Խորհրդարանական կառավարումը կապահովի Հայաստանի ժողովրդավարական անշրջելի զարգացումը. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը վստահ է, որ խորհրդարանական կառավարման համակարգը, որին անցնում է Հայաստանը փոփոխված Սահմանադրությամբ, առավել առաջադիմական է և կապահովի երկրի ժողովրդավարական անշրջելի զարգացումը: Այդ մասին նա գրել է Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի առթիվ հղած ուղերձում:

«Հայաստանն առաջինն էր հետխորհրդային երկրներից, որ իրականացրեց գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականաշնորհումը, էներգետիկ համակարգի վերափոխումը և արդիականացումը, ենթակառուցվածքների համապատասխանեցումը շուկայական տնտեսության կանոններին: Բարդ աշխարհաքաղաքական, արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում մեզ հաջողվեց ամուր հիմքերի վրա դնել ժողովրդավարական կառավարման սկզբունքները, ստեղծել քաղաքացիական հասարակության և ազատական տնտեսության հիմքերը», – ասված է ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Նշված բոլոր բնագավառներում մենք հարուստ փորձ ենք կուտակել և պատրաստ ենք փոխանցելու մեր ձեռքբերումներն ու դասերը: Սահմանադրության առումով այժմ մենք գտնվում ենք նոր որակի անցումային շրջանում՝ մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը, վստահ եմ, կապահովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական անշրջելի զարգացումը», – գրել է Հայաստանի նախագահը:

«Երկրի տնտեսությունը նույնպես կանգնած է նոր մարտահրավերների առջև: Այժմ միջազգային գործարար լայն շրջանակներին մեր տնտեսության զարգացման ծրագրերի մեջ ընդգրկելու նոր փուլի շեմին ենք: Հիմնվելով առաջադեմ օրենսդրության և միջազգային ամենաարդյունավետ փորձի վրա՝ լիահույս ենք, որ կկարողանանք ստեղծել օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ գործիքակազմ, վստահելի տնտեսական համակարգ և արտահանման հնարավորություններ», – ասված է ուղերձում:




Լրահոս