ԻՆՉ ՏՎԵՑ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը բոլորին անակնկալ կերպով հայտարարեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու եւ փոխարենը ԵՏՄ-ին անդամակցելու մասին: Արդեն 2015թ. հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ: ՀՀ իշխանությունները սկզբում պնդում էին, թե այդ քայլին գնացել են՝ ՀՀ ռազմաքաղաքական անվտանգությունից ելնելով /նկատի ունենալով փաստը, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, եւ ակնարկելով, որ ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում ՌԴ-ն ԼՂ խնդրում պրոբլեմներ կստեղծեր/: Հետո պնդում էին, թե այդ քայլին են գնացել տնտեսական նկրտումներից ելնելով: Սերժ Սարգսյանն այս ընթացքում պարբերաբար խոսել է նաեւ ԵՏՄ-ի 180 միլիոնանոց շուկան գրավելու մասին՝ պատրաստակամություն հայտնելով նույնիսկ կամուրջի դեր կատարել ԵՏՄ-ի ու մյուս երկրների միջեւ:
Այս տարիները, սակայն, ցույց տվեցին, որ նույն ՌԴ-ն ոչ Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգությունն է ապահովում, ինչպես հարկն է. ասվածի վկայությունը ՀԱՊԿ հասցեին Սերժ Սարգսյանի՝ նախկինում հնչեցրած դժգոհություններն էին: Իսկ տնտեսապես էլ Հայաստանին չի հաջողվում գրավել ԵՏՄ 180 մլնանոց շուկան, եւ տնտեսական միեւնույն միավորման անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալներն իրենց տեսակարար կշռով այդպես էլ չեն մոտեցել անգամ 30 տոկոսին: Ավելին՝ թեեւ ԵՏՄ անդամ են նաեւ Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը, բայց այդ երկրների հետ ՀՀ-ն գրեթե առեւտուր չի անում, այլ հույսը հիմնականում դրել է ՌԴ-ի վրա:

 

 
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս լարվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները: Ու հիմա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Սամվել Կարապետյանը հրաժարվել է Հայաստանում մեծ ներդրումներ անելու ծրագրերից: Մինչդեռ երբ ժամանակին Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, Ս. Կարապետյանը հայտարարել էր ներդրումների, այդպես նաեւ կառավարությանը նպաստելու իր մտադրությունների մասին: Պատահական չէ նաեւ այն հանգամանքը, որ այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ից ներդրումները ոչ միայն չեն ավելացել, այլեւ ընդհակառակը՝ կապիտալի արտահոսք է եղել` 12.2 մլրդ դրամի չափով, ընդ որում, արտահոսքը եղել է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտից, որը կենտրոնացած է «Տաշիր գրուպ» ընկերության ձեռքում:

 

 

 
Լոլիկի շուկայում պաշտոնական վիճակագրությունն ուշագրավ վայրիվերումներ է սկսել. տեւական ժամանակ է՝ լոլիկի արտահանման ոլորտում լուրջ «աճ» էր արձանագրվել: Բայց սա ոչ թե լոլիկի արտադրության արդյունքում, ինչպես փորձում էին ներկայացնել իշխանությունները, այլ որ Թուրքիայից մեծ քանակությամբ լոլիկ է ներկրվել՝ առանց պաշտոնական փաստաթղթերում ֆիքսելու, եւ հետո այն արտահանվել է ՌԴ: Իսկ ահա այս տարի, երբ ՌԴ-ն է՛լ ավելի խստացրեց իր երկիր լոլիկի ներկրման պայմանները, Հայաստանից այդ մթերքի արտահանման ծավալները կտրուկ նվազեցին. Հայաստանից այս տարվա վեց ամիսներին, անցած տարվա 30.2 տոննայի փոխարեն, արտահանվել է 18.4 տոննա լոլիկ: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես պարզեց, որ սրան զուգահեռ Հայաստանում 69.2 տոկոսով նվազել են տոմատի պահածոյի արտադրության ծավալները, ինչը տեղական արտադրողները պատճառաբանում են ներքին շուկայում իրացման ծավալների կրճատմամբ:

 

 

 
Դեռ օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել էր դատական համակարգում առկա խնդիրներին՝ խոսելով դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացման եւ դատական գործերի քննության տեւողության կրճատման մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի այդ անդրադարձը բավականին խորը արմատներ ունի: Մի խումբ կալանավորներ նամակ են ուղարկել դատավորներին՝ փորձելով պարզել՝ ինչու են ուշանում իրենց գործերով դատական նիստերը: Սրան զուգահեռ՝ այս տարվա ընթացքում 8 դատարանի դատավորներ դիմում էին գրել դատարանների նախագահների խորհրդին՝ պահանջելով, որ սահմանվի իրենց բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ կամ, առհասարակ, հանվի իրենց ազգանունը բաշխվելիք գործերի ցանկից: Մի շարք դատավորներ էլ դժգոհել են, թե դարձել են առեւտրային բանկերի անձնական դատավորները եւ ուրիշ գործ քննելու ժամանակ չունեն:

 

 

 
ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԵՆ ՈՐՈՇԵ՞Լ
Հայաստանը հրաժարվել է մասնակցել Վրաստանում սեպտեմբերի 3-ից մեկնարկած ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին, որոնց, ի դեպ, մասնակցում են ԱՄՆ ծովային հետեւակի, Վրաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի եւ Ուկրաինայի բանակային ստորաբաժանումները: Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գիորգի Կաչարավայի խոսքերով. «Հայաստանը պետք է մասնակցեր զորավարժություններին, սակայն, ցավոք սրտի, դրանց մեկնարկից մի քանի օր առաջ նրանք հրաժարվեցին այդ մտադրությունից: Ո՞րն է դրա պատճառը, ինձ հայտնի չէ»: ՀՀ ՊՆ-ն, սակայն, միանգամայն հակառակն է պնդում. ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է. «Հայաստանը երբեք էլ չի հաստատել, որ անպայման մասնակցելու է»: Ավելի ուշ ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանն է ասել. «ՊՆ-ն չի հաստատել, որ մենք անպայման մասնակցելու ենք: Մենք մեր մասնակցության պաշտոնական համաձայնությունը չենք ունեցել»: Նա նաեւ հավելել է, թե Հայաստանը սկզբում պլանավորել է զորավարժություններին մասնակցելը, բայց հետո վերանայել է ծրագրերը: Բայց Հայաստանի որոշման պատճառների մասին ՊՆ-ն պաշտոնապես պարզաբանեց իրադարձություններից մոտ 30 ժամ ուշացումով: ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը Չինաստանում է եւ ժամանակ չունի նման «մանր» հարցերին անդրադառնալու: Ու սա լուրջ ենթադրությունների տեղիք է տալիս: Առավել եւս, երբ երեկ իշխանությունները` ՀՀԿ-ականներն իրենց հերթին, իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ականներն իրենց հերթին, պնդում էին, որ զորավարժություններին չմասնակցելը ինքնիշխան պետության ինքնուրույն որոշումն է եղել, եւ որ որեւէ այլ երկիր, այդ թվում` ՌԴ-ի կողմից ճնշումներ չեն եղել: Սակայն որքան շատ են իշխանությունները նման հայտարարություններ անում, այնքան ՆԱՏՕ զորավարժություններին չմասնակցելը կասկածների տեղիք է տալիս: Սա թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ Հայաստանը միշտ հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների մասին՝ մասնակցելով վերջինիս կողմից անցկացված զորավարժություններին: ՆԱՏՕ-ի կազմակերպած մի զորավարժության Հայաստանը մասնակցել էր ընդամենը վերջերս` օգոստոսի 1-ին Վրաստանում: «Noble Partner» զորավարժություններին ներկա էր գտնվել նաեւ ԱՄՆ փոխնախագահ Փենսը, ով քննադատական խոսքեր էր հնչեցրել ՌԴ-ի հասցեին։ Դրանից հետո հիշում եք` եղավ Պուտին-Սարգսյան հանդիպումը: Ու հիմա Հայաստանը նման պահվածք է դրսեւորում:
Իհարկե, չի բացառվում, որ Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին խոսք գնացած չլինի: Պարզապես Սերժ Սարգսյանը զգացել է, որ Պուտինին դուր չի եկել Վրաստանում տեղի ունեցածը, եւ ինքն էլ ի սկզբանե հրաժարվել է զորավարժություններին հետագա մասնակցությունից` իրավիճակն ավելի չբարդացնելու համար:




Լրահոս