Իշխանությունները մտադիր են առաջիկայում փոփոխություններ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում, որն, ի դեպ, համարվում է Սահմանադրական օրենք: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հիմա լծվել է այդ գործին:
Ի սկզբանե պարզ էր, որ նախորդ խորհրդարանի կողմից ընդունված ԸՕ-ն ժամանակավոր բնույթ ունի. գրվել է իրավիճակից ելնելով՝ մեկ անգամյա օգտագործման համար: ԸՕ նախագծի վերաբերյալ բանակցությունների ժամանակ իշխանություններն ու ընդդիմությունը հիմնականում կենտրոնացան ընտրական գործընթացները վերահսկելու մեխանիզմներ ամրագրելու հարցերի վրա: Իսկ խորհրդարան կառավարման համակարգի պարագայում Ազգային ժողովի ձեւավորման կարգի, մասնավորապես տարածքային (ռեյտինգային) ցուցակներով ընտրություններ անցկացնելու դրույթները լուրջ քննություն չանցան:
Բայց սա միանգամայն այլ պատճառով. իշխանությունները, ի դեմս ԸՕ համահեղինակ Դավիթ Հարությունյանի, համաձայնել էին ընդդիմության հետ բանակցություններում քննարկման առարկա դարձնել բոլոր հարցերը, պատրաստակամություն էին հայտնել փոխզիջումների գնալ բոլոր դրույթների շուրջ՝ բացառությամբ ռեյտինգային ընտրակարգից: Պատճառը պարզ էր. իշխող ՀՀԿ-ն, իր առաջ փակելով բացահայտ ընտրակեղծիքների դռները, ներդրեց ռեյտինգային ընտրակարգի մեխանիզմը, որպեսզի հնարավորություն ունենար, այնուամենայնիվ, բացարձակ մեծամասնություն ձեւավորել:
Բայց արդեն խորհրդարանական նախընտրական քարոզարշավի թոհուբոհում նոր ԸՕ-ն ի ցույց դրեց իր թերությունները, երբ ընդհարվեցին նույն ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված ռեյտինգային թեկնածուներն ու իրենց կողմնակիցները:
Դրանից հետո արդեն ՀՀԿ-ական պատգամավորները, որ կողմ էին քվեարկել ԸՕ-ին` ատամներով պաշտպանելով իշխանությունների ներկայացրած յուրաքանչյուր դրույթ, կուսակցության ներսում դժգոհել էին ընտրակարգից, նույնիսկ Դավիթ Հարությունյանին մեղադրել էին ինքնագլուխ նման օրենքներ գրելու, այդպես կուսակցության ներսում լարումներ մտցնելու մեջ՝ առանց հաշվի առնելու հայաստանյան իրողությունները:
Հիմա, սակայն, իշխանությունները, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հայտնվել են մեկ այլ խնդրի առաջ. ԸՕ համաձայն՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորը եթե վայր դնի մանդատը, նրա փոխարեն խորհրդարան պետք է գա հաջորդ՝ առավել շատ ձայներ ստացած թեկնածուն:
Բայց այս դեպքում կարող է անհարմար իրավիճակ ստացվել. պատգամավորի մանդատ կարող են ստանալ ձեւական առաջադրվածները, որոնք քիչ ձայներ են ստացել, ասել է, թե պատգամավոր դառնան մարդիկ, որոնք այնքան էլ ՀՀԿ սրտով չլինեն: Մինչդեռ նախկինում, եթե հիշում եք, մեծամասնական ընտրակարգով պատգամավորի՝ մանդատը վայր դնելու դեպքում այդ ընտրատարածքում անցկացվում էին նոր ընտրություններ, եւ իշխանությունները կարողանում էին առաջ տանել իրենց թեկնածուներին:
Բացի այդ՝ կա նաեւ մեկ այլ իրողություն. հիշում եք, հավանաբար, ինչ կատարվեց «Ծառուկյան» դաշինքում, երբ թեկնածուների մի մասի անունից ԿԸՀ մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացվել, հետո այդ թեկնածուները ետ վերցրին դիմումները, հետո մի քանիսն արդեն ԱԺ-ում վայր դրեցին պատգամավորական լիազորությունները եւ այսպես շարունակ:
Այնպես որ, իշխանական կուլիսներում որոշվել է փոխել ընտրական օրենսգիրքը եւ դրույթ սահմանել, ըստ որի՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորի՝ մանդատը վայր դնելու դեպքում թափուր տեղը լրացվի համամասնական ընտրացուցակից: Ընդ որում, այդ փոփոխությունները պետք է ազդեն հենց այս խորհրդարանի վրա, հետեւաբար, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանական վերնախավում որոշում է կայացվել ԸՕ-ն փոխել հնարավորինս արագ՝ մինչեւ տարեվերջ: Միայն թե այս հարցում կան որոշակի խնդիրներ.
պատգամավորական մանդատը նման կարգով բաշխելու դեպքում չի բացառվում, որ որոշակի հակասություններ առաջանան ՀՀ Սահմանադրության հետ: Ուստի հիմա Դավիթ Հարությունյանը փորձում է ելքեր գտնել, որպեսզի իրենց մտադրություններն իրականություն դարձնեն օրինական ճանապարհով:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ