«Մուխուրթուրյան». հատուկ կարևորության ջրատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ 100 կիլոմետրանոց «Մուխուրթուրյան» կոչված ջրատարի կարեւորությունը Սիսիանի ու Գորիսի տարածաշրջանների համար դժվար է գերագնահատել: Այո, այստեղ այլ աղբյուրներ ու ջրագծեր էլ կան, սակայն հասանելիք ջրի մեծ մասը սպառողներն այնուամենայնիվ ստանում են դրանով: «Մուխուրթուրյան»
աղբյուրից վայրկյանում ստացվում է մոտ 260 լիտր ջուր, իսկ «Զույգաղբյուրի» բաժինն էլ, որ գալիս-միանում է «Մուխուրթուրյան» ջրատարին, 70 լիտր է: Թվով 11 գյուղ ու Գորիս քաղաքի մեծ մասը դրա հույսին են:

Ամեն մի վթար այստեղ ցավով է արձագանքվում, քանզի հազարավոր սպառողներ մնում են անջուր, մինչդեռ վթարներից պարզապես հնարավոր չէ խուսափել: Թեկուզ այն պատճառով, որ խոսքը բարձր ճնշման մայրուղային ջրատարի մասին է, որտեղ ջրի ճնշումը մոտ 40 մթնոլորտ է: Եղանակային պայմաններ, տեխնիկական խնդիրներ, ճնշման տատանումներ. իրավիճակի ամեն մի փոփոխություն կարող է վթարի հանգեցնել:

Ելքը մեկն է. մշտապես ուշադրության կենտրոնում պահել ջրատարի շահագործումը, իսկ վթարներին արձագանքել անմիջապես: Այդպես էլ վարվում են ընկերության «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության մասնագետները:

Այսպես, օրեր առաջ վթարվել էր «Մուխուրթուրյան» ջրատարից սկիզբ առնող «Աշոտավան- Հացավան» ջրագիծը: Ահազանգի հետքերով կազմակերպված վթարաորոնողական աշխատանքների արդյունքում պարզվեց, որ ջրատարի 14-15- րդ կիլոմետրի վրա վթարվել էր 160 մմ տրամագիծ ունեցող պոլիէթիլենե խողովակը: Դրա միացման հանգույցները անջատվել էին միմյանցից: «Սիսիան» տեղամասի մասնագետները անմիջապես գործի անցան: Խողովակի վթարված հատվածն արագորեն վերականգնվեց եռակցման միջոցով:

Արդյունքում նաեւ տնտեսվեց վայրկյանում 2 լիտր ջուր, որն էլ ուղղվեց Աշոտավան, Հացավան բնակավայրերի ջրամատակարարման բարելավմանը:

Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն




Լրահոս