Armenian text to speach

Ինչ կտան նորաթուխ պատգամավորներին դասընթացները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը» Երեւանում Բրիտանական դեսպանատան հետ համատեղ ուղեցույց են հրապարակել ԱԺ պատգամավորների համար, որտեղ մանրամասն ներկայացված են այն բոլոր իրավունքները, պարտականությունները եւ գործառույթները, որ պետք է ունենա յուրաքանչյուր պատգամավոր: Սակայն կենտրոնը չի բավարարվել միայն ուղեցույցի հրապարակմամբ եւ պատգամավորների հետ նաեւ թրեյնինգներ կանցկացնի:

Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել առաջին թրեյնինգը, որին մասնակցել են բոլոր խմբակցություններից մի քանի պատգամավորներ` ընդհանուր 14 հոգի: Այն նախատեսված է նորընտիր պատգամավորների համար, որոնք անտեղյակ են ԱԺ-ի կյանքից:

Նշենք, որ ծրագիրն իրականացնում է հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ծրագրից:

ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյան

-Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ է ենթադրում Ձեր կողմից նախաձեռնած ծրագիրը, եւ ինչո՞ւ այդպիսի նախաձեռնությամբ որոշեցիք հանդես գալ:

-Նախ նշեմ, որ ուղեցույցի ներկայացմանը մոտավոր մասնակցելու է 50 պատգամավոր: Այն մեկ տարվա ծրագիր է եւ ունենալու է տարբեր միջոցառումներ, եւ մասնակցելու են ինչպես պատգամավորներ, այնպես էլ իրենց օգնականներն ու աշխատակազմի անդամները: Նախաձեռնության մասին մտադրությունը եղել է ամառվանից, հիմա գործընթացն ավարտվել է, եւ սկսել ենք գործողությունները: Երեկ եղել է առաջին փոքրիկ միջոցառումը, որից հետո լինելու է աշխատանք խմբակցությունների, հանձնաժողովների հետ:

-Իսկ ի՞նչ կարիք կար պատգամավորներին իրենց գործառույթները բացատրելու:

-Նախաձեռնեցի այդպիսի ուղեցույցի հրապարակումը, քանի որ հասկանում եմ` մենք դառնում ենք պառլամենտական երկիր, եւ այդ ճանապարհին մեր Ազգային ժողովը պետք է իր հմտությունները զարգացնի: Քանի որ Բրիտանական դեսպանատան հետ է կատարվում ուղեցույցի քննարկումը, ապա կներկայացնեն բրիտանական պառլամենտարիզմի փորձը, իրենց փորձագետներին կներգրավենք նաեւ:

Մաքսիմալ փորձելու ենք բոլորի փորձը ներգրավել, որպեսզի ունենանք ավելի կարող եւ ավելի լավ աշխատող Ազգային ժողով: Վստահ եմ, որ պոտենցիալը կա, եւ կարող ենք ամեն ինչ լավ անել:

-Արդյո՞ք որեւէ բաց եք տեսել այս խորհրդարանում, որը փորձում եք այս ուղեցույցի շնորհիվ լրացնել:

-Խնդիրը որեւէ բաց տեսնել կամ չտեսնելը չէ: Աշխարհը զարգանում է, եւ պետք է համահունչ քայլել: Խնդիրն այն է, որ մարդ միշտ պետք է աշխատի, կարողությունները զարգացնի: Կարողությունների զարգացման խնդիրը կապ չունի բացթողումների հետ, պետք է միշտ աշխարհի հետ համահունչ քայլել եւ նոր գիտելիքներ ստանալ:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ արդեն իսկ հանդիպմանը մասնակցած մի քանի պատգամավորների հետ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր (ասորական համայնք) Արսեն Միխայլով

-Պարո՛ն Միխայլով, Դուք երեկ մասնակցել եք պատգամավորների համար ուղեցույցի ներկայացման: Ի՞նչ սովորեցիք:

-Հարցը նրանում է, որ ճիշտն ասած՝ շատ էպիզոդներ կան, որոնց պրակտիկորեն դեռ մենք ծանոթ չենք: Այսօր ես մասնակցեցի ու տեսա, որ, իրոք, կան ավելի խորը դրույթներ, որոնց ես ծանոթացա: Ասեմ նաեւ, որ հաճույքով մասնակցեցի:

-Օրինակ՝ երեկ ի՞նչ իմացաք, որ չգիտեիք:

-Օրինակ՝ թե ոնց կարող է պատգամավորը մասնակցել գործերին, ինչ իրավունքներ ունի եւ ինչ պատասխանատվություն:

-Այսինքն` Դուք դրա մասին չգիտեի՞ք եւ միայն երեկ իմացա՞ք:

-Գիտեի, բայց ավելի խորն ուսումնասիրեցի եւ իմացա: Նույնիսկ հարցեր եղան, որոնք կոնկրետացված չէին, եւ նա կոնկրետացրեց: Ասեմ, որ կազմակերպիչների մոտ բարձրաձայնվեց նաեւ այն հարցը, որ ճիշտ կլիներ` մայիսին անցկացվեր նման քննարկում, բայց ռուսը մի լավ խոսք ունի` «лучше поздно, чем никогда»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյան

-Իհարկե, լավ է, վատ բան չկա, ուղղակի այսօր թրեյնինգ դեռ այդքան շատ չի եղել, վաղը կշարունակենք եւ նոր միայն կկարողանանք հետեւություններ անել:

Հ.Գ. Հավելենք, որ այս թրեյնինգները նախատեսված են հիմնականում նորաթուխ պատգամավորների համար: Նրանցից շատերը մայիսից մինչ այժմ այնքան էլ չեն հարմարվել նոր կարգավիճակին եւ խորությամբ չեն պատկերացնում իրենց անելիքները:

Հետաքրքիրը սակայն այն է, որ երկվա դասընթացին մասնակցել է նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը, ով նախորդ խորհրդարանում պատգամավոր էր ՀՀԿ խմբակցությունից:

Հետաքրքիր է` ինչու է փորձառու պատգամավորը կրկին անհրաժեշտություն տեսել դասընթացներ անցնելու. արդյո՞ք հինգ տարին բավարար ժամանակ չի եղել:

Երեկ մեր թղթակիցը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Կարինե Պողոսյանից, սակայն նա ամբողջ օրն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս