«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, որը հունիսին կալանավորվել է դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու հոդվածով, ցուցմունքներ չի տալիս։ Նրա շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնեց․ «Իմ պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, օգտվելով լռության իր իրավունքից՝ նա հրաժարվում է մասնակցել քննչական գործողություններին»։ Մեր հարցին, թե արդյոք իրենց տրամադրվե՞լ են գաղտնալսումների նյութերը, փաստաբանը պատասխանեց․
«Ոչ, գաղտնալսումների նյութերն Աղվան Պետրոսյանին չեն տրամադրվել, թեեւ նա գրավոր դիմել էր քննչական մարմնին եւ պահանջել նյութերը։ Բայց չեն տրամադրել, գործն ուղարկել են դատարան»։ Գաղտնալսումներն են դատավորների աղմկահարույց գործի հիմքը։ Մեղքը չի ընդունում նաեւ նույն դատարանի մյուս դատավորը՝ Վանիկ Վարդանյանը, որը նույնպես կալանավորված է եւ մեղադրվում է նույն հոդվածով, ինչ Պետրոսյանը։ Մեր տեղեկություններով, այս դատարանում ԱԱԾ-ն իր սարքերը դրել ու չի հանել մի քանի ամիս շարունակ։ «Օպերատիվ» այս գործողություններն սկսվել են, երբ մարզի դատախազ Սեւակ Շհոյանի դեմ բողոք է ստացվել քաղաքացուց այն բանի համար, որ նա կաշառք է վերցրել, բայց «գործը չի արել»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: