ԵՍ ՊԵՏՔ Է ԵՐԳԵՄ ԻՆՁ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը խոսել է առաջիկա անելիքների մասին եւ անդրադարձել այն քննադատություններին, որ իր երգերը միօրինակ են, անմիտ ու ձանձրացնող:

-Գեւո՛րգ, վերջերս ներկայացրիք Ձեր նոր «Ամենասիրուն» երգի տեսահոլովակը: Խոսե՞նք մի փոքր երգի ստեղծման, Ձեր պլանների մասին:
-«Ամենասիրուն» երգի հեղինակն ինձ շատ հարազատ մարդ է, ով ընդհանրապես կապ չունի երաժշտական ոլորտի հետ:
Պատրաստվում են նոր ձայնագրութուններ, նոր երգեր: Ինձ լսողների համար ունեմ շատ նորություններ, հուսով եմ՝ մոտ ապագայում կլինեն մի քանի երգեր, տեսահոլովակների հետ միասին: Մի քիչ դժվար է հիմա լավ բան ներկայացնելը, դրա համար ուզում եմ ինձ սազական լավ բան ներկայացնել:
-Գեւո՛րգ, յութուբյան 21-րդ դարում տեսահոլովակների կարիք կա՞, կարծես թե անցան սկավառակների, ձայներիզների ժամանակները: Ի՞նչ կարծիքի եք:
-Այսօր ամեն ինչն ինտերնետային է, բայց կարծում եմ, որ երգիչը ձայնասկավառակ պետք է ունենա: Ճիշտ է՝ ես չունեմ, դրա վրա էլ եմ աշխատում, որ պետք է անպայման ունենամ: Ինչպես մենահամերգն է երգչի համար անձնագրի պես բան, այնպես էլ ձայնասկավառակը:
-Ձեր երգացանկին հետեւելով՝ նկատում ենք, որ ինչ-որ առումով այն միատարր է: Ինչպե՞ս, կբացատրե՞ք:
-Ես այդ կարծիքին չեմ, երգել եմ ոճային շատ տարբեր երգեր: Արմոյի հետ «Շնորհավոր» երգում արել ենք այնպիսի բան, որը ոչ մեկին նման չէր, արել եմ «Հալալա», որը ընդհանրապես կապ չուներ «Շնորհավոր»-ի հետ: Կարող է՝ մի քանի երգեր նույն ոճի մեջ երգել եմ, բայց չեմ կարծում, որ նույնօրինակ են: Երգերի նմանությունը կարող է լինել կատարողականի մեջ, դա իմ ձեռագիրն է, ես երգում եմ իմ ձեւով:
-Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք, որ չգիտեք, թե էլ ինչ անեք, որ նորություն լինի, ամեն ինչ արդեն արված է: Այսինքն՝ Դուք բավարարվո՞ւմ եք այն ամենով, ինչը որ ունե՞ք:
-Ես երբեք չեմ բավարարվում իմ ունեցածով եւ երբեք ինձանից գոհ չեմ լինում: Ամեն ժամանակ իր գույներն ունի, ուղղակի պետք է գտնել այդ գույները: Ինչ վերաբերում է կերպարային նմանություններին, կարող է՝ ինչ-որ մեկին նմանեցնում եմ, բայց կարող է՝ նույն կոստյումից ամբողջ աշխարհում հագնում են, ես չե՞մ կարող այնպիսի բան անել այդ կոստյումի մեջ, որ ասեմ՝ սա իմն է, ուղղակի հարմարեցնում եմ ինքս ինձ: Ես հատուկ ոչ մեկի չեմ նմանեցնում:
-Շատ սաների պես Դուք էլ լքեցիք Երգի պետական թատրոնը, որտեղ նաեւ աշխատում էիք: Ի՞նչ խորհուրդներ եք հիշում Արթուր Գրիգորիչից:
-Շատ ուրախ եմ, որ անցել եմ այդ դպրոցը: Ութ տարիների ընթացքում Երգի պետական թատրոնից վերցրել եմ շատ հետաքրքիր գույներ, եւ ինձ՝ որպես մարդ, 180 աստիճանով փոխել է այն: Արթուր Գրիգորիչի ամենակարեւոր սկզբունքներից է, որ մարդ պետք է հավատարիմ մնա իրեն, պետք է բեմի վրա չխաղա: Արթուր Գրիգորիչի խորհուրդներից շեղվել եմ, երեւի ոճայի առումով, բայց այսօրվա իմ ապրուստի միջոցը երգարվեստն է: Ես պետք է երգեմ նաեւ այն մարդկանց համար, ովքեր ինձ վճարում են: Ես չեմ ամաչում իմ արած գործերից, որովհետեւ ինչ էլ որ անում եմ, փորձում եմ լավն անել: Աշխատում եմ չանել էժանագին ինչ-որ բան:
-Ինչպես շատ արտիստներ, Դուք նույնպես Ձեր ուժերը փորձեցիք դրսեւորել որպես դերասան «Ֆուլ հաուս» սիթքոմում: Ինչպիսի՞ն էին արձագանքները:
-«Ֆուլ հաուս»-ի իմ դերն այնքան կարճ էր, որ ո՛չ ես, ո՛չ ժողովուրդը, կարծում եմ, չհասցրինք ինձ տեսնել որպես դերասան: Նկարահանումներն անցնում էին շատ հետաքրքիր: Ինձ թվում է՝ սիթքոմի ամենախնդալու բաները կադրից դուրս են լինում: Դա պատմելով չեմ կարող ներկայացնել:
-Նոր ֆիլմերում կամ սիթքոմներում նկարահանվելու առաջարկներ ունե՞ք:
-Սերիալներում նկարահանվելու առաջարկներ ունեմ, բայց դեռ հստակ չեմ որոշել, եթե լինի «Ֆուլ հաուս»-ի նման լավ առաջարկ, անպայման կփորձեմ ինձ բացահայտել որպես դերասան:
-Գեւո՛րգ, հարցազրույցի վերջում մի փոքրիկ անդրադարձ կատարենք նաեւ անձնականին: Երկրպագուների մեծ բանակ ունեք, Ձեր կինը խանդո՞տ է:
-Կարծում եմ՝ ցանկացած կին պետք է լինի խանդոտ, եթե սիրում է՝ իհարկե, այդ ամեն ինչը չվերածելով հիվանդության: Փա՛ռք Աստծու, կնոջս մոտ նման բան չկա, եթե մարդը հասուն է, անպայման կհասկանա: Իմ բախտը բերել է, կինս շատ խելացի է, ամեն դեպքում ինձ չի խանգարում:
-Ի՞նչը կարող է Ձեր միջեւ վեճի պատճառ դառնալ:
-Օրինակ՝ մեկը սոցցանցերում ինչ-որ քոմենթ էր գրել, դե, բնականաբար առաջին հայացքից ուրիշ ձեւ է երեւում, կարող է ինչ-որ թյուրիմացություն առաջացնի, բայց դա հասուն մարդկանց մոտ մեկ րոպեում հարթվում է, թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ…մեր մոտ ամեն ինչ նորմալ է:
-Ի՞նչը չեք հանդուրժի կնոջ մեջ:
-Ստախոսությունը, կեղծավորությունը, մարդուն շահագործելը եւ, իհարկե, դավաճանությունը:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ




Լրահոս