Հրուշակեղենի եւ կոնֆետի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Քենդի» ընկերությունը արդեն մի քանի ամիս է, ինչ ուշացնում է աշխատողների աշխատավարձերը: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել ընկերության աշխատողները, ովքեր պատմեցին, որ իրենց աշխատավարձերը ամիսներով ուշացնում են կամ էլ մաս-մաս են վճարում: Նրանց խոսքերով՝ այդ պատճառով շատերը պարզապես աշխատանքից ազատվելու դիմումներ են գրում:
Մեր աղբյուրի պնդմամբ՝ աշխատանքից ազատվելուց հետո իրենից պահել են համազգեստի գումարը` 10 հազար դրամ, այն դեպքում, երբ այն իրեն տվել են արդեն օգտագործվածը՝ հնամաշ վիճակում: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց «Գրանդ Քենդի», սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Հիշեցնենք, որ Վարդանյան եղբայրները պարբերաբար տարբեր բարեգործություններ են անում, փոխարենը վճարեն իրենց աշխատակիցներին աշխատանքի դիմաց: