Ինչ է տեղի ունեցել Ջրառատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ, նույն համայնքի ավագանու անդամ Աննա Մանուկյանը: Նրա պատմելով՝ իր հնգամյա թոռնուհուն` Աննա Գրիգորյանին, ով հաճախում է դպրոցի նախակրթարան, դպրոցի ուսմասվարը` Գոհար Մնացականյանը, կոպիտ է վերաբերվել:

Տատիկի պատմելով՝ իր թոռնուհին լաց է եղել ու պառկել հատակին եւ սկսել է ոտքերով հարվածել գետնին, իսկ Գ. Մնացականյանը օգնելու փոխարեն վատ է վերաբերվել: «Այդ ժամանակ մայրը դպրոցի միջանցքում սպասելիս է եղել: Իսկ ուսմասվարը դռները բացել է ու երեխային շպրտել մոր ոտքերի տակ: Ես արդեն երկու օր է, ինչ պատերազմների մեջ եմ իրենց հետ: Երեխան լացել է, ինքը պետք է այդ հարցին մոտենար որպես մանկավարժ-հոգեբան: Ուղղակի ինքը չի իմացել, թե ում երեխան է եղել, թե չէ վստահ եմ, որ չէր անի»,- վրդովված նկատեց Աննա Մանուկյանը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերը զրուցեց նաեւ դպրոցի ուսմասվար Գոհար Մնացականյանի հետ, ով խոստացավ, որ իրականությունը կներկայացնի «առանց գունավորելու»: «Այս երեխան միանգամից ընկավ գետնին ու ոտքերով խփում էր գետնին, դա դեռ բավարար չէր, գլխով էր խփում: Ուսուցչուհին չէր կարողանում հանգստացներ:

Ես մոտեցա, որ գրկեի, կախվեց շորերիցս, մազերս էր պոկում: Անկեղծ ասած` վախեցանք: Ես երեխային չեմ խփել, հակառակը` փորձել եմ օգնել: Երեխայի ձեռքերից բռնեցի, որ կանգնեցնեմ, ինքը ոտքերը օդի մեջ թափ էր տալիս, ձեռքերից բռնած՝ հանեցի, նրա մայրը դռան մոտ կանգնած էր: Երեխան այդ պահին սկսեց ոտքերը օդի մեջ թափ տալ, չէր կանգնում գետնին ու երբ իջեցրի, նա սկսեց կրկին ոտքերով խփել գետնին: Իսկ նրա ծնողն էլ ասում է, թե հանեցիք, շպրտեցիք: Ում ուզում եք՝ հավատացեք, սա է իրականությունը»,- ներկայացրեց դպրոցի ուսմասվար Գոհար Մնացականյանը:

Իսկ Ջրառատ գյուղի դպրոցի տնօրեն Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով այս խնդրին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ արդեն երկու օր է, ինչ երկու կողմերի հետ քննարկում է անցկացնում: «Ես երկուսի հետ էլ զրուցել եմ: Ուսմասվարը չի խփել երեխային, վստահեցնում եմ Ձեզ: Նման բան չկա»,- փոխանցեց տնօրենը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս