
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ նաև գյուղացիներին արտոնյալ պայմաններով տրամադրվող պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերի հավաքագրման խնդրին: Վարչապետը հիշեցրեց, որ դեռևս մայիսին էր հանձնարարել կազմել այն գյուղացիների ցանկը, ովքեր դեռևս պարտքեր ունեն:
Իսկ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը դժգոհեց, որ դիմել են Տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն և մարզպետարաններ, որպեսզի հասցեատերերերի ցուցակներ ստանան:
Կարեն Կարապետյանը մարզպետներին հորդորեց մեկ ամսվա ընթացքում կազմել պարտապանների վերջնական ցուցակները և ներկայացնել տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն, որպեսզի մեկ ամսվա ընթացքում ամփոփվեն:
«Նախկին պրակտիկայի մեջ դեպքեր են եղել, որ ֆիկտիվ հասցեատերեր են եղել»,- նշեց նա, իսկ Լոքյանն արդարացավ, որ կան գյուղապետեր, ովքեր չեն բաշխել այդ սերմերն ու պարարտանյութերը: «Գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք, գյուղապետերից ստացեք, եթե հասցեատիրոջը չի հասել, ինչո՞ւմն է խնդիրը: Եվ նայեք, որպեսզի նկարչություն չլինի»,- ասաց Կարեն Կարապետյանը: