Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման այս ողջ ընթացքում իշխանական լծակները ծառայեցրեց երկու նպատակի. հնարավորինս ամայացնել քաղաքական դաշտը` այդպես ապահովելով իր հետագա իշխանավարման հարցը եւ կուտակել անծայրածիր հարստություն: Ու այսօր պետք է արձանագրենք, որ նա երկու հարցում էլ հասել է հաջողության (թեկուզ եւ ժամանակավոր):
Այս տարիներին Սերժ Սարգսյանի կուտակած ունեցվածքի մասին շատ է խոսվել. ժամանակին ռուսական մամուլն այն գնահատել էր ավելի քան 1 մլրդ դոլար:
Իսկ քաղաքական դաշտը փոշիացնելու եւ սեփական իշխանության վերարտադրության խնդիրը նա կարողացավ վերջնականապես լուծել 2015թ. սահմանադրական փոփոխությունների ու խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքում: Ինչպես հայտնի է՝ սահմանադրական փոփոխություններն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո իշխանությունը կկենտրոնացվի վարչապետի ձեռքում: Ասել է, թե 2018թ. ապրիլից, երբ ավարտվեն գործող նախագահի լիազորությունները, երկրի իրական ղեկավարը լինելու է վարչապետը:
Եւ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ավարտից հետո ծրագրել է ստանձնել հենց այդ աթոռը, առավել եւս, երբ վարչապետի թեկնածու առաջադրելու բացառիկ իրավունքը տրված է խորհրդարանական մեծամասնությանը, տվյալ դեպքում` ՀՀԿ-ին: Ու հազիվ թե որեւէ մեկը կարողանա խանգարել այս ծրագրերի իրագործմանը. հասարակությունը, որ պետք է դառնար հիմնական ըմբոստացողը, կարծես համակերպվել է ստեղծված իրավիճակին՝ օր օրի օտարվելով պետությունից (այլապես ԱԺ ընտրություններում 10 հազարական դրամի դիմաց չէր քվեարկի իշխող կուսակցության թեկնածուների օգտին): Իսկ քաղաքական կուսակցությունների գոյությունը մի տեսակ ինքնանպատակ բնույթ է կրում, հատկապես, երբ քաղաքական դաշտն աղճատված է առավել, քան երբեւէ ու չի տարբերվում` ո՞վ է ընդդիմադիրը, ո՞վ կեղծ ընդդիմադիրը, ո՞վ իշխանության սպասարկուն:
Այնպես որ, այս ընթացքում Սերժ Սարգսյանին ոչինչ չի խանգարի իրագործել իր նպատակը: Ճիշտ է՝ այս ընթացքում ինքն անձամբ ուղիղ տեքստով չի բարձրաձայնել վարչապետ դառնալու մտադրությունների մասին: Բայց հրապարակային հայտարարություններում Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամ շատ հստակ, թափանցիկ հասկացրել է, որ մտադիր չէ հեռանալ իշխանությունից, այլ շարունակելու է իր ձեռքում պահել ազդեցության ողջ լծակները:
Հիշեցնենք` խորհրդարանական ընտրություններից առաջ՝ այս տարվա փետրվարին, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո վարչապետն ավելի լայն լիազորություններ ու հնարավորություններ կունենա, քան հիմա ունի նախագահը. «Հանրապետության վարչապետի լիազորություններն ու հնարավորությունները ազգային անվտանգության եւ պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում վերապահված է այսօրվա նախագահին՝ գերագույն գլխավոր հրամանատարին։ Նպատակը հետեւյալն է. մեկտեղ կենտրոնացնել պատասխանատվությունը եւ լիազորությունները»,- ասել էր նա: Իսկ մարտին արդեն Արցախում ավելի «մանրամասն» էր խոսել այդ թեմայով. «Ինձ անընդհատ հարցնում են՝ ի՞նչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում, իրոք, երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով` ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ՝ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որեւէ ձեւաչափով օգտակար կլինեմ»:
Ու վերջապես, հյուրընկալվելով «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի եթերում, նա ասել էր. «Ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը, եւ նույնկերպ հիմա եմ շարունակում մտածել։ Դեռեւս հսկայական ժամանակ կա։ Իսկ ի՞նչ էական է դա, արդյո՞ք էական է, էական չէ, չէ՞…Մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին»:
Սրանից պարզ ակնարկներ, թերեւս, դժվար է պատկերացնել: Բայց, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Սերժ Սարգսյանն իր ապագա պլանների մասին աշխատում է չբարձրաձայնել: Ավելին՝ ամեն անգամ կուսակիցների` նման հարցերին նա անորոշ պատասխաններ է տալիս, թե «դրա ժամանակը չէ», «այդ մասին մտածելու եւ որոշում կայացնելու ժամանակ շատ կա», «ինչո՞ւ եք շտապում» եւ այսպես շարունակ: Միաժամանակ, մեր աղբյուրների պնդմամբ, Սերժ Սարգսյանն իրենց ապագայով անհանգստացած թիմակիցներին խորհուրդ է տվել սպասել մինչեւ ապրիլ՝ նշելով, որ հիմնական փոփոխություններն այդ ժամանակ կարվեն: Կարճ ասած, իշխանական ճամբարում սպասողական վիճակ է: Բայց դե, նույն իշխանական ճամբարում բոլորը համոզված են, որ խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետը հենց Ս. Սարգսյանն է լինելու:
Ինչ վերաբերում է գործող վարչապետ Կարեն Կարապետյանին, ապա «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ նրան վերապահված է լինելու առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ տնտեսական ուղղվածությամբ: Մեր աղբյուրները նշեցին, թե ապրիլին ՀՀԿ ԳՄ նիստում արդեն որոշում կկայացվի հայտարարություն անել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին առաջադրելու մասին /մանավանդ ինքը հայտարարել էր, թե միշտ հայտնվել է այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի է լինելու/՝ իբր թե հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտությունը, երկրի անվտանգության խնդիրը։ Իսկ Կարեն Կարապետյանին կվերապահվի առաջին փոխվարչապետի պաշտոնը, որպեսզի համակարգի տնտեսությունը: Նշենք, որ նոր Սահմանադրությամբ ՀՀ-ն կարող է ունենալ երեք փոխվարչապետ, եւ ըստ ծրագրված սցենարի՝ մյուս երկու փոխվարչապետների պաշտոնները տրվելու են ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ