Երբ փոխվում են վարչապետի ժիլետներն ու կոստյումները, բայց իշխանության հաստատած խաղի կանոնները շարունակում են մնալ նույնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրացավ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին: Սկզբում այդ նշանակումը շատերի մոտ մեծ խանդավառություն առաջացրեց: Մարդիկ նրա հետ լուրջ հույսեր էին փայփայում՝ սպասելով, որ վերջապես սոցիալ-տնտեսական վիճակը կփոխվի, քանի որ նոր, «աչքը կուշտ» մարդ էր:
Սակայն կառավարության նիստերի եւ խորհրդակցությունների ժամանակ Կարապետյանի «ժիլետով շոուները», նաեւ Պուտինի «դաբրոյով» նշանակված, «Հայաստանում պաշտոն չունեցած եւ չկեղտոտված տղայի» միֆերը թողել են իրենց ազդեցությունը: Հիշում եք այդ ընթացքում նրա բարձր վարկանիշը` տարբեր գնահատականներով մոտ 70-80 տոկոս: Բայց մասսայական խանդավառությունը կարճ տեւեց, ու այսօր այդ վարկանիշից «ժիլետի թեւերն են» մնացել:
Առաջին հիասթափությունը եղավ այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը նախարարների իր թիմի ու 7 հազար «գազավիկների հետ» անդամակցեց ՀՀԿ-ին՝ դառնալով այդ կուսակցության փոխնախագահը:

Հետո, երբ վերջնականապես ցրվեց էյֆորիան, հատկապես ԱԺ ընտրություններից հետո մարդիկ կամաց-կամաց սկսեցին իրականությանը նայել բաց աչքերով, ու հասկացան` անձերի փոփոխությամբ որեւէ բան չի փոխվել, որովհետեւ շարունակում են նույնը մնալ իշխանության հաստատած խաղի կանոնները: Կարեն Կարապետյանն էլ, որպես այդ իշխանության մաս, ստիպված է ենթարկվել նույն այդ կանոններին: Ու հիմա նա աննկատ կերպով իշխանությունը ծառայեցնում է մերձավոր շրջապատի եւ բիզնես-գործընկերների հարստանալու պայմաններ ստեղծելու գործին:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ամփոփել Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին: Ու պետք է ասել, որ պատկերը հիասթափեցնող է:
Կարեն Կարապետյանի գործունեության այս մեկ տարին հիշեցնում է «չհոգնելու», «հուպ տալու», «դմփոց-ռեֆորմների» եւ «աշխարհը շուռ տալու» հանձնարարականների շարան` դեռ Հին Հռոմեական ժամանակներից հայտնի «հաց եւ տեսարաններ» սկզբունքի շրջանակներում՝ համեմված տարբեր պաշտոնյաներին բիզնես-ծրագրեր ներկայացնելու առաջարկներով: Դրան գումարած՝ տարբեր ոլորտներում կառավարության ռազմավարական ծրագրերը, հայեցակարգերը՝ որպես բարի ցանկությունների մատյան, առանց կոնկրետ արդյունքներ խոստանալու: Բայց, դե, անցյալի դառը փորձը վկայում է՝ կառավարությունները միշտ էլ ներկայացրել են գեղեցիկ ծրագրեր, որոնք, սակայն, իրականություն չեն դարձել:

Եւ այսպես՝ Կարապետյանն ԱԺ-ում առաջին իսկ ելույթում անկեղծորեն խոստովանել էր. «Տնտեսության վիճակը չափազանց ծանր է», կառավարության առաջին իսկ նիստում հայտարարել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ավելի ուշ արդեն հանձնարարել վերացնել «պրիմիտիվ գողությունները»:
Ի՞նչ ունենք այսօր. տնտեսական աճի ցուցանիշները լուրջ կասկածի տեղիք են տալիս, թեկուզ եւ այն պատճառով, որ իշխանությունները հարկ եղած ժամանակ նվազեցրել են այդ թվերը (օրինակ` երբ պետք էր պաշտոնանկ անել Հովիկ Աբրահամյանի կառավարությանը), եւ հարկ եղած դեպքում դրանք ավելացրել:
Առաջիկայում, երբ Կարեն Կարապետյանի հանձնարարականով կառավարությունն ամփոփի գործունեության մեկ տարին, կներկայացվեն տարբեր ցուցանիշներ, որ օրինակ` այս ընթացքում աճել է արտաքին առեւտրաշրջանառությունը, հատկապես արտահանումը՝ ավել քան 20 տոկոսով: Բայց բացարձակ թվային արտահայտությամբ այդ աճը մեծ չէ: Թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ դրան զուգահեռ՝ աճել են ներմուծումները, եւ արդյունքում արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը շարունակում է խորանալ:
Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ պետական պարտքն աճել է 717 մլն դոլարով. այժմ այն կազմում է 6 մլրդ 201,6 մլն դոլար:
Աճել է գործազրկության թիվը. նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսների 77 հազար 54-ի փոխարեն պաշտոնապես գրանցվել է 79 հազար 247 գործազուրկ. ընդ որում, սրանք միայն պաշտոնապես գրանցված գործազուրկներ են, իսկ իրականում աշխատանք չունեցողների թիվն ավելի շատ է, եւ հիմա նրանց է գումարվել եւ գումարվելու նաեւ նրա հանձնարարությամբ սկսված օպտիմալացման հետեւանքով աշխատանքը կորցրած անձինք:

Պաշտոնավարման ամենասկզբում Կարեն Կարապետյանը ձեռնամուխ եղավ նախարարությունների անվանափոխության գործին, բայց դրանից բովանդակությունը չփոխվեց: Թեեւ էկոնոմիկայի նախարարությունը կոչվեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարարություն, սակայն այս մեկ տարվա ընթացքում ներդրումները չավելացան. ընդհակառակը, ըստ ԱՎԾ-ի՝ առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են: Տարածքային կառավարման նախարարությունը վերանվանվեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, բայց այս դեպքում էլ ավելորդ է խոսել մարզերի զարգացման մասին. ասվածի վկայությունը օրեցօր դատարկվող Հայաստանն է, երբ անգամ պաշտոնական վիճակագրությամբ գնալով նվազում է բնակչության թիվը, ընդ որում, պակասում է հենց աշխատունակ տարիքի բնակչությունը: Բացի այդ՝ շարունակվում է ծնելիության թվի նվազումը, դրա հետեւանքով պակասում է բնական հավելաճը:

Կառավարության առաջին նիստերից մեկում վարչապետը հանդես եկավ ՊՈԱԿ-ները եւ ԾԻԳ-երը փակելու, այդպես` պետական կառավարումն արդյունավետ դարձնելու, նաեւ` պետական կառավարման համակարգն օպտիմալացնելու եւ բյուջետային ծախսերը կրճատելու նախաձեռնությամբ: Սակայն դրան զուգահեռ պետական կառավարման համակարգում նոր կառույցներ ստեղծվեցին, եւ իշխանությունները շարունակում են ճոխ գնումները:
Կարապետյանը հայտարարեց ներդրողների ակումբ ստեղծելու մասին, բայց սա էլ հերթական բլեֆն է, թեկուզ եւ այն պատճառով, որ բացի մեկ-երկու ռուսաստանահայ գործարարից (այն էլ՝ անձնական նկատառումներից ելնելով)՝ հազիվ թե որեւէ մեկն այդ ակումբին անդամակցի ու որոշի բիզնես հիմնել Հայաստանում, քանի որ շարունակում են պահպանվել ներդրումների ներգրավմանը խոչընդոտող երեւույթները: Օրինակ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, թե ավելի կարեւոր գործեր է անում, քան այդ ակումբին մասնակցելը:

Որպեսզի չստացվի, թե միայն բացասականն ենք նկատում, արձանագրենք մեկ-երկու դրական փոփոխություն: Կառավարության իր առաջին նիստում Կարեն Կարապետյանն առաջարկել էր վերանայել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները: Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագներն ԱԺ ընտրություններից առաջ, իրոք, նվազեցվեցին, բայց շատ չնչին չափերով. գազն էժանացավ մոտ 7 դրամով, ու միջին սպառողը դրանից հետո հնարավորություն ստացավ տնտեսելու հազիվ մոտ 1000 դրամ: Իսկ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեց ընդամենը 1.2 դրամով. կրկին` աննշան փոփոխություն, որը բնակչի գրպանի վրա որեւէ ազդեցություն չի թողնում. միջին սպառողի դեպքում խնայողությունը 1000 դրամ էլ չի կազմում:
Հանուն արդարության նշենք, որ որոշակի տեղաշարժ կա հարկային մարմինների գործունեության մեջ. տեղի-անտեղի ստուգումներ չեն իրականացնում, փոքր ու միջին բիզնեսին «չեն քերթում», բայց սա դեռ բավարար պայման չէ տնտեսական դաշտի կայացման համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս