդ կետով Օբաման հիշեցրել է նախագահության անցողիկությունն ու ժամանակավորությունը՝ նախագահին վերագրելով ժողովրդավարական ինստիտուտների ու սովորույթների պահապանի դեր։ Թերեւս ճանաչելով Թրամփի խառնվածքը՝ Օբաման կարիք է զգացել անուն առ անուն հիշատակելու ժողովրդավարության հիմնադրույթները՝ իրավունքի եւ օրենքի գերակայություն, իշխանության տարանջատում, հավասարություն եւ քաղաքացիական ազատություններ, որոնց պահպանման պատասխանատվությունը նա դնում է նախագահի ուսերին։ Նա շեշտել է, որ անկախ ակնթարթային քաղաքական շահերից՝ նախագահը պարտավոր է պահպանել ժողովրդավարական այդ գործիքների ուժը առնվազն այնպես, ինչպես ժառանգություն է ստացել։

Հայաստանի նախագահները նման հետաքրքիր ավանդույթ չեն ձեւավորել, ինչը թերեւս պատճառաբանվում է նրանով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական էր տվել եւ չգիտեր, թե ով է լինելու իր հաջորդը, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ գիր-գրականության հետ առանձնապես սեր չուներ։ Սակայն 2015թ. Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը փոխանակվեցին հրապարակային նամակներով։ Մի նամակ էլ Տեր-Պետրոսյանը Սարգսյանին գրել էր 2016թ․ ապրիլյան պատերազմի օրերին։ Հայաստանի քաղաքական կյանքում էպիստոլյար ժանրի կիրառությանը դիմել են նաեւ այլ գործիչներ, որոնցից հիշարժան է Վազգեն Սարգսյանի նամակը Կարեն Դեիրճյանին 1999թ., որով սկիզբ դրվեց «Միասնություն» դաշինքի ձեւավորմանը։ Հայտնի է Վանո Սիրադեղյանի՝ Վազգեն Սարգսյանին ուղղված նամակը, որտեղ մարգարեական կանխատեսումներ էին արվում հայաստանյան քաղաքական կյանքի զարգացման շուրջ։ Հիշատակելի է նաեւ կրկին Վազգեն Սարգսյանին ուղղված Սամվել Բաբայանի նամակը, որը միտված էր այնժամ նրանց միջեւ լարված հարաբերությունների մեղմմանը։ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո հրապարակվեց Սամվել Բաբայանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված մի նամակ, որտեղ հեղինակը հանգամանորեն իր մտքերն էր հայտնում Արցախի պաշտպանական համակարգերի վերազինման հարցերի մասին։ Կասկած չկա, որ այսքանով հայկական քաղաքական նամակները չեն վերջանում, եւ մնում է հուսալ, որ տիրապետողները կհանեն դրանք գզրոցներից՝ մեծ ծառայություն մատուցելով ինչպես պատմագրությանը, այնպես էլ ներկայիս հայ հասարակությանը։

Ն.Հովսեփյան




Լրահոս