ՀՀԿ-ն դրական է գնահատում վարչապետ կարեն Կարապետյանի կառավարության մեկամյա գործունեությունը։ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, կուսակցության գործադիր մարմնում քննարկել են Կարապետյանի կառավարության մեկամյա հաշվետվությունը և անդրադարձ է կատարվել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային։
«ՀՀԿ-ն դրական է գնահատում կաբինետի մեկամյա գործունեությունը։ Հստակ թվեր են ամրագրված։ Թե ԵԱՏՄ շուկայում, թե եվրոպական ու իրանական շուկայում արտահանումն ավելացել է։ Այն չափորոշիչները, որ մենք ամրագրել ենք պետբյուջեի նախագծում, դրանք անկասկած կատարվելու են»,- նշեց նա:
Շարմազանովը դրական գնահատեց ներդրումների ծավալի աճը: «Քաղաքական մեծամասնության առաջարկած 850 մլն դոլար ներդրումից արդեն 45 տոկոսը կատարված է։ ՀՀԿ եւ ՀՅԴ կառավարությունը մեկ տարում ինտենսիվ աշխատում է, դրական ենք գնահատում», – հավելեց նա։