Գյումրիի նախկին քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ հարուցված քրեական գործից անցել է 5 ամիս, սակայն մինչ օրս որեւէ մեկը չի հայտնվել մեղադրյալի աթոռին:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իրավապահ համակարգը այս գործով մի քանի տասնյակ անձանց է հրավիրել հարցաքննության, սակայն ձեւական կողմն ապահովելու համար:
Առավել եւս, երբ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, միջադեպի մասնակիցներն էլ փորձում են այնպիսի ցուցմունքներ տալ, որ Սպարտակը հերթական անգամ ջրից չոր դուրս գա, եւ կարճ ժամանակ անց գործը փակվի:
Մինչ այդ, հիշեցնենք, մայիսին Ս. Ղուկասյանը մտել էր իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան եւ ծեծի ենթարկել աշխատակիցներին։ Ղուկասյանի կողմից ծեծի ենթարկվողների մեջ եղել է նաեւ մի երիտասարդ, որի քեռին «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանն է: