ԽՈՍՏԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՉԿԱՆ ՈՒ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պինոկիոյի արկածները» հեքիաթին շատերն են ծանոթ. հիշո՞ւմ եք՝ ամեն անգամ, երբ նա սուտ էր խոսում, քիթը երկարում էր: Հավանաբար այդ հեքիաթի մասին գիտեն նաեւ Հայաստանի իշխանությունները՝ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա կառավարությունը, ԱԺ-ում խորհրդարանական մեծամասնությունը: Ու ամեն անգամ հեռուստատեսությամբ այդ պատմության հիման վրա նկարահանված մուլտֆիլմը հանդիպելիս իրենց սրտի խորքում նրանք հավանաբար ուրախ են, որ հեքիաթներն իրականություն չեն կարող դառնալ, այլապես իրենք վաղուց, շատ վաղուց անճանաչելիորեն փոխված կլինեին մի շատ պարզ պատճառով. այս տարիներին իշխանությունների շուրթերից ստերի եւ կեղծ խոստումների պակաս երբեւէ չի զգացվել:

Վերցնենք, օրինակ, վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի խոստումը առաջիկա տարիներին Հայաստանում 3.2 մլրդ դոլարի ներդրումներ ապահովելու մասին: «Մենք այսօր ունենք հաստատված 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, հստակ գրված է, թե ֆինանսական աղբյուրն ով է, եւ արդյունքում ինչ ենք ունենալու, որքան աշխատատեղեր են լինելու։ Դրանից 830-850 մլն դոլարը նախատեսված է ներդնել 2017թ.-ին։ Այսօր կառավարությունում քննարկվում են նաեւ 5,3 մլրդ դոլարի ծրագրեր, որոնք տրամաբանական են, որպես բիզնես կարող են աշխատել, հավելյալ արժեք ստեղծել, աշխատատեղեր»,- հայտարարել էր Կարեն Կարապետյանն ու նույն միտքը տարբեր ձեւակերպումներով կրկնել հետագայում: Ավելի ուշ՝ արդեն հուլիսին, Սերժ Սարգսյանը «Ռ-էվոլյուցիա» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով 3 միլիարդ դոլարի ներդրում ներգրավելու ՀՀ կառավարության խոստմանը, ասել էր. «Ես կարծում եմ՝ կարեւորը միտումն է եւ այն ընթացքն է, որ մենք այսօր ունենք: Ընթացքը դրական է: Դե լավ, եթե 10 մլն պակաս լինի, կամ 10 մլն ավելի լինի՞… Ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում: Ես տեսնում եմ ներդրումների ավելացման հնարավորություններ՝ էական չափով ավելացման: Ինձ համար մեծ նշանակություն ունի պրոցեսը, իսկ պրոցեսները դրական են ընթանում»:
Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք կառավարությանը հաջողվում է ապահովել խոստացված ցուցանիշները, կամ գոնե դրանց մի մասը, կամ գոնե, Սերժ Սարգսյանի խոսքերով ասած, «դրական պրոցեսներ» իսկապես ընթանո՞ւմ են: Բնականաբար, ո՛չ: Դեռ ավելին՝ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները, 2016թ. համեմատ, նույնիսկ նվազել են:
Եւ այսպես, ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում իրականացվել է 17 մլրդ 267,7 մլն դրամի (մոտ 35.9 մլն դոլարի) ուղղակի ներդրում, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել էին 18 մլրդ 456 մլն դրամ (38,4 մլն դոլար): Ասել է, թե այս ընթացքում ներդրումները նվազել են 1 մլրդ 188 մլն դրամով կամ 2.4 մլն դոլարով:
Հատկանշական է փաստը, որ այս կես տարվա ընթացքում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերներ երկրներից ոչ միայն նոր ներդրումներ չեն արվել, այլ ընդհակառակը՝ շարունակվել է կապիտալի արտահոսքը: Այդպես է վարվել ՌԴ-ն, որը 12.2 մլրդ դրամ է հանել Հայաստանից, նույնկերպ վարվել է Ֆրանսիան՝ տանելով 7.6 մլն դրամ, Լիբանանը՝ տանելով 12.6 մլրդ դրամ: Մյուս կողմից իրենց ներդրումները նվազեցրել են Միացյալ Թագավորությունները՝ 12.6 մլրդ դրամով, Արգենտինան՝ 1.4 մլրդ դրամով, հարեւան Իրանը՝ 24,6 մլն դրամով: Միակ խոշոր ներդրումը, որ իրականացվել է այս ընթացքում, եղել է օֆշորային Ջերսի կղզուց, այն էլ՝ «հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության» ոլորտում. 31.6 մլրդ դրամի չափով: Դա էլ, բնականաբար, իշխանության որեւէ ներկայացուցչի ձախ գումարներն են, որ պտտվել, ներդրումների տեսքով մտել են «հանքեր»: Իսկ ահա տնտեսական գործունեության մյուս հիմնական ոլորտներում, օրինակ՝ բուսաբուծության եւ անասնապահության ոլորտում, խմիչքների արտադրության ոլորտում, էլեկտրականության մատակարարման ոլորտում, հեռահաղորդակցության ոլորտում եւ այլն, ներդրումները պակասել են, ընդ որում, պակասել են զգալիորեն:
Այնպես որ, պետք է արձանագրենք, որ այս ընթացքում կառավարությանը հաջողվել է հազիվ 35,9 մլն դոլարի ներդրում ապահովել, այն էլ այդ ցուցանիշը պակաս է նախորդ տարվա արձանագրվածից: Մինչդեռ վարչապետը ոչ հեռավոր անցյալում խոսում էր 830-850 մլն դոլարի մասին: Այս տեմպերով շարժվելու դեպքում, պարզ է, որ մինչեւ դեկտեմբեր իշխանություններին չի հաջողվի անգամ դույզն-ինչ մոտենալ կառավարության նախանշած ցուցանիշին: Ուստի դրական ընթացքի մասին խոսակցություններն ավելորդ են:
Հանուն արդարության նշենք, որ ստեղծված իրավիճակի համար միայն Կարեն Կարապետյանի կառավարությունը չի պատասխանատու, այլ ողջ իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ի վերջո, երկրներում, որտեղ ներդրումային միջավայրը գրավիչ չէ, անիմաստ է օտարերկրյա ներդրումների աճ ակնկալել: Իսկ Հայաստանի իշխանություններն այս տարիներին հայտարարություններից, ձեւական փաստաթղթեր եւ ռազմավարական ծրագրեր ընդունելուց բացի՝ լուրջ քայլեր չեն արել՝ վերացնելու այս ճանապարհին առկա խոչընդոտները: Ավելին՝ մի շարք առումներով իրավիճակն ավելի է վատացել: Այնպես որ, Կարեն Կարապետյանի կառավարությունը շոուներ, չհիմնավորված, մեծ-մեծ խոստումների փոխարեն շատ ավելի ճիշտ կաներ, եթե իրականությանը նայեր բաց աչքերով ու ընդուներ, որ, օրինակ, քանի դեռ տարածաշրջանում հաստատված չէ խաղաղություն, քանի դեռ կա ԼՂ խնդիրը, ավելին՝ ամեն րոպե առկա է պատերազմի վերսկսման վտանգ, քանի դեռ Հայաստանի տնտեսությունը մոնոպոլիզացված է, օրենքները գործում են ընտրողաբար, իսկ դատական համակարգն անկախ չէ, քանի դեռ իշխանությունը լեգիտիմ չէ, իսկ բնակչությունն էլ շարունակաբար նվազում է, ներդրումների մասին խոսելը անլուրջ է հնչում: Սրանք, ի դեպ, հայտնագործություններ չեն, այլ դասագրքային, պարզ ճշմարտություններ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ՝ ԲԱՔՎՈՒՄ
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունենալու «Եվրանեսթ» ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների կողմից կազմակերպված համաժողով: Բաքու մեկնելու են նաեւ «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանն ու ղեկավար Արմեն Աշոտյանը: Այսինքն՝ պատվիրակության 10 անդամից Բաքու մեկնում են միայն երկուսը, քանի որ հենց նրանք են հանդիսանում նշված հանձնաժողովի անդամ: «Ժողովուրդը» փորձեց Մանե Թանդիլյանից պարզել՝ ո՞րն է Բաքու մեկնելու անհրաժեշտությունը, արդյո՞ք համարձակ երեւալու միտում է դա: «Այցը ոչ թե Բաքվի կողմից է կազմակերպվում, այլ «Եվրանեսթ» ԽՎ-ի կողմից: Որեւէ խոչընդոտ հայկական պատվիրակության համար չպետք է լինի Հայաստանը լիարժեք ներկայացնելու միջազգային որեւէ հարթակում, եւ ես առանձնահատուկ քաջություն չեմ տեսնում այն աշխատանքը կատարելու մեջ, ինչի համար կոչված եմ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր: Հուսով եմ՝ որեւէ մեկն անկարեւոր չի համարում Հայաստանի ներկայացվածությունն ապահովելու, մեր պետության դիրքորոշումը ներկայացնելու եւ շահերը պաշտպանելու հայաստանյան պատվիրակության առաքելությունը»,- ասաց նա:

 

 

ԱՆԿՈՒՄ ՀԱՑԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: «Ժողովուրդ»-ը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 160 հազար 200 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 164 հազար 100 տոննա հաց: Այսինքն՝ հացի արտադրության ծավալները այս տարվա յոթ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.4 տոկոսով է նվազել: Ակնհայտ է, որ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Չէ՞ որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները:

 

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾՈՎ
Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցների կողմից կաշառքի գործով դատական նիստերը նոր զարգացումներ են ստանում: 2015 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքային ծառայության պետ Վարդուհի Գեւորգյանը 100 հազար դրամ կաշառք էր վերցրել, որ քաղաքացուն թոշակ տրամադրի, սակայն ԱԱԾ-ի կողմից կալանավորվել էր: Արդեն երկու տարի է, ինչ Քանաքեռ-Զեյթունի սոցապի պետը կալանքի տակ է, եւ դատարանը դեռ նրա կաշառքի գործը քննում է ու քննում:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործով դատարանի կողմից դեռ փորձաքննություն է նշանակվել:

 

 
ԱՐՑԱԽՈՒՄ Է
Երեկ՝ երեկոյան, Արցախի Հանրապետության նախագահը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել էր ԼՂՀ-ի հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում ԱՀ ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանն այդ օրը Ստեփանակերտում մասնակցել է Բակո Սահակյանի ծննդյան արարողությանը: Նշենք, որ Բակո Սահակյանը օգոստոսի 30-ին նշում էր իր ծննդյան 57-ամյակը: Մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ մասշտաբի միջոցառում է կազմակերպվել Ստեփանակերտում: Ի դեպ, ԼՂՀ-ի հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները մեկնարկել են այսօրվանից, սակայն բուն տոնակատարությունը սեպտեմբերի 2-ին է նախատեսված: Արցախի անկախության օրը քայլերթ է նախատեսված Վերածննդի հրապարակից դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, իսկ երեկոյան տոնական համերգ է նույն հրապարակում:

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերը հայտարարել է, որ ցանկանում է ստանալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համաձանությունը բանակցությունների անցկացման համար: «Ցանկանում եմ, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում նախագահները տան իրենց համաձայնությունը հանդիպմանը, կենտրոնանան բարեկամական բանակցությունների վրա՝ խաղաղ գործընթացում առաջընթացի հասնելու համար: Ես հասկանում եմ, որ գոյություն ունեն շատ բարդ հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել: Սակայն ես հավատում եմ, որ կարգավորումը հնարավոր է: Որպեսզի դա տեղի ունենա, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներն առաջին հերթին պետք է քաղաքական կամք դրսեւորեն, որը կարեւոր է տարածաշրջանում խաղաղության հասնելու համար»,-ասել է նա:

 

 

ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ
Կառավարության երեկվա նիստում երկու նախագիծ հավանության արժանացավ. «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծերը: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծով նաեւ առաջարկվում է հատուկ կատեգորիայի զինակոչիկների համար (օրինակ՝ ծնողազուրկների) ծառայության վայրի՝ տնից 150 կմ հեռավորության սահմանափակման չեղարկում, եւ նման զինծառայողները մարտական հերթապահություն չեն իրականացնի (բացառությամբ ցանկության առկայության դեպքերի): «Զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխված տեքստի պահանջները եւ նոր քաղաքականության համար իրավական հիմք ապահովել:




Լրահոս