«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր ՀՀ ԱԺ-ում գործող բարեկամական խմբերին եւ նշել, որ ԱԺ նոր ղեկավարությունն ավելացրել է դրանց թիվը՝ այն դարձնելով 59-ի: Սակայն ուշագրավն այն է, որ այդ բարեկամական խմբերի կազմում չկա Հայաստան-Ռուսաստան բարեկամական խումբ, բայց դա այն դեպքում, երբ կան բարեկամական խմբեր այնպիսի երկրների հետ, որոնց տեղը քարտեզում թերեւս շատերը չգիտեն:
Մեկնաբանությունների համար դիմեցինք ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին: Ի պատասխան՝ նա նշեց, թե փոխարենն առկա է միջխորհրդարանական հանձնաժողով, ինչն ավելի բարձր է:
Նկատենք, սակայն, որ բացի ՌԴ-ից՝ այդպիսի հանձնաժողովներ են առկա Արցախի, Բելառուսի եւ Կիպրոսի հետ: Փաստորեն ՀՀ ԱԺ-ն առավել կարեւոր է համարում միայն այս չորս երկրների հետ համագործակցությունը: Թերեւս այստեղ տարակուսելի է Բելառուսի առկայությունը, որը թեեւ ԵԱՏՄ-ի կազմում մեր գործընկերն է, սակայն մշտապես կանգնել է Ադրբեջանի կողքին: