«Ժողովուրդ»-ը իր ընթերցողներին է ներկայացնում զրույցների նոր շարք` «Աստղերի առաջին սերերը» խորագրով: Հանրության կողմից ճանաչում վայելող անձինք կվերհիշեն իրենց սիրո պատմությունները, կանդրադառնան ուշագրավ, շատերին անհայտ դրվագների: Նրանք մեզ համար կբացահայտեն նաեւ գաղտնիքներ, կխոսեն այնպիսի թեմաներից, որոնց մասին նախկինում, գուցե, լռում էին: Մեր առաջին զրուցակիցը երգչուհի Ջուսն է:
Նա նախ պատմեց իր հրապույրների մասին. «Առաջին անգամ սիրահարվել եմ մանկապարտեզում, երբ ընդամենը չորս տարեկան էի: Այդ կապուտաչյա տղայի անունը Սերյոժա էր: Բայց ինձ համար ցավալին այն էր, որ նա սիրում էր ուրիշ աղջկա, որն, ի դեպ, այնքան էլ գեղեցիկ չէր (ծիծաղում է): Մի անգամ ես Սերյոժային նվիրեցի իր հավանած գնդակներից, նա, իսկապես, շատ ուրախացավ, հետո տարավ ու դրանք նվիրեց այդ աղջկան: Այդ ժամանակ վերջնականապես հիասթափվեցի նրանից: Ինքը, սակայն, այդպես էլ չիմացավ իմ ապրումների մասին»:
Ջուսը նշեց, որ ավելի ուշ` դպրոցական տարիքում, հրապուրված է եղել իր զուգահեռ դասարանից մի տղայով եւ հանուն նրա փոխել է դասարանը. «Ցավոք, այդ տղան եւս սիրահարված էր ուրիշին, եւ հիշում եմ, որ ինձ ասում էր «նեգրի ճուտ» (ծիծաղում է): Նա հիմա արդեն ամուսնացած է, ունի երեխաներ»:
Իսկ երբ երգչուհին ուսանել է Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում, սիրահարված է եղել մի կիթառահարի, որի հետ նույնիսկ երկու տարի ընկերություն է արել. «Այդ անգամ, սակայն, ես հրապուրվեցի ուրիշ մեկով եւ նրան պարզ ասացի այդ մասին ու հեռացա»,-անկեղծացավ Ջուսը:
Իսկ ինչ վերաբերում է ավելի լուրջ հարաբերություններին, ապա երգչուհին խոստովանեց, որ իր մտքից չի կարողանում ջնջել ռուս ռոք երաժիշտ, երգահան Վյաչեսլավ Մոլչանովի հետ 5 տարի տեւած սիրավեպը. «Մենք, իսկապես, շատ էինք սիրում միմյանց: Իսկ բաժանության պատճառ դարձավ դավաճանությունը: Երբ ես տեւական ժամանակով մեկնեցի տարբեր երկրներ՝ հյուրախաղերի, վերադարձա ու զգացի, որ նա ինձ դավաճանել է: Այդ մասին երազումս էլ էի տեսել, ու, փաստորեն, երազս իրականություն դարձավ: Անմիջապես թողեցի նրան: Ես այդպիսին եմ. հիասթափվելու դեպքում միանգամից հեռանում եմ: Բայց ասեմ, որ մինչեւ օրս էլ շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք, եւ ընկերական շփումը մեր միջեւ պահպանվել է»,-եզրափակեց Ջուսը:
Աննա Բաբաջանյան