Երկու օրից՝ սեպտեմբերի 11-ին, լրանում է Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության մեկ տարին: Կարապետյանի վարկանիշը բարձր է, նրա հանդեպ հանրային ընկալումը դրական է, բայց կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ Հայաստանի տնտեսության՝ այդպես էլ լուրջ դրական տեղաշարժ չգրանցվեց: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության մեկ տարին է լրանում: Ինչպե՞ս կգնահատեք նոր կառավարության գործունեությունը:
-Ինձ համար նշանակություն չունի Կարեն Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի, թե Տիգրան Սարգսյանի կառավարություն, միայն մեկ բան գիտեմ, որ անձերը փոխելով՝ այս կառավարության ոճը, ձեւը տրամաբանությունը չի փոխվել: Մեկը մյուսի շարունակությունն է, նույն գաղափարախոսներն են, նույն խնդիրներն են դրված իրենց առջեւ, բայց զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումները չեն փոխվում: ՀՀ-ի վարչապետների անձը փոխելով՝ մեր երկրում հարց չի լուծվի: Կարծում եմ, որ վերջին տարիների ընթացքում պաշտոնական վիճակագրությունը հայտնում է` գործազրկությունը, աղքատությունը մնացել է նույնը, իսկ արտագաղթը` շարունակվում է:
-Վերջերս տնտեսական բլոկի նախարարներից մեկը հայտարարեց, որ տնտեսական աննախադեպ աճ է գրանցվել, այնպիսի աճ, որ անգամ քաղաքացին է իր մաշկի վրա է զգում…
-Ամենայն հավանականությամբ, իրենց շրջապատի մարդկանց մոտ եղել է այդ փոփոխությունը, որը շատ բնական է այս համակարգի պայմաններում: Բայց երբ ուսումնասիրում ենք պաշտոնական վիճակագրությունը, աննախադեպ աճի պայմաններում ընդամենը 189 աշխատատեղ է ստեղծվել, թոշակները, կենսաթոշակները եւ բյուջետային աշխատավարձերը չեն բարձրացել: Հիմա որտե՞ղ է այդ աննախադեպ աճը, ո՞ր քաղաքացու գրպանում է դա զգացվել, որ գնանք, այդ մարդուն հարցնենք: Բայց այդպիսի մարդիկ շատ քիչ են: Անգամ պարենային ապահովության եւ աղքատության վերջին զեկույցում նշված էր, որ քաղաքացիների եկամուտների ավելացում տեղի չի ունեցել, հակառակը` բեւեռացումը շարունակվում է: Այսինքն՝ ավելի փոքր քանակությամբ մարդկանց մոտ եկամուտների գերկուտակում է առաջացել:
-Պարո՛ն Խաչատրյան, բոլորը խոսում են ներդրումների մասին, բայց ոչ պակաս կարեւոր են այլ ոլորտներում վարչապետի տված խոստումները: Դրանք որքանո՞վ են իրականացվել: Օրինակ` արտահանման, արդյունաբերության առումով ինչպիսի՞ն է վիճակը:
-Բայց եթե հանքարդյունաբերությունն է զարգանում, եւ ինտենսիվ եղանակով ավելացվում է հանքերի շահագործումը` անխնա ընդերքից հանքանյութ հանելով, ապա ես հանքարդյունաբերության աճ որպես այդպիսին չեմ տեսնում: Ընդհակառակը, ես այս ամենից անհանգստանում եմ եւ դրա մեջ խնդիրներ եմ տեսնում, որովհետեւ պարզ է, որ այդ ամեն ինչը տեղի է ունենում ի հաշիվ մեզ` բնապահպանական լուրջ խնդիրներ ստեղծելով: Դա եթե ներկայացվում է որպես հաջողություն, որպես ձեռքբերում, ապա ինձ համար այդպես չէ: Էներգետիկայի զարգացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի աճով, որին եւ նպաստել են ձմռան ցուրտ ամիսները: Այսինքն՝ մենք ոգեւորվե՞նք, որ ձմեռը ցուրտ է եղել, իսկ էլեկտրաէներգիան շատ է արտադրվել, ու մեր գրպանի պարունակությունը դատարկվել է: Կամ արտահանման մեջ կեղծիքների՞ դիմենք ու մեր երկրում չարտադրված ապրանքը, այլ երկրից ներկրվող եւ վերարտահանվող ապրանքը ներկայացնենք, որ մե՞ նք ենք արտահանել, ու արտահանման տեմպերը աճել են:
-Պարո՛ն Խաչատրյան, Կարեն Կարապետյանի ուսերի վրա էր դրված իշխանությունների դեմքը՝ պարզելու, ընտրություններին ՀՀԿ-ի նոր կերպարով հանդես գալու դերը: Որքանո՞վ հաջողվեց այդ ծրագիրը:
-Շատ արագ պարզվեց, որ նժդեհականությունը դարձել է էներգետիկ համակարգի գլխավոր գաղափարախոսությունը, եւ առանց դրա իրենք չեն կարողանում պլյուս մինուսը կամ ֆազն ու նոլը իրարից տարբերել: Նժդեհականությունը իրենց այդ հնարավորությունը տվեց, եւ այդ պատճառով դարձան նժդեհական: Բայց իրականում որակազրկվեց նժդեհականության գաղափարն անգամ, որովհետեւ այդ մարդրիկ տեղյակ էլ չեն եղել, որ դարձել են այդ կուսակցության անդամ:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը