Պաշտոնյաները «Շիրակ» օդանավակայանի գույքը մեջ-մեջ են արել. ինչ է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս այս տարվա հուլիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել էր, որ «Շիրակ» օդանավակայանից անհետացել էին 6 մետաղյա բաշխիչ արկղ: Արդյունքում, պաշտոնեական դիրքն օգտագործելու եւ յուրացում կատարելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Նախնական քննության տվյալներով՝ պարզվել էր, որ «Շիրակ» օդանավակայանի համար 2016թ. հունիսի 24-ին ԱՁ-ից հաշիվ-ապրանքագրով ձեռք է բերվել 6 մետաղյա բաշխիչ արկղ, որոնք օդանավակայանի պաշտոնատար անձինք պետք է տեղադրած լինեին թռիչքուղում: Սակայն չէին տեղադրվել եւ շահագործման չէին հանձնվել:

Ավելին՝ քննիչները բացահայտել էին, որ 2015թ. դեկտեմբերի 11-ին օդանավակայանի համար գնվել էին նաեւ 14 խոնավաչափ եւ 15 ջերմաչափ, սակայն ըստ էության պաշտոնատար անձինք դա եւս որոշել են մեջ-մեջ անել:

Արդյունքում, հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի` յուրացնել եւ վատնել, եւ 314-րդ հոդվածի` պաշտոնեական կեղծիք հատկանիշներով:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնեց. «ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել են մի շարք դատավարական այլ գործողություններ, նշանակվել է դատաապրանքագիտական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել:

«Զվարթնոց» ԱՕԿ ՓԲ ընկերությունից գրությամբ պահանջվել է ընթացիկ տարվա ընթացքում ընկերության կողմից ձեռք բերված ջերմաչափերի, խոնավաչափերի եւ բաշխիչ արկղերի քանակի, արժեքի եւ բաշխման վերաբերյալ տեղեկատվություն եւ դրանց համապատասխան փաստաթղթերը /պահեստի մուտք ու ելք, դուրսգրում եւ բաշխում/, որոնք դեռեւս չեն ստացվել»:

Քնար Մանուկյան




Լրահոս