ԿԿԱՆՉԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ իրավապահ համակարգում շարունակվում է նախագահ Թրամփի նախընտրական թիմի նկատմամբ հարուցված գործի քննությունը: Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հատուկ դատախազ է նշանակել, որը պետք է պարզի, թե արդյո՞ք Թրամփը կամ նրա թիմակիցները գաղտնի կապեր են ունեցել ՌԴ կառավարող վերնախավի հետ: Գործի շրջանակներում ԱՄՆ Սենատում արդեն իսկ հարցաքննվել են ՀԴԲ նախկին ղեկավարը, ԱՄՆ գլխավոր դատախազը եւ այլք: Այժմ կարծես մոտենում է նախագահ Դոնալդ Թրամփի հերթը:

ԱՄՆ ՀԴԲ նախկին տնօրեն Քոմիի հարցաքննությունից հետո նախագահ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է բաց ու թափանցիկ կերպով պատասխանել սենատորներին ու հասարակությանը հուզող հարցերին: Լրագրողները բռնացրել էին Թրամփին այն խոսքի վրա, որ նա պատրաստ էր անգամ հայտնվել սենատական հետաքննող հանձնաժողովի առաջ: Իհարկե, հետագայում Սպիտակ տունը վերաշարադրեց Թրամփի խոսքերը, սակայն դրանից իրավիճակն ավելի լավը չդարձավ: Շուտով նաեւ հրապարակվեց մի տեղեկություն, ըստ որի` Թրամփի որդի Դոնալդ կրտսերը նախընտրական շրջանում քանիցս հանդիպել էր ռուսական ներկայացուցիչներին` փորձելով ստանալ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկող գաղտնի տեղեկություններ: Դոնալդ կրտսերը սկզբում հրաժարվել էր ընդունել, որ նման հանդիպում եղել էր, իսկ հետո էլ հայտարարեց, որ քննարկվել են լիովին մասնավոր հարցեր: Սակայն հետագայում, երբ լրագրողները մանրակրկիտ հետաքննությամբ բացահայտեցին իրականությունը, նախագահի որդին ստիպված եղավ խոստովանել, թե իրականում ինչ զրույց է ծավալվել ռուս լոբբիստների ու իրավաբանների հետ: Այնժամ պնդումներ էին հնչում, որ նախագահը լիովին տեղյակ էր եղել իր թիմակիցների եւ ռուսական կառավարող շրջանակների ներկայացուցիչների հանդիպումներին: Թեեւ Սպիտակ տունը ժխտել է լուրերի իսկությունը, կասկած չկա, որ նախագահը քաջատեղյակ է եղել այդ ամենին, այլապես ստացվում է, որ շրջապատը նրան խաղացնում է մատների վրա, մինչդեռ Թրամփը այդքան էլ միամիտ մարդ չէ:
Եվ ահա ամերիկյան ԶԼՄ-ները նույնպես չհավատացին այդ հայտարարություններին` շարունակելով որոնողական աշխատանքները: Աստիճանաբար մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ նախագահն անձամբ է խմբագրել որդու հայտարարությունը` վերոնշյալ հանդիպման մասին: NBC News-ին այդ առթիվ տեղեկություններ են հասել, ըստ որոնց` հատուկ նշանակված դատախազ Ռոբերտ Մյուլլերի ուշադրության կենտրոնում է հայտնվել Թրամփի այդ արարքը: Շաբաթներ առաջ Մյուլլերը ՀԴԲ-ի աշխատակիցների հետ անակնկալ խուզարկության էր ենթարկել Թրամփի քարոզչական շտաբի նախկին ղեկավար Մանաֆորթի առանձնատունը եւ այնտեղից ինչ-ինչ փաստաթղթեր առգրավել: Ի դեպ, Մանաֆորթը նույնպես մասնակցել էր Դոնալդ Կրտսերի հանդիպմանը, ինչի առթիվ հենց երեկ նրա խոսնակն ու փաստաբանը պաշտոնապես կանչվել են ՀԴԲ՝ հարցաքննության: Եվ ահա այժմ պարզվում է, որ Մյուլլերի հետաքննող խումբը փորձում է հասկանալ, թե արդյո՞ք Թրամփը տեղյակ է եղել հանդիպումից եւ օգնել է որդուն կեղծ հայտարարություններ տարածել` փորձելով խոչընդոտել իրականության բացահայտմանը: Դատախազի առաջ խնդիր է դրված պարզելու, թե արդյո՞ք Թրամփը կանխամտածված կերպով է ուղղորդել որդուն սուտ տեղեկություններ հրապարակել: Այնժամ անգամ նախագահի իրավաբաններն էին նրան խորհուրդ տվել հեռու մնալ այդ պատմությունից կամ էլ խոսել միմիայն ճշմարտության դիրքերից, մինչդեռ միայն սեփական խորհուրդները ընդունող նախագահը վարվել էր ինչպես միշտ` ապավինելով սեփական հաշվարկներին: Դրանք այսօր արդեն լուրջ գլխացավանք կարող են դառնալ նրա համար, եւ եթե Մյուլլերի վարած հետաքննությունը հանգի կարծիքին, որ Թրամփը դիտավորյալ է ապակողմնորոշել հանրությանն ու իրավապահներին, դա կարող է ծանր հետեւանքներ ունենալ անձամբ նախագահի համար: Արդեն իսկ դեմոկրատ սենատորներն ու Թրամփի հակառակորդները անթաքույց հայտարարում են, որ նախագահը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, իսկ ԱՄՆ-ում նման հարցերին չափազանց լուրջ են մոտենում:
Հայաստանում արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանք առաջադրվել է բոլոր նախագահներին: Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էին ՀՅԴ գործիչներին դատելու համար, Ռոբերտ Քոչարյանին` Հոկտեմբերի 27-ը պարտակելու համար, Սերժ Սարգսյանին` Մարտի 1-ի գործի համար եւ այլն: Բոլոր դեպքերում էլ խորհրդարանը, որը նախագահին պաշտոնանկ անելու կամ առնվազն ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ գործնական քայլեր անելու իրավասություն ունի, զգուշորեն ձեռնպահ է մնացել այդ «վտանգավոր» ձեռնարկից: Դրանով հանդերձ Հայաստանում նախագահի հարցաքննություն տեղի է ունեցել միայն մեկ անգամ` 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, երբ գործը վարող մարմինը ստիպված է եղել պարզաբանումներ ստանալ Ռոբերտ Քոչարյանից: Դա էլ մի այնպիսի իրավիճակում, երբ իրավապահ համակարգը չէր ենթարկվում Քոչարյանին: Անշուշտ, նրա հարցաքննությունը գործի բացահայտմանն իրական օգուտ այդպես էլ չտվեց, թեպետ ինչպես այսօր ԱՄՆ-ում, այնժամ էլ Հայաստանում հանցագործությանը մասնակից լինելու համար մեղադրվում ու ձերբակալվում էին նախագահի շրջապատի ներկայացուցիչները, ինչպես օրինակ` Քոչարյանի նախկին խորհրդական ու աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը: Այդ միայն հետո, երբ Քոչարյանն իր բռի մեջ հավաքեց ողջ իշխանությունը, նրա շրջապատի հանդեպ իրավապահների հետաքրքրությունները անդառնալիորեն մարեցին: Ի դեպ, Հայաստանում նախագահների հարցաքննության հրաշալի առիթ պիտի դառնար Մարտի 1-ը, որի ուսումնասիրման համար ձեւավորված ԱԺ հանձնաժողովը ճշմարտության բացահայտման փոխարեն ամեն ինչ արեց՝ գործը ծածկադմփոցի վերածելու համար: ԱԺ հանձնաժողովը այդպես էլ չփորձեց բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրել խորհրդարանական հարցաքննության, ինչի դիմաց իբրեւ փոխհատուցում հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Սամվել Նիկոյանը 6 ամսով ստացավ ԱԺ խոսնակի պաշտոնը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՆՈՐԱՍՏԵՂԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՄՈՆՏԱԺԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇԵՆՔԸ

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքն ու Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցի հարակից տարածքը կապամոնտաժվեն: Երեկ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը կառավարությանը ներկայացրեց ինստիտուտի շենքի քանդման եւ դրա փոխարեն նորի կառուցման վերաբերյալ որոշման նախագիծ:

Հիշեցնենք, որ Ամիրյան փողոցի 76-80, Փ. Բուզանդի փողոցի 103-105 հասցեներով սահմանափակված տարածքի նկատմամբ կառավարության՝ դեռեւս 2007 թվականի որոշմամբ ճանաչվել էր բացառիկ` գերակա հանրային շահ, իսկ կառուցապատողն էր «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ն: Սակայն ընկերության կողմից քաղաքաշինական ծրագրի իրականացումը ձախողվել էր: Տեղեկացնենք, որ «Լիդեր Մոբիլ» ընկերությունը այս տարվա մարտի 27-ին սնանկացել է: Բանն այն է, որ ընկերության տնօրեն Տիգրան Մուշեղյանը Բուզանդի 103, 105 եւ 107 հասցեներում բնակելի շինությունների սեփականատերերի հետ 2007 թվականին կնքել է պայմանագիր: Ըստ որի` պարտավորվել է 36 ամիսների ընթացքում կառուցել եւ նրանց տրամադրել փոխհատուցում: Փոխարենը ընկերության տնօրենը շուրջ 380 մլն 809 հազար դրամ գույքը 2008 թվականին գրավադրել է «Կոնվերս Բանկ»-ում, ինչի դիմաց ստացած գումարը բնակելի շինություն կառուցելու փոխարեն ծախսել է անձնական նպատակներով:
Այս ամենի արդյունքում կառավարությունը «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ի չիրականացրած քաղաքաշինական ծրագրի կառուցապատման իրավունքը երեկ տվեց «ՋԻ Էմ Դեվելոփեր» ընկերությանը: Այն պետք է Կենտրոն վարչական շրջանում 1278.07 քմ ընդհանուր մակերեսով տարածքում նոր բազմաբնակարան շենք կառուցի, իսկ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հին շենքը ապամոնտաժի եւ նոր շենք կառուցի, ինչպես նաեւ բարեկարգի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից տարածքը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացնող «Ջի Եմ Դեվելոփեր» ընկերությունը հիմնադրվել է անցած տարվա հուլիսի 27-ին: Հիմնադիրը Մամիկոն Գինոսյանն է: Արդյո՞ք մեկ տարի առաջ ստեղծված եւ հանրությանը անհայտ մասնավոր ընկերությունը կարդարացնի իրեն եւ կկարողանա կառուցապատել տարածքները` առանց գումարները յուրացնելու, ժամանակը ցույց կտա: Համենայնդեպս, նախկին փորձը օրինակելի չէ, եւ նոր ընկերության մասով երաշխիքների մասին ոչինչ հայտնի չէ:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՏՆՕՐԵՆԻ ԽԱՂԵՐ
Նոր ուսումնական տարվա մեկնարկից օրեր առաջ Իջեւանի ավագ դպրոցի տնօրեն Գայանե Էդիլյանն այդ դպրոցում աշխատող, տարիքային կենսաթոշակ ստացող 6 անձանց հայտնել է, որ նրանք սեպտեմբերի 1-ից այլեւս դպրոցում չեն աշխատելու:
Գ. Էդիլյանը նրանց հայտնել է, որ դա ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հրահանգն է: Այդ դպրոցի կենսաթոշակ ստացող աշխատողներից մեկն էլ դպրոցի տնօրենի տեղակալ, 74-ամյա Լյուբա Իսախանյանն է: Վերջինիս կենսաթոշակի ուղարկելով՝ Գ. Էդիլյանը նպատակ է ունեցել նրա պաշտոնը տալ այդ դպրոցի պատմության ուսուցչուհի Հասմիկ Ասիրյանին: Վերջինս ավագ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթներում եղել է մրցութային հանձնաժողովի նախագահը, եւ որին Գ. Էդիլյանը պարտական է զգում 2017թ. փետրվարի 3-ին եւ փետրվարի 10-ին ավագ դպրոցի տնօրենի մրցույթները քվորումի բացակայության պատճառով չկայանալու համար:
Քանի որ Իջեւանի ավագ դպրոցի տնօրենի մրցույթները 2 անգամ չեն կայացել, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը որոշել է այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մասնագիտությամբ տարրական դասարանների դասվար Գ. Էդիլյանին ավագ դպրոցի տնօրեն նշանակելու մասին: Գ. Էդիլյանին ավագ դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար, ապա եւ դպրոցի տնօրեն նշանակելու որոշումները կայացնելու գործում իրենց միջնորդությունն են կատարել ՀՅԴ Իջեւանի կառույցի որոշ ներկայացուցիչներ: Կենսաթոշակառուներին աշխատանքից ազատելու՝ Գ. Էդիլյանի պլանը չի իրականացվել:
Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի կողմից հնչեցված ահազանգից հետո Աշոտ Արշակյանը պարզաբանել է, թե դպրոցների կենսաթոշակառու ուսուցիչներին աշխատանքից ազատելու հրահանգ նախարարությունը չի տվել: Իջեւանի ավագ դպրոցի կենսաթոշակառու ուսուցիչները տեղեկացել են այդ մասին եւ դպրոցի տնօրենից պարզաբանում պահանջել: Դրանից հետո Գ. Էդիլյանը ստիպված փոխել է իր ծրագիրը: Նա կենսաթոշակառու ուսուցիչներին հայտնել է, որ նոր ուսումնական տարում նրանք նախկինում ունեցած լրիվ հաստիքի փոխարեն կունենան կես հաստիք: Տնօրենը դա ներկայացրել է որպես իր ջանքերի արդյունք, որ կարողացել է, թեկուզ կես հաստիքով, նրանց ապահովել աշխատանքով:
Իջեւանի ավագ դպրոցից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հասմիկ Ասիրյանը կնշանակվի դպրոցի տնօրենի տեղակալ: Կենսաթոշակառու ուսուցիչները, ովքեր մտադիր էին բողոքելու իրենց աշխատանքից ազատելու որոշման դեմ, արդեն համակերպվել են, քանզի գիտեն, որ Գ. Էդիլյանի թիկունքում կանգնած է նրան տնօրեն նշանակած Լեւոն Մկրտչյանը: Ավագ դպրոցի կենսաթոշակառու ուսուցիչներից ոմանք սոցիալապես վատ վիճակում են, բանկերում վարկեր ունեն եւ վախենում են կորցնել այդ կես հաստիքը, ինչը է՛լ ավելի կարող է վատթարացնել նրանց սոցիալական դրությունը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս