Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուի կինը՝ Սարա Նեթանյահուն, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել՝ պետական միջոցները անհարկիորեն վատնելու համար։ Հրապարակված տեղեկությունները այն մասին, որ վարչապետի տիկինը սեփական հաճույքների համար ծախսել է պետական փողերը, թվում են բավականին հիմնավոր եւ հավանաբար լուրջ գլխացավանքի կվերածվեն առաջին հերթին Իսրայելի ղեկավարի համար։ Իսկ Հայաստանում առաջին տիկինը կոռուպցիոն սկանդալների մեջ չի հայտնվում՝ այդ «պատիվը» թողնելով իր ամուսնուն։
Իսրայելական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Սառա Նեթանյահուի վատնած միջոցների ընդհանուր գումարը կազմում է 110 հազար ամերիկյան դոլլար։ Պարզվում է, որ վարչապետի տիկինը հանրային ֆոնդերը օգտագործել է իր համար ճոխ ընթրիքներ կազմակերպելու եւ մասնավոր խոհարարներ վարձելու վրա։ Պետական արարողակարգային հանդիպումների պարագայում, բնական է, հանրային միջոցները կարող են օգտագործվել, սակայն վարչապետի կինը իր մասնավոր ու անձնական զվարճանքների համար նույնպես պետական միջոցներով վարձել է խոհարարների, որպեսզի նրանք պատրաստեն երեկոների ընթրիքը։
Այդ նպատակի համար գումարները պահանջվել են վարչապետի նստավայրից՝ ներկայացնելով իբրեւ պաշտոնական արարողակարգի մաս։ Վարչապետի եւ նրա տիկնոջ նախկին մտերիմներից մեկը հրապարակավ արդեն իսկ խոստովանել է, որ տիկինը մեկ անգամ չէ, որ հայտարարագրել է հյուրերի՝ իրականությանը չհամապատասխանող ավելի մեծ թիվ, որպեսզի հատկացվող գումարը ավելի մեծ լինի՝ թանկ սնունդ պատվիրելու համար։
Սառան Բ․ Նեթանյահուի երրորդ կինն է եւ ակնհայտորեն չի տարբերում պետականի ու մասնավորի սահմանները։ Երբ Երուսաղեմում վարչապետի պաշտոնական տան համար պետական միջոցներով կահույք էր գնվել, առաջին տիկնոջ պահանջով այն տեղափոխվել էր անձնական բնակարան։ Իսրայելում իշխանությունների թույլ տված շռայլությունների ու կառավարման ցածր որակի դեմ պայքարող մի շարք գործիչներ համոզված են, որ նոր բացահայտումները իրենց երկար սպասեցնել չեն տալու։
Կարծիք կա, որ Նեթանյահուի անվան շուրջ պտտվող կոռուպցիոն սկանդալները հավասարապես վերաբերում են նաեւ նրա կնոջը։ Ըստ Էլիադ Շրագայի, որը Իսրայելում որակյալ կառավարման շարժման իրավական հարցերի համակարգողն է ու վատ կառավարման ամենախիստ քննադատներից մեկը այդ երկրում, կարծում է, որ Սառա Նեթանյահուի վարքը միշտ էլ նույնն է եղել, պարզապես հասարակության ուշադրությունից վրիպել է ամուսնու ճչուն գործողությունների պատճառով։
Տպավորություն է, որ տիկինը չի կարողանում ընկալել, որ ինքը ընդամենը վարչապետի կինն է եւ պետք է բավականին համեստ պահի իրեն։
Այսքան ժամանակ Սառա Նեթանյահուի շվայտ կյանքը մեծ ուշադրության չէր արժանանում այն պատճառով, որ նրա վարչապետ ամուսնու անունն էր հայտնվում իսրայելական ԶԼՄ-ների ամենօրյա քննարկման կիզակետում։ Մի շարք գործերով այսօր անգամ հետաքննություն է գնում, որի շրջանակներում Իսրայելի վարչապետը հանդես է գալիս մեղադրյալի կարգավիճակում։
Գործերից մեկում Բենջամին Նեթանյահուն մեղադրվում է գիտակցված կերպով ապօրինաբար իսրայելցի մեծահարուստներից թանկարժեք նվերներ (այդ թվում՝ սիգարներ ու շամպայն) ընդունելու համար։ Նախատեսվում է, որ Իսրայելի ոստիկանությունն իր գնահատականը այդ կապակցությամբ պիտի ներկայացնի դեկտեմբերին։
Մեկ այլ գործով վարչապետը մեղադրվում է իսրայելական տեղական օրաթերթերից մեկի հետ գաղտնի համաձայնության գալու մեջ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Նեթանյահուն այդ թերթում իր մասին դրական հոդվածներ տպագրելու դիմաց շարունակաբար արհեստական խոչընդոտներ է ստեղծում մրցակից մեկ այլ թերթի համար։ Բայց ամենածանր մեղադրանքը վերաբերում է գերմանական ընկերություններից մեկի հետ ռազմական պայմանագրի կնքմանը, որով իսրայելական նավատորմի համար հատուկ տեխնիկայի ձեռքբերում է նախատեսվում։
Ըստ մամուլի հրապարակումների՝ վարչապետը քանիցս միջամտել է պայմանագրի կնքմանը՝ ի շահ իր մտերիմների ու ծառայեցրել պաշտոնեական դիրքը անձնական շահերի համար։ Թեպետ նա հետեւողականորեն հերքում է իր մասնակցությունը, սակայն փաստերը կարծես հակառակն են վկայում՝ ցույց տալով նրա մերձավորների գերշահագրգռվածությունը այդ հարցում։
Հայաստանում առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հայտնի չէ կոռուպցիոն սկանդալներով կամ էլ պետական միջոցները վատնելու մասին պատմություններով։ Մինչդեռ հայտնի է պաշտոններ բաժանելու տգեղ սովորությամբ։
Ի դեպ, մամուլում քանիցս գրվել է նրա անձնական շահագրգռվածության մասին Արա Բաբլոյանի, Հերմինե Նաղդալյանի եւ այլոց պաշտոնեական առաջխաղացումներում։ Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիոն գործողություններին, ենթադրելի է , որ առաջին տիկինը հազիվ թե կարիք ունենա անձամբ դրանց մասնակցելու։ Քանի որ Սերժ Սարգսյանը իր ողջ գիտակցական կյանքում զբաղեցրել է պետական պաշտոններ եւ օրենքով իրավունք չուներ այլ, առավել եւս ապօրինի աղբյուրներից ֆինանսական եկամուտներ ստանալ, բնական է, որ առաջին տիկինն էլ իրեն թույլ չէր կարող տալ նման շքեղություններ։
Իսրայելի հետ ամեն առիթով համեմատվել փորձող հայկական սնապարծ ղեկավարությունը այս առումով կարող է լիովին հպարտանալ, քանզի իսրայելցիների՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդի ապօրինի քայլերի պատճառով անգամ այդ երկրի իրավապահներն են գործեր հարուցում, մինչդեռ Հայաստանում իշխանության բռնազավթման պայմաններում նման շորշոփ չկա անգամ։ Ըստ էության, ողջ պետական համակարգը անվերապահորեն ենթակա է Սերժ Սարգսյանի անձնական կամքին, եւ որեւէ ոստիկան կամ քննիչ գլխից ձեռք չի քաշել՝ հետաքննելու նրա անվան շուրջ պտտվող ամենատարբեր տեղեկությունները, ինչպես օրինակ՝ նրա ունեցվածքը մերկացնող ռուսական մամուլի հրապարակումները։
Ն. Հովսեփյան