ՇԱՏ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՅՍՕՐ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ ՉԻ ՀՆՉԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը: Հայաստանի մի շարք դպրոցներում կհնչի առաջին զանգը, կթեւածի տոնական բարձր տրամադրությունը: Շատերը հուզմունքից կարտասվեն՝ առաջին անգամ ոտք դնելով դպրոց: Բայց այդ տրամադրությունն ամենուր չի լինի: Հայաստանյան մարզերի մի շարք բնակավայրերում այս տարի եւս չկան առաջին դասարան հաճախող երեխաներ, իսկ ընդհանրապես շատ դպրոցներում աշակերտների ընդհանուր թիվը չի գերացանցում 5-10 հոգին: Այնպես որ, հատկապես մի շարք գյուղերում սեպտեմբերի 1-ը կլինի առօրյայից ոչնչով չտաբերվող օր: Պատկերը, համաձայնեք, ողբերգական է, եւ դա առաջին հերթին արտագաղթի հետեւանքն է: Չնայած, ըստ պաշտոնական տվյալների, ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2017թ. դպրոց այցելող առաջին դասարանցիների թիվը 40 հազար է:
Հ.Գ. Շնորհավորում ենք բոլոր առաջին դասարանցիներին՝ Գիտելիքի օրվա առիթով՝ ցանկանալով գիտակցված կրթություն ստանալու անսպառ եռանդ:

 

 
Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում է Հայաստանում 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր ապահովել, որից միայն 830-850 մլն դոլարն այս տարի, պաշտոնական վիճակագրությունը միանգամայն այլ պատկեր է բացահայտել: «Ժողովուրդ»-ը ԱՎԾ-ից պարզեց, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում իրականացվել է 17 մլրդ 267,7 մլն դրամի (մոտ 35.9 մլն դոլարի) ուղղակի ներդրում, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել էին 18 մլրդ 456 մլն դրամ (38,4 մլն դոլար): Ասել է, թե այս ընթացքում ներդրումները ավելանալու փոխարեն նվազել են 1 մլրդ 188 մլն դրամով կամ 2.4 մլն դոլարով: Բայց սա դեռ ամենը չէ: Այս կես տարվա ընթացքում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր երկրներից ոչ միայն նոր ներդրումներ չեն արվել, այլ ընդհակառակը՝ շարունակվել է կապիտալի արտահոսքը, օրինակ՝ միայն ՌԴ-ն 12.2 մլրդ դրամի կապիտալ է հանել Հայաստանից:

 

 

 
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենը թեեւ տեղ է գտել ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում, սակայն այս տարվա առաջին կիսամյակում 150.3 մլն դրամով նվազեցրել է պետական բյուջե կատարած հարկային վճարումները: Եթե այս տարվա եռամսյակում մետրոպոլիտենը պետական բյուջե կատարել է 330 մլն 120 հազար դրամի չափով հարկային վճարում, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 480 մլն 427 հազար դրամ: Այստեղ, սակայն, տարօրինակ է փաստը. մետրոպոլիտենի հարկային վճարումները նվազել են այն դեպքում, երբ մետրոյից օգտվող ուղեւորների թիվը ավելացել է: Նույն ԱՎԾ տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մետրոյից օգտվող ուղեւորների թիվը 1.5 տոկոսով ավելացել է: Ու անհասկանալի է, թե ինչու է մետրոպոլիտենը նվազեցրել հարկերը: Մնում է ենթադրել, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկը պարզապես թաքցրել է եկամուտները:

 

 

 
Չնայած փրկարարներին մի քանի օր շարունակ չէր հաջողվում հանգցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհը, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, թե իրենք մինչեւ հրդեհը այնտեղ կանխարգելիչ գործողություններ են իրականացրել այն օրերին, երբ Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ էր հայտարարված: «Ճանապարհներ են, ջրատար ուղիներ են, բայց խնդիրն այն է, որ Խոսրովը արգելոց է, եւ այնտեղ էկո-համակարգի վրա ազդեցությունը խիստ սահմանափակ է»,- ասել է նախարարը: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչպես կգնահատի իր աշխատանքը ԱԻ նախարարի պաշտոնում, Դավիթ Տոնոյանը պատասխանել է. «Դեռեւս ոչ բավարար»:

 

 

 
ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ԳԵՐԶԳԱՅՈՒՆՆԵՐ
Ըստ ավանդության, անտիկ աշխարհի երեւելիներից մեկը՝ փիլիսոփա Դիոգենեսը, օրը ցերեկով վառվող լապտերը ձեռքին՝ շրջում էր Աթենքի փողոցներում: Եւ երբ անցորդները հետաքրքրվում էին, թե որն է տարօրինակ վարմունքի պատճառը, փիլիսոփան պատասխանում էր. «Մարդ եմ փնտրում, մա՛րդ»:
Այս պատմությունը հիշեցինք տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ երեկվա հայտարարություններից հետո, երբ ասել էր, թե քաղաքացիներն իրենց մաշկի վրա սկսել են զգալ կառավարության գրանցած աննախադեպ տնտեսական աճը. «Մեր կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայությունը: Երբեւէ տեսե՞լ եք, որ նման տիպի արդյունաբերության, արտահանման աճ լինի, դա է խոսում, որ տնտեսությունը զարգացել է: Ու քաղաքացին դա զգում է իր մաշկի վրա, քանի որ ստեղծվել են նոր աշխատատեղեր, զարգանում է զբոսաշրջությունը»:
Այո՛, այո՛, ճիշտ հասկացաք՝ Հայաստանի տնտեսությունը կրկին սկսել է վագրի թռիչքներով զարգանալ, եւ մարդիկ այդ ամենը զգում են իրենց մաշկի վրա: Ու հիմա կարելի է Դիոգենեսի նման վառվող լապտերով շրջել Հայաստանի բնակավայրերով եւ որոնել իրենց մաշկի վրա այդ աներեւակայելի հաճույքը գեթ մի պահ զգացած մարդկանց: Կամ կարելի է Հայաստանում «փնտրտուքի միամսյակ» հայտարարել ու այդպես որոնել երջանիկներին: Շատ ավելի լավ կլիներ, եթե Կարայանը ձեռքի հետ մեկ-երկու հասցե մատնանշեր: Ամեն դեպքում, հետաքրքիր է տեսնել նման մարդկանց:
Խոսքն, իհարկե, չի վերաբերում իշխանավորներին կամ նրանց մերձավոր հարազատներին: Նրանք այսպես, թե այնպես իրենց մաշկի վրա դրական փոփոխությունները զգում են՝ ոչ թե տնտեսական աճին, այլ իրենց բարեկամների պաշտոնական առաջխաղացմանը զուգահեռ:
Քիչ էր մնում՝ մոռանայինք. տնտեսական նման աճ գրանցող երկրում զարմանալի զուգադիպությամբ շարունակվում է արտագաղթը, այն էլ՝ ահռելի չափերով, նվազում է ծնելիությունը, այսինքն՝ ժողովրդագրական վիճակն իրոք ողբերգական է: Տնտեսական նման աճ գրանցող երկրում զարմանալի զուգադիպությամբ նվազում են օտարերկրյա ներդրումները, մեծ տեմպերով աճում է պետական պարտքը եւ այսպես շարունակ: Բայց սա արդեն կարեւոր չէ: Հետո՞ ինչ, որ տնտեսական աննախադեպ աճին զուգահեռ նման պատկեր է: Կարեւորը ամպագոռգոռ հայտարարություններն են, պաթոսը, էյֆորիան ու, վերջապես, «ծանր թեմաներով» հարցերից խուսանավելը, ինչպես երեկ արել է Կարայանը. «Ես ճիշտ չեմ համարի մեկնաբանելը, թե 2012-2016 թթ ընթացքում որքանով է կրճատվել բնակչության թիվը, այլ կոչ կանեմ անդրադառնալ նրան, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է նա:
Այնպես որ, ուռա՛, ընկերնե՛ր, ուռա՛. այսքան ուրախ կյանքը մեզ ընկեր ՀՀԿ-ն է տվել:




Լրահոս