«Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 8-ին մի հոդված էր հրապարակել՝ տեղեկացնելով, թե ինչպես են պետական դրամաշնորհները բաշխվում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկին, եւ ինչ գործունեություն են ծավալում նրա ՀԿ-ները: Արձագանքը, բնականաբար, բուռն էր, որն ավելի շատ հարցեր առաջացրեց:
Բայց նախ հիշեցնենք, թե ինչի մասին էր խոսքը: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզել էր, որ «Դպրոց-կենտրոնների միությանը» պետական բյուջեից 2015, 2016 եւ 2017 թվականներին հատկացվել է 20 մլն դրամ: Ու ոչ մի տեղ նշված չկա, թե միության ղեկավարությունը կոնկրետ ինչ է արել ստացած պետական միջոցները, ինչպես է ծախսել կամ ում է տվել: Ինչը արդեն կասկածի տեղիք է տալիս` արդյո՞ք հատկացվող գումարները ծառայում են իրենց նպատակին: Նույն կազմակերպությունը նաեւ դրամաշնորհ է ստացել ՀՀ նախագահի նստավայրից Հայաստանի երիտասարդական հիմնարդրամի միջոցով:
Եւ վերջապես, նյութի 3-րդ մասում գրված էր մի տեղեկություն, ըստ որի՝ վերջերս Ազգային Ժողովում տեղեկություններ տարածվեցին, թե Ռուզաննա Մուրադյանը ձեռնարկ է տպագրել այն մասին, թե ինչպես դպրոցականները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Ըստ տեղեկությունների` Մուրադյանը նախատեսել էր այդ թեմատիկայով ձեռնարկը բաշխել դպրոցներին: Ինչին խոչընդոտել է ՀՀ վերահսկիչ պալատը եւ ԿԳՆ-ի միջոցով կասեցրել դրա դուրս բերումը: Ռուզաննա Մուրադյանը, իհարկե, հերքել էր ինչպես իր առնչությունը ՀԿ-ին, այնպես էլ ձեռնարկի հրապարակման մասը:
Ու երբ հոդվածը հրապարակվեց, դրա անոնսային մասը սկսեց ինտերնետային կայքերում պտտվել, տիկին պատգամավորը, առանց հոդվածը ամբողջությամբ կարդալու, շտապեց իր անանուն ու անհասցե մամուլի գրասենյակի անունից հերքման մի «ահասարսուռ» տեքստ տարածել, թե Ռուզաննա Մուրադյանի պարզաբանումը հոդվածում չկա (ինչը ուղղակի սուտ է, քանի որ պատգամավորի խոսքերն ամբողջությամբ մեջբերված են, պարզապես անհրաժեշտ է հայերենի իմացություն՝ այն կարդալու համար:)
Անհասցե գրասենյակից տարածված հայտարարության մեջ նշված է, թե «Ռուզաննա Մուրադյանը եւս մեկ անգամ հերքում է, որ սեռական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականություն չի քարոզել, նման բովանդակությամբ ձեռնարկ չի տպագրել եւ անբարոյականություն է որակում իր անձը նման քարոզ իրականացնելու գործընթացի հետ կապելը»:
Իհարկե, ինչ-որ բան չոր հերքելը ցանկացած բակի տաղավարներում կարելի է, երբ հատկապես սեղանին արեւածաղիկի սերմեր կան դրված: Միեւնույն է՝ անպատասխանատվության մակարդակը «բեսեդկի» մակարդակի է: Բայց անբարոյականության որակմամբ նման տեքստ տարածելուց առաջ առավել օրինակելի կլիներ, եթե ԱԺ պատգամավորը մանրամասն հաշվետվություն ներկայացներ, թե ստացած «գրանտները» ինչպես են ծախսվել: Թե չէ 2013-ին էլ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, թե մի՛ հավատացեք պատի տակի խոսակցություններին՝ իբր գազի գինը սահմանին բարձրացել է: Գազի գինը չի բարձրանա: Բայց նրա հայտարարությունից 2 ամիս անց այն ժամանակ «Հայռուսգազարդը» ներկայացրեց թանկացման հիմնավորումները, եւ գազի գինը բարձրացավ: Այսինքն՝ ինչ-որ բան հերքելը դեռ չի նշանակում, թե չկա:
Ռուզաննա Մուրադյանը շատ լավ գիտի՝ ձեռնարկը ինչպես է ֆինանսավորվել, ինչպես է հոլանդիայի օրինակով սարքված այլ «բրոշյուրներից» թարգմանվել, ում ուղեկցող գրությամբ է տպարան մտել եւ ինչու տպագրությունից հետո դուրս չի եկել: Պարզապես «ժողովուրդ»-ը չէր ցանկանում շատ փորփրել հասարակության համար զգայուն այս թեման, որտեղ խոսք է գնում դպրոցական տարիքի երեխաների շրջանում միասեռականության վերաբերյալ ձեռնարկների տարածման մասին: Բայց իրավիճակը, կարծես թե, փոխվում է:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը շարունակում է ամենատարբեր անհատների եւ կազմակերպությունների կողմից ստանալ նույնաբովանդակ ձեռնարկներ, որոնք մեկը մյուսի հետեւից նոր թեմաներ են բացում, թե ովքեր են դրանք հեղինակել ու փորձել տարածել: Պարզվում է՝ մեր երկրում էլի կան ռուզանմուրադյաններ:
Բայց եթե ԱԺ պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը առաջիկայում իր ՀԿ-ների գործունեության մանրամասն հաշվետվություն չտա՝ ամեն դրամի համար փաստաթղթերը մեկիկ-մեկիկ ներկայացնելով, ուրեմն նա հրապարակավ ստել է նաեւ հերքելիս: Մենք առայժմ սպասում ենք պատգամավորի նախաձեռնությանը՝ հընթացս հորդորելով, որ հերքման տեքստ տարածելուց առաջ անհրաժեշտ է նախ կարդալ սկզբնաղբյուրը, հերքել փաստացի՝ սկզբնաղբյուրին, ուղարկել այն լրատվամիջոցին, ով հրապարակել է հոդվածը եւ, ամենակարեւորը, առանց հիստերիայի:
Բայց այս ընթացքում, տիկի՛ն, մի՛ մոռացեք գոնե ինքներդ Ձեզ հետ մինչեւ վերջ անկեղծ լինել:
«Ժողովուրդ» օրաթերթ