Այսօր «Հայ կանանց ճակատ»-ի համակարգող Սյուզան Սիմոնյանը հայտարարություն տարածեց, որ մահափորձ է իրականացվել «Հայ կանանց ճակատ»-ի անդամ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ:
ArmLur.am-ը կապ հաստատեց Սիմոնյանի հետ` մանրամասները պարզելու համար:
-Տիկին Սիմոնյան, առավել մանրամասն կներկայացնե՞ք, թե ինչի մասին է խոսքը:
-Երեկ դատարանի դիմաց Հասմիկը կանգնեցրել էր մեքենան, լսել է, որ ազդանշանը միացավ: Մոտեցել է, տեսել, որ անիվի մոտ է թարթում, բայց ոչինչ չի կասկածել: Մտածել է, որ գուցե ինչ որ մեկը անցել է և կպել անիվին: Վարելու ընթացքում զգում է, որ ինչ որ բան այն չէ: Կանգնեցնում է մեքենան, դուրս է գալիս, մեքենայի հետևի մասից ձայն է լսվում: Տեսնում է` բիզ է խրված անիվի մեջ: Մեքենան տանում են տեխսպասարկման կենտրոն, մասնագետն ասում է, որ այն հենց այնպես, ինքն իրեն չի կարող խրվել անիվի մեջ: Այն բավական հաստ մոտ 6-7 սմ բիզ է: Մարդը չի կարող այն վերցնել և ուղղակի խրել անիվի մեջ: Այն պետք է ինչ որ գործիքով խրվի: Ընդ որում բզի գլխիկը օրգանական ապակուց էր:
Մասնագետն ասել է, որ քանի որ մեքենան քաղաքի մեջ դանդաղ է գնացել և շուտ է իմացել, անդառնալի ոչինչ տեղի չի ունեցել, որովհետև եթե արագություն զարգացներ, մեքենան կարող էր շուռ գալ:
Ես գտնում եմ, որ մեր կանանց վտանգ է սպառնում և դիմում եմ լրատվականներին, որ տարածեն այս լուրը, տեսնենք ոստիկանությունից ինչ պատաախան կլինի և նաև իրավապաշտպաններին, ինչպես նաև կանանց պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպությունների ուշադրությունն եմ հրավիրում: Սա կնոջ նկատմամբ մահափորձ է:
-Ինչո՞ւ են թիրախավորել տիկին Հասմիկի մեքենան:
Որովհետև «Հայ կանանց ճակատ»-ից միայն Հասմիկն է մեքենայով: Նրանք «Հայ կանանց ճակատ»-ին են թիրախավորել, որովհետև Վարդգես Գասպարիի կողքին ենք կանգնած, մասնակցում ենք ակցիաներին: Թիրախում են հայտնվել «Հայ կանանց ճակատ»-ի կանայք, որոնք ոսկորի նման կանգնած են իրենց կոկորդին:
Դիմե՞լ եք իրավապահ մարմիններին:
Մենք չենք դիմել իրավապահ մարմիններին: Ես հայտարարությունն ուղարկել եմ լրատվական միջոցներին: Ես այդ հաղորդագրությամբ նաև իրավապաշտպանների աջակցությունն եմ խնդրում: Երեկ, ովքեր էին այնտեղ կանգնած, եթե ոչ ոստիկանները և ցուցարարները: Ի՞նչ է ցուցարարներն են արել:
Բնականաբար, ոչ: Արել են նրանք, ովքեր ցանկացել են պատժել կանանց: Այդ քանակով ոսստիկանություն այնտեղ ներկա՞ լինի և նման բան կատարվի՞: