Քաղաքացին իր անձնական օգտագործման համար հավաքել, մանրացրել է կանեփի թուփ. նրան բերման են ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ, երկրորդ խմբի հաշմանդամ, 1961թ. ծնված Յուրիկ Սեփխանյանը 2016թ. սեպտեմբերին առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար Կոթիում գտնվող իր հայրական տան բակից հավաքել, մանրացրել է կանեփի թուփ, որից պատրաստել, ապօրինի պահել է 1.3 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Իր տան նկուղում պահած թմրամիջոցը 2017թ. ապրիլի 7-ին տեղափոխել է Իջեւան, ուր նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության Իջեւանի բաժին, նրա անձնական խուզարկությամբ թմրանյութը հայտնաբերվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 268 հոդվածի 1-ին մասով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը):

ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի՝ 2017թ. հունիսի 22-ի եզրակացությամբ Յ. Սեփխանյանը հանցագործություն կատարելու պահին տառապել եւ ներկայումս էլ տառապում է շիզոֆրենիայով, որպես հոգեկան հիվանդ՝ հաշվառված է 1987 թ-ից: Այդ հանձնաժողովի եզրակացությամբ՝ նա անմեղսունակ է ճանաչվել:

Սեպտեմբերի 5-ին Բերդ քաղաքում դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Յ. Սեփխանյանին ազատել ՀՀ քր. օր. 268 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար սահմանված քրեական պատասխանատվությունից եւ պատժից, նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ արտահիվանդանոցային պայմաններում հարկադիր բուժում, նրա նկատմամբ կիրառված, հարազատների հսկողությանը հանձնելու մասին անվտանգության միջոցը թողնել անփոփոխ մինչեւ որոշման օրինական ուժի մեջ մտնելը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս