Փաստ» օրաթերթը գրում է. «Ընդամենը վերջերս էր անցել ժողովրդի զայրույթը ռուսաց լեզուն որպես երկրորդ պետական լեզու դարձնելու լուրերի կապակցությամբ, եւ ահա մեր Կրթության եւ գիտության նախարարությունում որոշել են փոփոխել հայաստանյան հանրակրթական դպրոցներում իրականացվող ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, այն է՝ առավելություններ վերապահելով այս լեզվին:
Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում, այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաներից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում: Սրանից բացի, կավելանա ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների եւ դասարանների թիվը, «Ռուսաց լեզու» առարկայի պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ ոչ միայն գրավոր, այլեւ բանավոր խոսքի տիրապետման մակարդակի գնահատում կկատարվի:
Այս մասին նախագիծը հայտնվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ընդամենը օրեր առաջ: Եվ որ ամենահետաքրքիրն է, այս իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչապետի՝ Կարեն Կարապետյանի հանձնարարականով: «Նպատակն է ապահովել իրական գործնական արդյունք, այն է՝ ռուսերենով հաղորդակցական հիմքերի ստեղծում, անձի հոգեւոր եւ մտավոր զարգացում: Ռուսերենի դասավանդման շնորհիվ սովորողների գիտակցության մեջ տեղի ունեցող տարբեր լեզվական համակարգերի փոխներգործության եւ համեմատության հիման վրա համընդհանուր գործառնությունների խոսքային կարողությունների ձեւավորում եւ զարգացում: Ռուսերենի ուսուցմամբ զարգացնել սովորողի բանավոր եւ գրավոր հաղորդակցման կարողությունները»,– կարդում ենք նախագծում:
Նախագծի հեղինակները նաեւ համոզված են, որ ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս եւ մասնագիտական հմտություններ ձեւավորելիս:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: