Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել էր դատական համակարգում առկա խնդիրներին: Մասնավորապես խոսել էր դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացման եւ դատական գործերի քննության տեւողության կրճատման մասին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետի անդրադարձը դատական համակարգի խնդիրներին բավականին խորը արմատներ ունի:
2-ամսյա ժամկետը
Ինչո՞ւ հանկարծ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշեց խոսել դատական համակարգի մասին: Նա Դավիթ Հարությունյանին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել դատական նիստերի հետաձգումների պատճառաբանման ապահովման, դատավորների միջեւ դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակման եւ արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ որոշակի գումարային շեմը գերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում ապահովող գործիքակազմի ներդրմանն ուղղված առաջարկություններ:
Հանձնարարականի խորը արմատները
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ մի խումբ կալանավորներ նամակ են ուղարկել դատավորներին եւ փորձել իրենց նամակով ստանալ մեկ հարցի պատասխան, թե ինչու են ուշանում իրենց գործերով դատական նիստերը: Բացի այդ՝ այս տարվա ընթացքում 8 դատարանի դատավորներ դիմում էին գրել դատարանների նախագահների խորհրդին՝ պահանջելով, որ սահմանվի իրենց բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ կամ, առհասարակ, հանվի իրենց ազգանունը բաշխվելիք գործերի ցանկից, քանի որ չեն հասցնում քննություն իրականացնել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում այս հարցին վարչապետի անդրադարձը խորը արմատներ ունի: Բանն այն է, որ դատական համակարգում մի խումբ դատավորներ բարձրաձայնել են խնդիրը, որ իրենք դարձել են հայաստանյան առեւտրային բանկերի վեճերը քննող դատավորներ եւ չեն հասցնում այլ գործերին անդրադառնալ: Դրա համար էլ ամեն գործով նիստը լավագույն դեպքում ամիսը մեկ անգամ են անցկացնում:
Բանկերի ու դատավորների կռիվը
Նկատենք, որ ՀՀ կառավարության նիստում վարչապետը ոչ միայն անդրադարձել էր դատավորներին բաշխվելիք գործերի սահմանափակմանը, այլ նաեւ. «գումարային շեմը գերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում ապահովող գործիքակազմի ներդրմանն ուղղված առաջարկություններին»:
Ասել է, թե կառավարությունը, բացի դատավորների մտահոգություններից, անհանգստացել է նաեւ քաղաքացիների ճակատագրով, որոնք փոքր գումարային պարտավորություններ ունենալու դեպքում անգամ դառնում են բանկերի գերին, կորցնում ունեցվածք ու կարողություն: Օրինակ՝ քաղաքացին 300 հազար դրամ վարկ է վերցնում բանկից, ինչ-ինչ պատճառներով չի կարողանում վճարել: Արդյունքում, քաղաքացին բանկի կողմից հայտնվում է սեւ ցուցակում, կուտակվում են տոկոսներն ու տույժերը, եւ գործը հասնում է դատարան: Ու ամենասարսափելին այն է, որ անգամ դատաքննության ընթացքում, որը կարող է մեկ տարուց ավել տեւել, բանկը շարունակում է ժամկետանց պարտավորությունների վրա կուտակել տոկոսներն ու տույժերը: Ու դատավորների գործունեության հետեւանքով քաղաքացու 300 հազար դրամը դառնում է 3 միլիոն դրամ, եւ նա հայտնվում է բնակարանը կորցնելու վտանգի առաջ:
Բանկերին է պետք զսպել
Իհարկե, տպավորությունն այնպիսին է, որ վարչապետի հանձնարարականը նպատակ է հետապնդում դատական համակարգում առկա խնդիրները լուծել կամ հօգուտ քաղաքացիների ինչ-որ քայլ իրականացնել: Սակայն այդ հանձնարարականով որեւէ բան չի փոխվի: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է օր առաջ այնպիսի օրենսդրական փոփոխություններ իրականացնի, որ բանկերին զսպի: Ասել է, թե գոնե դատաքննության ընթացքում բանկերը պետք է դադարեն քաղաքացու կողմից ժամկետանց պարտավորությունների վրա տոկոսներն ու տույժերը կիրառել: Եւ այսպես շարունակ: Կամ բանկերում մինչեւ դատարան դիմելը գտնվեն այլ մեխանիզմներ: Մի խոսքով, խնդիրը տարողունակ է: Տեսնենք, թե ՀՀ արդարադատության վունդերքինդ նախարար Դավիթ Հարությունյանը ինչ կառաջարկի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՂԹԵՑԻՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ
Ընտրակեղծարարների դեմ հարուցված քրեական գործերով շոուները շարունակվում են: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ դատախազությունը դիմել էր վերաքննիչ դատարան՝ ընտրակեղծարարների համար որպես պատիժ պահանջելով ազատազրկումը: Մասնավորապես դատախազների ուշադրության կենտրոնում էր հայտնվել ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի մտերիմը՝ Աշոտ Կազվանցյանը, որ ԱԺ ընտրությունների օրը կրկնակի քվեարկության փորձ էր արել, եւ նրա նկատմամբ կիրառված 2 տարով ազատազրկումը պայմանականորեն չէր կիրառվել:
Սակայն մեղադրող դատախազ Արամ Դոլինյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ ընտրակեղծարարը պատժվի եւ կատարած արարքի համար 2 տարի ազատազրկման մեջ գտնվի: Այսպիսի խիստ վերաբերմունքի է արժանացել նաեւ Վանաձորի բնակիչ Արտյոմ Հովհաննիսյանը: Մեղադրող դատախազ Ռուդիկ Մինասյանը միջնորդել է՝ դարձյալ կրկնակի քվեարկության փորձ արած ընտրակեղծարարի նկատմամբ կիրառված պայմանական պատիժը վերացվի, եւ նա 2 տարի մնա կալանքի տակ: Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր դատախազ Ռուդիկ Մինասյանի որոշումը: Ասել է, թե ընտրակեղծարարը կմնա ազատության մեջ:
Այսպիսով՝ ամփոփելով իրավիճակը՝ կարող ենք եզրակացնել, որ դատախազությունը ցականում էր ցույց տալ, թե ամեն ինչ անում է՝ մեղավորներին խիստ պատիժ տալու եւ արդարադատությունը վերականգնելու համար, սակայն պարտվեց, եւ այդ շոուն տապալվեց:
Ընտրակեղծարարները եղել եւ մնում են գործող իշխանության հենասյուները, եւ նրանց նեղացնելու ցանկացած փորձ, բնականաբար, կավարտվի ձախողմամբ: Ոչինչ, որ մի քանի դատախազ կամ հենց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այդ ճանապարհին կկորցնի իր դեմքը. գլխավորը իշխանության աթոռն է: Ու այստեղ անգամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, դատախազի ընկեր Վազգեն Ռշտունին է անգամ անկարող իրավիճակ փոխել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՓԱԿՎՈՒՄ Է
90-ականներից Երեւանում հայտնի «Հայաստան» հանրախանութն այսօր ամենեւին էլ լավ ժամանակներ չի ապրում, գրում է hraparak.am-ը։ Տեւական ժամանակ է, ինչ չի գործում հանրախանութի նոր մասնաշենքը։ Իսկ հիմնական մասնաշենքում մի շարք տաղավարներ փակ են։ Մեր այցելության ժամանակ տոնավաճառի առեւտրականները դժվարացան ասել, թե ինչ ճակատագիր է սպասվում «Հայաստանին», որտեղ նախկինում աշխույժ առեւտուր էր լինում, շաբաթվա բոլոր օրերին այն մարդաշատ էր։ Հանրախանութի նկատմամբ հետաքրքրության նվազումը նրանք պայմանավորում են վերջին տարիներին բազմաթիվ ու բազմազան «մոլ»-երի բացմամբ, որոնք էլ հրապուրել եւ իրենց հաճախորդների ցանկը համալրել են «Հայաստան» հանրախանութի նախկին այցելուներով։
ՀԵՐՈՍԻ ԴԱՏԸ
Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի է ունեցել «Իգլա»-ի գործով դատական հերթական նիստը: Դատական նիստին մեղադրող դատախազը միջնորդություն է ներկայացրել տեսաձայնագրումն ու ձայնագրումն արգելելու վերաբերյալ: Մեղադրողի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն։ «Լրատվամիջոցներին հնարավորություն կտրվի տեսաձայնագրել հինգ րոպե, իսկ ձայնագրումը դատարանը չի սահմանափակի»,-ասել է դատավոր: Երեկ դատական նիստին հարցաքննվել է նաեւ գործով վկայի կարգավիճակ ունեցող Գոռ Շաբոյանը, ում միջոցով փաստաթուղթ էր ուղարկվել Մոսկվայից Երեւան: Վկան ասել է, որ դատավարության կողմերից ոչ մեկին չի ճանաչում, այդ թվում նաեւ ամբաստանյալներին: «Ես աշխատում եմ որպես վարորդ, Երեւան-Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրում եմ իրականացնում: Ձմռան վերջերին ինձ մեր դիսպետչերը Մոսկվայում փաստաթղթերի փաթեթ փոխանցեց եւ ասաց, որ Երեւանում կգան կվերցնեն»,-ասել է վկան: Հիշեցնենք, որ «Իգլա»-ի գործով անցնում է վեց ամբաստանյալ` Արցախի հերոս Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը եւ Դավիթ Հարությունյանը:
ՀԻՎԱՆԴ ԵՆ
«Նաիրիտ»-ում բռնկված հրդեհից արդեն օրեր են անցել: Առողջապահության նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ գործարանում այրվող քիմիական նյութն ու «Նաիրիտ»-ից բարձրացող ծուխը որեւէ վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների առողջության համար: Սակայն երեկ որոշ քաղաքացիներ իրենց ֆեյսբուքյան էջերի միջոցով ահազանգում են, որ «Նաիրիտ»-ի ծխից քաղաքացիներ են թունավորվել: Ըստ նրանց` ծխից ընդամենը 2-3 օր անց «Նաիրիտ»-ին մոտ գտնվող բնակելի տարածքների բնակիչները թունավորված են: Նշաններն են` ջերմություն, թուլություն, ցածր զարկերակային ճնշում ու սրտխառնոց: Վերջիններս նշում են, որ շտապօգնության աշխատակիցները չափում են սրտի աշխատանքը, ճնշումը ու բոլորին նույն նշանակումն են անում` ռեգիդրոլ, որը նշանակում են տոքսիկունֆեկցիաների ժամանակ, որպեսզի ջրազրկում չառաջանա: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք մշտական կապի մեջ են բուժհաստատությունների եւ շտապօգնության ծառայության հետ: «Նման ահազանգեր չունենք, որ իրենց դիմել են քաղաքացիներ, որոնք թունավորվել են ծխից: Եթե կան քաղաքացիներ, ովքեր ունեն նման գանգատներ, կարող են դիմել իրենց պոլիկլինիկաները», – նշեց տիկին Հայթայանը:
ՏԱՏԻԿԻ ԱՀԱԶԱՆԳԸ
Armtimes.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 2-ին արված կեղծ ահազանգը, թե Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված, արվել է 75-ամյա մի կնոջ կողմից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 06:56-ին, ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող ԱԺ շենքում ռումբ կա, սակայն ավելի ուշ պարզվեց, որ ահազանգը կեղծ է: