ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆՆ ԻՐԵՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԵՂԱՎՈՐ ՉՀԱՄԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 31-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն իր ավանդական հանձնարարականները տալուց զատ հիշեցրեց, որ լրանում է կառավարության ամբողջական կազմի գործունեության մեկ տարին եւ հանձնարարեց հաշվետու լինել կառավարությանն ու ներկայացնել գերակա խնդիրները՝ իրենց լուծումներով:

«Մեկ ամսից լրանում է կառավարության գործունեության 1 տարին, եւ հաշվի առնելով հաշվետվողականության առկայությունը՝ հանձնարարում եմ մեկ ամսվա ընթացքում ամփոփել ու հանրությանը ներկայացնել կատարված աշխատանքները», – նշեց Կարեն Կարապետյանը:
Իսկ ինչպես են այդ հաշվետվությանը պատրաստվում նախարարները եւ ինչ են արել այս մեկ տարվա ընթացքում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ զրուցել է վարչապետի հանձնարարականի եւ ոլորտում առկա խնդիրների մասին:
-Պարո՛ն Ասատրյան, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ամփոփել կառավարության գործունեության մեկ տարին: Ձեր ղեկավարած գերատեսչության աշխատանքը Դուք ինքներդ ինչպե՞ս եք գնահատում:
-Մենք կամփոփենք աշխատանքն ու առաջիկայում մանրամասը կներկայացնենք հանրությանը: Վերջին մեկ տարիների իրականացված աշխատանքների առումով հատկապես կկարեւորեի քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների մատուցման մատչելիության բարձրացման հետ կապված կոնկրետ աշխատանքները, որոնց արդյունքում մենք ստեղծել ենք նոր ձեւաչափեր՝ առցանց դիմելու հետ կապված: Սա իսկապես կարեւորում եմ, եւ ունի նաեւ հակակոռուպցիոն նշանակություն: Մյուս ուղղությունն այդ առումով, որ պետք է կարեւորեմ, այն է, որ կենսաթոշակառուների համար ցանկացած վայրից դիմելու հնարավորության ստեղծումն է, որը եւս ծառայությունների մատուցման նոր ձեւաչափ է: Այլ կերպ ասած՝ ծառայությունների մատուցման որակի եւ մատչելիության առումով բավական աշխատանքներ են տարվել: Նախաձեռնություններ են եղել նաեւ օրենսդրական փոփոխությունների հետ կապված: Այսինքն՝ բոլոր ուղղություններով աշխատանքներ են կատարվել, որոնք ավելի մանրամասը կներկայացվեն հանրությանը:
-Չնայած մանրամասն ներկայացրիք Ձեր գերատեսչության կողմից կատարված աշխատանքը, սակայն նախարարության աշխատանքի վերաբերյալ բողոքները չեն դադարում, աղքատության մակարդակում դրական տեղաշարժ չենք տեսնում: Թերեւս ամենաթարմ օրինակներից մեկն էլ հաշմանդամների հետ կապված խնդիրն էր:
-Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող տարբեր պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, մասնավորապես սայլակների, պրոթեզների, օրթեզների հետ կապված խնդիրներին, ապա իսկապես այստեղ խնդիրներ էին ծագել: Մասնավորապես գնումների գործընթացներով պայմանավորված՝ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին իրականացված գնումների գործընթացի արդյունքներով այդպես էլ հնարավոր չեղավ պայմանագրերի կնքումը, քանի որ մասնակիցները նաեւ բողոքարկեցին տարբեր ձեւաչափերով, եւ այդ պրոցեսը երկար ձգձգվեց: Մենք իրականացրինք համապատասխան ընթացակարգեր, որպեսզի քաղաքացիների ծառայությունների մատուցումն ապահովվի: Մինչեւ տարեվերջի չափաքանակը կառավարության առաջիկա նիստում կընդունվի, եւ այդ խնդիրները եւս մինչեւ տարեվերջ կլուծվեն: Ինչ վերաբերում է սայլակների եւ լսողական սարքերի հետ կապված խնդիրներին, ապա մենք այս առումով փոփոխություն ենք կատարել եւ առաջիկա նիստում կառավարության քննարկմանը կներկայացնենք այդ պարագաները հավաստագրերի միջոցով քաղաքացիներին տրամադրելու հետ կապված կառավարության որոշման նախագիծը: Սա շատ կարեւորում եմ, որովհետեւ սա նշանակում է, որ մեր քաղաքացիները, ստանալով այդ հավաստագրերը, կարող են իրենց համապատասխան ծառայությունները կամ պարագաները ստանալ շուկայում համապատասխան իրենց կարիքի:
-Պարո՛ն Ասատրյան, Ձեր ղեկավարած կառույցն անմասն չի մնում կոռուպցիոն սկանդալներից: Որպես նախարարության ղեկավար՝ Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում:
-Ընդհանրապես այն աշխատանքները, որոնք կատարվում են ոլորտում, իսկապես շատ բազմաբնույթ են, եւ գրեթե բոլոր ուղղություններով ամենօրյա աշխատանք է կատարվում: Բնականաբար մեր կատարած աշխատանքի արդյունքում են առկա ռիսկերը վեր հանվում եւ դրանց համապատասխան լուծում տրվում: Իհարկե, յուրաքանչյուր պաշտոնատար անձ պատասխանատու է իր աշխատանքի, իր կատարած աշխատանքի, նաեւ չկատարած աշխատանքների եւ արդյունքների համար: Նաեւ այս առումով մենք պետք է գիտակցենք, որ խնդիրների լուծումը համակարգային հիմքով է իրականացվում, եւ դա ժամանակ է պահանջում: Իհարկե, ընթացքում լինում ենք անձինք, պատասխանատուներ, ովքեր թերանում են, ովքեր լիարժեք չեն գիտակցում այն պատասխանատվությունը, որ յուրաքանչյուրի վրա դրված է:
-Իսկ դա Ձեր վերահսկողության բացակայության հետեւա՞նքը չէ:
-Դա չի կարելի համարել վերահսկողության բացակայություն, որովհետեւ համակարգը շատ մեծ է, ընդգրկուն է, համակարգում աշխատում են մի քանի հազար մարդիկ:
-Յուրաքանչյուր նոր կառավարության ձեւավորման հետ մեկտեղ մշտապես նշվում է, որ Դուք չեք վերանշանակվելու, սակայն ամեն անգամ հակառակն է տեղի ունենում: Ի վերջո, ո՞րն է Ձեր երկարակեցության գաղտնիքը:
-Գիտեք, ես երբեք իմ աշխատանքը չեմ պլանավորել «ես պետք է նշանակվեմ» նշանաբանով: Այլ ուղղակի այն ժամանակահատվածը, որը տրված է տվյալ պաշտոնատար անձին, պետք է մաքսիմալ իրականացնի անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի տվյալ բնագավառում կարողանա մաքսիմալ արդյունավետ կատարել իր աշխատանքը:

 

 

 
«ՉԵՊԵ» ՉԻ ԵՂԵԼ, ՈՐԻՑ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՈՒԺԻ

Ինքնասպանություն, սպանություն, խոշոր հրդեհներ, երիտասարդ աղջկա պատանդառություն… վերջին շրջանում Հայաստանն աչք չի բացում տարբեր տեսակի փորձություններից: Իսկ որքանո՞վ է ՀՀ ուժային համակագը պատրաստ դիմագրավելու նման փորձություններին, եւ ինչո՞ւ են նման դեպքերը Հայաստանում հաճախակի դարձել:

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
-Պարո՛ն Սարգսյան, ինչո՞ւ են վերջին շրջանում Հայաստանում ավելացել սպանությունների, ինքնասպանությունների դեպքերը:
-Պետք չէ այդպես ձեւակերպենք՝ որ վերջին ժամանակներում, քանի որ միշտ էլ դա եղել է: Կարող է մի քիչ ակտիվություն նկատվի, պատճառն էլ այս ամբողջ լրատվական դաշտի, հեռուստատեսության լուսաբանման հետ է կապված, ինչու չէ՝ ոչ ճիշտ ներկայացման հետ կապված: Սկսած ամերիկյան, ռուսական ֆիլմերից, վերջացրած մեր չարաբաստիկ հայկական սերիալների մեջ մշտապես ինչ-որ մեկն առեւանգվում է, մյուսը՝ կամուրջից նետվելու փորձ անում: Սա հավուր պատշաճի գնահատական չի ստանում հանրության, ինչու չէ, պատկան մարմինների կամ նույն արվեստագետների կողմից, որ սա շատ վտանգավոր երեւույթ է: Սրանք երբեմն ինչ-որ դրական են հետո դառնում, ինչ-որ տրամադրություն են փոխում, դառնում հերոսներ, որ զղջացին իրենց արածի համար: Սրանք շատ վատ անդրադարձ են գտնում, որոնց դրսեւորումներն այսպիսին են լինում:
-Իսկ մենք որքանո՞վ ենք պատրաստ արտակարգ իրավիճակների, որքանո՞վ ենք կազմակերպված աշխատում: Վերջերս շատ քննադատվեց երիտասարդ աղջկան պատանդությունից ազատելը, երբ դիպուկահարը մարդկանց մեջ էր գտնվում, տարածքն էլ մարդաշատ էր:
-Ես քննադատությունները չեմ ընդունում: Սա ժողովրդի քննարկման թեման չէ, կարծում եմ, դա թողեք մասնագետներին: Այդ պահին հանցագործությունը կատարած անձին վնասազերծելուց որեւէ մեկը տուժե՞ց, ի՞նչ եք ուզում մեղադրեք: Մարդիկ պրոֆեսիոնալ են գործել, թե ոչ պրոֆեսիոնալ, արդյունքում հասկացանք մի բան, որ վնասազերծել են մի մարդու, որը որ հանրորեն վտանգավոր արարք է թույլ տալիս: Էլ ինչ եք քննադատում մարդկանց: Կարող է՝ հենց միտումնավոր են այդպես արել, որ այդ մարդը չտեսնի դիպուկահարին: Միգուցե այդպես է, ես ինքս օպերացիայի կազմակերպիչ չեմ եղել, այս պահին չեմ կարող մեկնաբանել, հարմար էլ չեմ գտնում մարդկանց աշխատանքը թերագնահատել: Բայց արդյունքում նրանք վնասազերծել են մարդուն, քննադատելը չեմ հասկանում: Իսկ ինչ վերաբերում է պատրաստ լինելուն, ապա առ այսօր այնպիսի մի «չեպե» չի եղել, որ հանրությունը խիստ տուժի դրանից:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ԱԿՏԻՎ ԵՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցությունն ամառային արձակուրդներից հետո երեկ առաջին նիստն էր անցկացնում: Այն բավական երկար տեւեց՝ 3 ժամից ավելի: Պատգամավորները կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել են մյուս շաբաթ մեկնարկող ԱԺ լիագումար նիստի օրակարգի հետ կապված հարցեր: Ընդ որում, երեկվա փակ նիստում ՀՀԿ-ականները բավականին ակտիվ հարցեր էին բարձրաձայնում, ելույթ ունենում. նույնիսկ խոսում էին նրանք, ում ձայնը նիստերի դահլիճում չենք լսում: ՀՀԿ-ականների նիստը տեղ-տեղ իրոք թեժ էր, ու հաճախ քննարկումները տեղափոխվում էին սենյակից դուրս:

 

 

ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ՄԹԵՐՈՒՄԸ
Այս օրերին «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգեր է ստանում ՀՀ Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներից: Նրանց պատմելով՝ Երեւանի կոնյակի գործարանի ներկայացուցիչները շրջում են գյուղերով եւ գյուղացիների հետ կնքած պայմանագրերում փոփոխություններ կատարում: Ըստ գյուղացիների` նրանք հիմնականում կրճատում են պայմանագրում նշված բերքի մթերման քանակությունը: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գործարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Զարուհի Իսկանդարյանի հետ. «Ամեն տարի կնքվում են պայմանագրեր գյուղացիների հետ եւ վերակնքվում հավելվածները: Դա տեղի է ունենում յուրաքանչյուր տարի, մոտավորապես մարտից օգոստոս ընկած ժամանակահատվածը: Չէ որ տվյալ ժամանակահատվածում որեւէ մեկը չի կարող կանխատեսել այս կամ այն տարածաշրջանի տնտեսության կամ այգու բերքի քանակությունը: Այս պատճառով մինչեւ սեպտեմբեր կատարվում են հավելվածների ճշտում եւ գրանցվում են ակնկալվող քանակները: Նաեւ յուրաքանչյուր գյուղացու հետ կատարվում են հավելվածների կնքումներ, որոնք ամրագրվում են ըստ քանակների»: Սակայն գյուղացիների մեծ մասը անորոշության մեջ է, քանի որ նրանք խիստ կասկածում են, որ այս ամենից հետո իրենց հավաքած խաղողը մինչեւ վերջին հատիկը չի մնա գետնին, այլ կմթերվի ընկերության կողմից։ Մյուս կողմից այս հարցը կարծես թե չի մտահոգում գյուղատնտեսության նախարարի աթոռը զբաղեցնող Իգնատի Առաքելյանին։ Ինչպես հայտնի է՝ Առաքելյանը, որին այդպես էլ չեն հետաքրքրում գյուղացու հոգսերը, մինչեւ նախարար նշանակվելը զբաղեցրել է կոնյակի գործարանի տնօրենի պաշտոնը։ Հավանաբար գյուղնախարարը մտահոգվում է միայն ի՛ր այգու խաղողը մթերելու մասին:

 

 

ՔԿՀ ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐԸ
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում ստուգումները շարունակվում են: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Արմավիրի ՔԿՀ են գնացել ՀՀ ԱՆ ՔԿՎ անվտանգության ապահովման բաժնի պետ Վարուժան Եղիազարյանը եւ ՔԿՎ ծառայությունում սոցիալական, հոգեբանական եւ իրավական բաժնի պետ Ռոման Ալավերդյանը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ վարչության պաշտոնատար անձինք ստուգումներ են իրականացրել՝ հասկանալու համար, թե ինչու են որոշ դատապարտյալներ խցում մենակ մնում, մինչդեռ խուցը նախատեսված է համապատասխան թվով մարդկանց համար: Ստուգվել են առանձին խցում գտնվողների անձնական գործերը: Չի բացառվում, որ վարչությունը ահազանգ է ստացել, որ կալանավայրերում արտոնյալներ կան, որ խցերում մենակ են մնում, մինչդեռ այլ խցեր ծանրաբեռնված են, ինչն էլ պատճառ է դարձել ստուգումների:




Լրահոս