Ստեփանակերտ քաղաքի 94-րդ ամյակին նվիրված տոնական բազմաբնույթ միջոցառումներ են սպասվում սեպտեմբերի 23-ին։ Այս մասին հայտնել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը՝ նշելով, որ միջոցառումների մեկնարկը լինելու է Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ կայանալիք պաշտոնական արարողակարգով:
«Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N3 միջնակարգ դպրոցում տեղի է ունենալու «Իմ Ստեփանակերտ» խորագրով գրական-գերարվեստական ցերեկույթ»,- նշել է Արմեն Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունենալու «Հին ու նոր Ստեփանակերտ» խորագրով ցուցահանդես:
«Երեխաների մասնակցությամբ Վերածննդի հրապարակում կազմակերպվելու են նաև մարզական տարբեր մրցույթներ, նկարչություն ասֆալտի վրա, ինչպես նաև պլեներային նկարչություն: Կկազմակերպվի նաև ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, իսկ քաղաքի տարբեր թաղամասերում մայրաքաղաքի ստեղծագործական միությունների սաների մասնակցությամբ կլինեն համերգային ծրագրեր»,- հավելել է Արմեն Հակոբյանը և ընդգծել, որ այցելություններ կլինեն նաև Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն՝ շնորհավորելու նորածիններին, ինչպես նաև հարսանյաց հանդիսությունների սրահներ, որտեղ էլ կշնորհավորեն նորապսակներին:
Տոնական միջոցառումների վերջին ակորդը լինելու է Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունենալիք համերգը: Փոխքաղաքապետը նշել է նաև, որ տոնի կապկցությամբ Ստեփանակերտ է մեկնելու Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը: