Վանաձորի փողոցների խայտառակ անմխիթար վիճակի մասին շատ է խոսվել: «Ժողովուրդ»-ի հարցմանը վանաձորցի վարորդների պատասխանները գրեթե չէին տարբերվում. «Ճամփաները շատ վատն են, քաղաքի կենտրոնում դեռ քշել լինում է, իսկ ծայրամասերում առանց մեքենա վնասելու՝ անհնար է»:
Ու վերջապես խնդիրը հասել է նաեւ բարձրագույն իշխանություններին: Սերժ Սարգսյանի հանձնարարականով կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 300 մլն դրամ է հատկացվելու` Վանաձորի ավտոճանապարհները վերանորոգելու համար: Այս գումարով նախատեսվում է վերանորոգել Վանաձորի 15-ից ավելի փողոցներ՝ Վարդանանց, Զորավար Անդրանիկի, Երեւանյան խճուղի, Հալաբյան, Աղայան, Ուսանողական, Շինարարների, Մյասնիկյան, Նժդեհի, Շիրակացու, Թումանյան, Ներսիսյան, Զորյան, Տավրոսի 6, Դեմիրճյան եւ Լոռու հրապարակից մինչեւ Նարեկացի փողոց ընկած փողոցները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը նշեց, որ դեռ հայտնի չէ, թե որ կազմակերպությունն է իրականացնելու վերանորոգման աշխատանքները: «Կիրականացվի մրցույթ՝ աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը որոշելու համար: Իսկ ճանապարհների վերանորոգման աշխատանքների ընթացքին եւ որակին հետեւելու է Լոռու մարզպետարանը»: Խոսելով որակի մասին՝ Արմեն Ջանազյանը նշեց որ ասֆալտի հաստությունը լինելու է 4 սմ, որը վանաձորցիներին կծառայի 2-3 տարի:
Ուշագրավն այն է, որ ճանապարհների փոսալցման եւ վերանորոգման աշխատանքները նախատեսվում է սկսել սեպտեմբերի 15-ին: Այսինքն՝ ճիշտ այն օրերից, երբ Վանաձորում սկսվում են անձրեւները: Իսկ թե երբ կավարտվեն վերանորոգման աշխատանքները, եւ իրականում ինչ որակի ասֆալտ կլինի, ցույց կտա ժամանակը:
Մարիամ Գալոյան
Վանաձոր