Ահազանգ Վանաձորում. թափառող կենդանիները վտանգ են ներկայացնում անցորդների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում վերջին շրջանում նկատվում է թափառող կենդանիների թվի աճ: Բնակիչներն ահազանգում են, որ թափառող կենդանիները ոչ միան շատացել են, այլ նաեւ անարգել շրջում են քաղաքում՝ վտանգ ներկայացնելով անցորդների համար:
«Ժողովուրդ»-ի հետ զրուցելիս՝ Վանաձորի Դիմաց թաղամասի բնակչուհի Լուսինե Հարությունյանը բողոքում է. «Մեր շենքից աղբանոց երկու քայլ է, բայց շները շատ են ու ագրեսիվ են: Հենց շքամուտքից դուրս ենք գալիս, ոհմակով մեր վրա են հարձակվում: Եթե ցերեկն են մեր վրա հարձակվում, բա երեկոյան ի՞նչ կանեն»:
Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնից տեղեկացրին, որ տարեսկզբին մեծ թվով թափառող կենդանիներ են ոչնչացվել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի առաջատար մասնագետ Միշա Ազարյանը նշեց. «Ցերեկվա ժամերին մենք հաշվառում ենք՝ որտեղ կան կենդանիներ, հաղորդում ենք համապատասխան կազմակերպությանը, նրանք էլ արդեն քայլեր են ձեռնարկում՝ կենդանիներին վնասազերծելու համար: Բազմամարդ վայրերում ոչ մի որսորդ իրավունք չունի կրակելու: Այդ իսկ պատճառով վնասազերծումն իրականացվում է գիշերային ժամերին: Յուրաքանչյուր թափառող կենդանի վնասազերծելու համար համայնքապետարանը բյուջեով նախատեսել է 2000 դրամ»:
Թափառող կենդանիներից զատ քաղաքի կենտրոնում, հատկապես կանաչապատ գոտիներում, պարբերաբար նկատվում են խոշոր եղջերավոր անասուններ, որոնք արածում են: Միշա Ազարյանի խոսքով՝ անասնապահները նախնական բանավոր զգուշացրել են, որ երկրորդ անգամ կրկնվելու դեպքում կկիրառեն համապատասխան տուգանքներ:

Նշենք, որ Վանաձորում անասնապահությամբ զբաղվում են շուրջ հարյուր ընտանիք: Քաղաքապետարանում այս տարվա հունվարի մեկի դրությամբ հաշվառված է ավելի քան 1700 խոշոր եղջերավոր անասուն: Ցավոք, անասնապահության համար Վանաձոր համայնքը չունի արոտավայրեր:
Չնայած քաղաքապետարանի համապատասխան բաժնի պնդումերին՝ փաստն այն է, որ թափառող կենդանիները հատկապես երեկոյան ժամերին դառնում են խիստ վտանգավոր: Այս իրավիճակը պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի, հակառակ դեպքում կարող են կրկնվել շների հարձակման դեպքերը, որոնք, հավանաբար, արդեն մոռացվել են:

Մարիամ Գալոյան
Վանաձոր




Լրահոս