Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունն այցելեց բժշկական համալսարան:
Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությանը ԵՊԲՀ-ում սպիտակ խալաթներով առաջինը դիմավորեցին իսրայելցի ապագա բժիշկները:
Մեր երկիր ժամանած պատվիրակության կազմում են պատգամավորներ, պետական պաշտոնյաներ, բժիշկներ, լրագրողներ, ինչպես նաև համատեղ նախագծերով հետաքրքրված գործարարներ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, ընդգծեց, որ նման հանդիպումները նպաստում են Հայաստանի և Իսրայելի միջև մի շարք ոլորտներում, մասնավորապես, առողջապահության ու բժշկագիտության բնագավառներում բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
Ներկայացնելով առաջիկայում 100-ամյակը բոլորող բժշկական կրթօջախի պատմությունը՝ նա նշեց, որ այժմ բուհում բժշկական կրթություն է ստանում Իսրայելից ժամանած 8 քաղաքացի:
Հարուրամյա ճանապարհ անցած բուհի 8000 շրջանավարտ այսօր մասնագիտական հաջողված գործունեություն է ծավալում աշխարհի 40 երկրում:
Ռեկտորը մեծապես կարևորեց հասարակական ֆորումի աշխատանքի շնորհիվ ձևավորվող գործնական ու մարդկային հարաբերությունները: Նրա գնահատմամբ՝ համալսարանական կյանքը լավ հարթակ է երկողմ գործակցությունն ընդլայնելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև երկու երկրի միջև բժշկական կրթության զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցերի:
Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին խոսեց նաև Հայաստանում ստացած բժշկական կրթության որակի վերաբերյալ մամուլում մի քանի ամիս առաջ տարածված տեղեկատվության մասին: Նա նշեց, որ ըստ իր տեղեկատվության, այդ հայտարարությունը չի վերաբերում ԵՊԲՀ-ին, այլ խոսքը մասնավոր բուհերի մասին է: Հարցը իրավապահ մարմինների տիրույթում է: Հետաքննության ավարտից հետո, փոխխոսնակի հավաստմամբ, բոլոր խնդրահարույց հարցերը կպարզաբանվեն:
Նա հավելեց նաև, որ ամիսներ առաջ Հայաստան ժամանած իսրայելցի լրագրողները իրենց գոհունակությունն են հայտնել ԵՊԲՀ կատարած այցից, տպավորություններ փոխանցել թե´ ուսումնական ծրագրերի, թե´ կլինիկական գործունեության վերաբերյալ: