Սահմանագոտում աշխատատեղեր են կրճատվում. աշխատողները փորձառու, իրենց գործի մեջ հմտացած մասնագետներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը գրավոր ծանուցում է ուղարկել այդ ՊՈԱԿ-ի «Տավուշ» մասնաճյուղի Նոյեմբերյան քաղաքում աշխատողներին:

Ծանուցման մեջ Ա. Վանյանը, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 115-րդ հոդվածի 1-ին մասը, տեղեկացրել է, որ նշված կենտրոնի «Տավուշ» մասնաճյուղում «աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պլանավորված՝ տեղի է ունենալու աշխատողների թվաքանակի եւ հաստիքների կրճատում: Վերոհիշյալ հանգամանքով եւ այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայությամբ պայմանավորված»՝ 2017թ. հոկտեմբերի 20-ին լուծվելու է աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:

Նման «գույժ» ստացել են «Տավուշ» մասնաճյուղի՝ Նոյեմբերյան քաղաքում աշխատող 13 անձանցից 11-ը, ծանուցագիր չեն ստացել միայն Նոյեմբերյանի «Սանէպիդկայանի» բժիշկ-մանրէաբանը եւ վարորդը: Կրճատվող աշխատողները փորձառու, իրենց գործի մեջ հմտացած մասնագետներ են, նրանց մեծ մասը իրենց ընտանիքների միակ աշխատողն է, այդ կանայք սոցիալական ոչ բարվոք վիճակում են: Նրանք բանկերից, վարկային կազմակերպություններից վարկեր են վերցրել՝ վստահ լինելով, որ իրենց աշխատավարձով դրանք մարելու են: Աշխատատեղը կորցնելուց հետո նրանք վարկերը մարելու գործում խնդիրներ են ունենալու:

Նշենք, որ նախկինում կրճատվել են «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ «Տավուշ» մասնաճյուղի Դիլիջանի քաղաքի աշխատակիցները, սահմանամերձ Բերդ քաղաքի աշխատակիցները, Նոյեմբերյան քաղաքի աշխատակիցների նման առաջիկա կրճատումների մասին օգոստոսին են ծանուցվել: Վերջին տարիներին Տավուշի մարզի սահմանամերձ տարածաշրջանների հիմնարկությունների աշխատողների շատ կրճատումներ են եղել: Գանձապետական բաժանմունքները, տարածքային հարկային տեսչությունները, անշարժ գույքի կադաստրի մասնաճյուղերը, «Հայփոստի» տեղական բաժանմունքները կորցրել են իրենց կարգավիճակը, այդ հիմնարկություններում մի քանի աշխատող է մնացել:
Հավելենք, որ 2016թ. աշնանը Նոյեմբերյան քաղաքը եւ սահմանամերձ 8 գյուղեր միավորվեցին, ու համայնքի խոշորացման հետեւանքով սահմանամերձ գյուղապետարաններում ընդհանուր թվով 52 աշխատող կրճատվեց: Այս տարվա նոյեմբերի 5-ին Բերդի տարածաշրջանի 17 համայնքները կմիավորվեն, խոշորացված Բերդ համայնքի ձեւավորումով սահմանամերձ գյուղերում շատ աշխատատեղեր կկրճատվեն: Իսկ աշխատատեղերի կրճատումը խթանում է սահմանագոտուց արտագաղթը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս