ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ:
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում կրակոցի հետքերով վնասված ավտոմեքենա է հայտնաբերվել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, հրազենից կրակահերթ է արձակվել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Լևոն Ավետիսյանը՝ ծնված 1981թ., և ուղևոր Կարեն Դավթյանը՝ ծնված 1973թ., ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:
Դեպքի վայրի զննությամբ՝ ավտոմեքենայի հարակից տարածքից հայտնաբերվել են 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, իսկ ավտոմեքենայի սրահից՝ «Սայգա-ՄԿ 7.67-39մմ» գրառմամբ ինքնաձիգ ՝պահունակներով:
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: