Սերժ Սարգսյանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության. «Սերժ Սարգսյանը նախարարին հանձնարարել է վերլուծել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում ներկայացված առաջարկությունները եւ ընտրական օրենսդրության հետագա բարելավման ու կատարելագործման նպատակով մշակել համապատասխան օրենսդրական փաթեթ՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործուն իրավական մեխանիզմների ներդրմանը»:
Այնպիսի տպավորություն է, թե Սերժ Սարգսյանն ընդամենը երեկ է իջել լուսնից, երբեւէ չի առնչվել Հայաստանի քաղաքական գործընթացներին եւ ընդհանրապես որեւէ կապ չունի ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի հետ, այդ ամենն իր իշխանության օրոք, իր հրահանգով, իր կուսակիցների կողմից չի արվել:
Ավելին՝ այս ամենի մասին Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցից է տեղեկացել ու որոշել է անհաշտ պայքար մղել՝ նախարարին հանձնարարելով վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործուն իրավական մեխանիզմներ ներդնել: Իսկական թատրոն, որին այլ բան չի մնում, քան արձագանքել հայտնի արտահայտությամբ՝ իյա, իրո՞ք:
Եւ հետո՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելությունն իր վերջնական զեկույցում անդրադարձել էր ոչ միայն վարչական ռեսուրսի չարաշահմանը, այլ նաեւ ընտրակաշառքի բաժանման դեպքերին՝ ընդ որում, խիստ գնահատականներ հնչեցնելով այդ ուղղությամբ:
«Որոշ կուսակցությունների կողմից ընտրակաշառքի բաժանման եւ հօգուտ իրենց քվեարկելու համար պետական ծառայողների, այդ թվում բժշկական ու կրթական հաստատությունների աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելու եւ ահաբեկելու մասին հավաստի տեղեկությունները հանգեցրին ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության ընդհանուր նվազմանը, ինչպես նաեւ մտավախություններ են առաջացրել ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի իրացման կապակցությամբ՝ ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան»,- նշված էր այնտեղ:
Բայց արի ու տես, որ Սերժ Սարգսյանն ուշադրություն չի դարձրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այս հատվածին եւ Հարությունյանին որեւէ հանձնարարական չի տվել ընտրակաշառքի դեպքերը բացառող, իսկ ընտրակաշառք բաժանելու դեպքում կատարվածը հեշտությամբ բացահայտելու ուղղությամբ մեխանիզմների ներդրման համար: Թե ինչու, մնում է միայն ենթադրել:
Մինչ այդ նկատենք, որ գործող օրենսդրությունն այսօր էլ արգելում է ընտրախախտումները, այդ թվում՝ վարչական ռեսուրսի չարաշահումը:
Պարզապես ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ականները հանուն իշխանության վերարտադրության, ոտնահարում են օրենսդրական բոլոր արգելքները: Ու չկա որեւէ երաշխիք, որ նոր օրենսդրությունը կկարողանա զսպաշապիկ լինել ՀՀԿ-ականների համար:
Մեկ ուշագրավ փաստ էլ. ե՛ւ վարչական ռեսուրսի չարաշահման, ե՛ւ ընտրակաշառքի բաժանման՝ քաղաքական կոռուպցիայի դեպքերին իր որոշման մեջ անդրադարձել էր նաեւ Սահմանադրական դատարանը՝ կարեւորելով նշված ընտրախախտումները բացառող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:
Մինչդեռ Սերժ Սարգսյանն իր խոսքում հղում չի արել ՍԴ որոշմանը՝ հիշատակելով միայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցը: Եւ սա այն դեպքում, երբ ՍԴ որոշման մեջ նշված հանձնարարականները պարտադիր են իշխանական օղակների համար. «գործատու-վարձու աշխատող հարաբերությունների մակարդակը պետք է որակապես բարելավել, վարձու աշխատողը պետք է լիարժեք իրավասուբյեկտ դառնա ընտրական գործընթացներում քաղաքական ու գործարար շահերի միահյուսման հնարավորությունը հաղթահարելու համար…
ՀՀ հանրային իշխանությունների առաջնային խնդիրն է հաղթահարել այն մտահոգությունները, որոնք հայտնվեցին միջազգային եւ տեղական առաքելությունների կողմից, մասնավորապես քաղաքական կոռուպցիայի դրսեւորումների առնչությամբ։
Ընդհուպ ԵՄ փորձագետների եւ պաշտոնյաների անունից հնչեցվեց, որ քաղաքական կոռուպցիան անհարիր է իրավունքի գերակայության սկզբունքը որդեգրած երկրի ժողովրդավարության զարգացումներին եւ անվտանգության սպառնալիք է։ Դրա արմատախիլ անելը պետական քաղաքականության եւ երկրի իրավական անվտանգության օրակարգային առաջնահերթություն պետք է լինի։ Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում, այդ թվում՝ ՀՀ ԸՕ հետագա բարեփոխումների ճանապարհով, որի միջոցով հնարավոր կլինի հաղթահարել ընտրական գործընթացում քաղաքական կոռուպցիայի դրսեւորման իրավական ռիսկերը»,- նշված է ՍԴ որոշման մեջ:
Ի դեպ, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է սահմանադրական փոփոխություններից բխող իրավական ակտերի, այդ թվում՝ սահմանադրական օրենքների նախագծերի մշակման աշխատանքների ընթացքն ու ՀՀ Ազգային ժողով դրանք ներկայացնելու ժամկետները:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մի շարք օրենսդրական նախագծերի դեպքում վաղուց անցել են խորհրդարան ներկայացնելու վերջնաժամկետները, որ սահմանել էր Սերժ Սարգսյանը 2016թ. փերտրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագրով: Սահմանադրական օրենքներից դատական օրենսգիրքն ԱԺ պետք է ներկայացվեր մինչեւ 2017թ. մարտի 1-ը, բայց այն դեռեւս խորհրդարանում չէ: Մինչեւ 2017թ. փետրվարի 1-ը պետք է ներկայացվեր ՍԴ մասին սահմանադրական օրենքը, բայց դա եւս դեռեւս չի բերվել ԱԺ:
Օրենքներից մի քանիսն էլ ԱԺ է ներկայացվել Սերժ Սարգսյանի սահմանած վերջնաժամկետի խախտումով. մինչեւ 2017թ. ապրիլի 1-ը պետք է ԱԺ ներկայացվեր դատախազության մասին օրենքը, բայց կառավարությունն այն խորհրդարան է ուղարկել օգոստոսին նոր միայն: Նույն ամսում ԱԺ է ուղարկվել ԿԲ մասին օրենքը, մինչդեռ վերջնաժամկետ սահմանված էր 2017թ. մայիսի 1-ը, եւ այսպես շարունակ: Ասել է, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը չի հարգում նրա որոշումները՝ խախտելով նախագահի հրամանագրով սահմանված վերջնաժամկետները:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ