ԱՄՆ-ում գոյություն ունի մի ավանդույթ, ըստ որի՝ նոր նախագահի երդմնակալության օրը հեռացող նախագահը նամակ է գրում իր հաջորդին՝ այն թողնելով նախագահական աշխատանքային սեղանի դարակում։ Դա հեռացող նախագահի խորհուրդների, հուշումների ու սեփական փորձառությունը փոխանցելու ավանդույթ է, որին հայկական իրականությունում, ըստ էության, անծանոթ են։ Այդ նամակները առժամանակ գաղտնի են պահվում եւ տարիներ անց հրապարակվում՝ իբրեւ պատմագիտական սկզբնաղբյուր։ Սակայն օրեր առաջ CNN-ին հաջողվել է հայթայթել ու հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի անձնական նամակը 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին։
Պատկերացում կազմելու համար այդ նամակների նշանակության մասին՝ բավական է ասել, որ Բիլ Քլինթոնի նամակը Ջորջ Բուշ կրտսերին եւ վերջինիս նամակը Օբամային հրապարակվել են միայն այս տարվա սկզբին։ Իսկ ահա Թրամփին հասցեագրված Օբամայի նամակը գրվելուց 6-7 ամիս անց արդեն դարձել է հանրային սեփականություն։ Ի դեպ, CNN-ը պնդում է, որ Օբաման նույնիսկ իր ամենամտերիմ մարդկանց չի ցույց տվել նամակը։ Լրատվականի ծանուցմամբ՝ նամակը հանրայնացել է այն աղբյուրի շնորհիվ, որը ծանոթացել է դրա պարունակությանը Թրամփի թույլտվությամբ։ Անշուշտ, սա զարմանալի չէ՝ հաշվի առնելով Թրամփի ոչ ստանդարտ նախագահությունը, որն այդպիսին է դարձել ոչ միայն նախագահի բնույթի, այլեւ ամերիկյան ԶԼՄ-ների անդադրում միջամտությունների պատճառով: Վերջիններս էլ սկսել են համեմատություններ անցկացնել նախկին նախագահների նամակների միջեւ՝ փորձելով զանազանել նմանություններն ու տարբերությունները, ինչպես նաեւ ընթերցել նախագահների տողատակային մտքերը։ Հետաքրքիր է, որ Քլինթոնը՝ Բուշին, վերջինս Օբամային ուղղված նամակներում նախըտրել են մտերիմ-անձնական ոճը՝ միմյանց դիմելով անուններով։ Երկու նամակներն էլ հակիրճ են՝ հիմնականում խրախուսական բնույթի։ Հեռացող նախագահները նորընտիրներին հուշել են նախագահի պաշտոնի կարեւորության մասին՝ կոչ անելով դժվարին աշխատանքը կատարել ամենայն պատասխանատվությամբ ու ոգեւորությամբ։ Բուշը անգամ հայտնել է, որ նախագահության օրերին լինելու են դաժան ակնթարթներ, երբ կատաղի քննադատության պայմաններում նախագահի «ընկերները» կարող են հիասթափեցնել։ Բուշը հիշեցրել է, որ նախագահի կողքին է ողջ ժողովուրդը, որի վրա նա կարող է հենվել ցանկացած դժվարին պահի։
Հակառակ նախորդ նախագահների՝ Օբամայի նամակը շատ ավելի երկար է ու հագեցած։ Նախ նա Թրամփին դիմում է «պարոն նախագահ» արտահայտությամբ՝ ցուցադրելով միմյանց միջեւ անձնական հարաբերությունների հստակ բացակայությունը։ Միաժամանակ Օբաման պահպանում է իր քաղաքավարությունը՝ կրկին հիշեցնելով, որ անկախ կուսակցական տարբերություններից՝ բոլոր ամերիկացիների հույսը մեկտեղվել է՝ Թրամփի նախագահությունից միմիայն հաջողության ակնկալիքով։ Նա արձանագրել է, որ նախագահի աշխատանքը յուրահատուկ է, եւ գրեթե յուրաքանչյուր խնդիր տարբերվում է իր յուրօրինակությամբ, ուստի հազիվ թե ինչ-որ կոնկրետ խորհրդի կարիք կա։ Դրա փոխարեն Օբաման ցանկացել է Թրամփին ծանոթացնել 8 տարիների արդյունքում ձեւավորված իր ընկալումներին։ 44-րդ նախագահը գրում է, որ ԱՄՆ նախագահ ընտրվելը բացառիկ հաջողություն է, որն առաջին հերթին պատասխանատվություն է։ Ըստ Օբամայի՝ նախագահի անձից է հաջողության այն հարթակների կառուցումը, որով պիտի իրենց բարեկեցությունն ապահովեն ամերիկացի յուրաքանչյուր երեխա եւ ընտանիք։ Երկրորդ հերթին Օբաման շեշտել է ԱՄՆ-ի համաշխարհային առաջատարությունը։ Դա որակելով անփոխարինելի՝ նախկին նախագահը պնդել է, որ նախագահի գործունեությամբ ու մատուցած օրինակով է ամրապնդվում Սառը պատերազմի ավարտից հետո ձեւավորված աշխարհակարգը, որից կախված է նաեւ ԱՄՆ-ի հարստությունն ու անվտանգությունը։ Երրորդ կետով Օբաման հիշեցրել է նախագահության անցողիկությունն ու ժամանակավորությունը՝ նախագահին վերագրելով ժողովրդավարական ինստիտուտների ու սովորույթների պահապանի դեր։ Թերեւս ճանաչելով Թրամփի խառնվածքը՝ Օբաման կարիք է զգացել անուն առ անուն հիշատակելու ժողովրդավարության հիմնադրույթները՝ իրավունքի եւ օրենքի գերակայություն, իշխանության տարանջատում, հավասարություն եւ քաղաքացիական ազատություններ, որոնց պահպանման պատասխանատվությունը նա դնում է նախագահի ուսերին։ Նա շեշտել է, որ անկախ ակնթարթային քաղաքական շահերից՝ նախագահը պարտավոր է պահպանել ժողովրդավարական այդ գործիքների ուժը առնվազն այնպես, ինչպես ժառանգություն է ստացել։
Հայաստանի նախագահները նման հետաքրքիր ավանդույթ չեն ձեւավորել, ինչը թերեւս պատճառաբանվում է նրանով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական էր տվել եւ չգիտեր, թե ով է լինելու իր հաջորդը, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ գիր-գրականության հետ առանձնապես սեր չուներ։ Սակայն 2015թ. Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը փոխանակվեցին հրապարակային նամակներով։ Մի նամակ էլ Տեր-Պետրոսյանը Սարգսյանին գրել էր 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին։ Հայաստանի քաղաքական կյանքում էպիստոլյար ժանրի կիրառությանը դիմել են նաեւ այլ գործիչներ, որոնցից հիշարժան է Վազգեն Սարգսյանի նամակը Կարեն Դեիրճյանին 1999թ., որով սկիզբ դրվեց «Միասնություն» դաշինքի ձեւավորմանը։ Հայտնի է Վանո Սիրադեղյանի՝ Վազգեն Սարգսյանին ուղղված նամակը, որտեղ մարգարեական կանխատեսումներ էին արվում հայաստանյան քաղաքական կյանքի զարգացման շուրջ։ Հիշատակելի է նաեւ կրկին Վազգեն Սարգսյանին ուղղված Սամվել Բաբայանի նամակը, որը միտված էր այնժամ նրանց միջեւ լարված հարաբերությունների մեղմմանը։ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո հրապարակվեց Սամվել Բաբայանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված մի նամակ, որտեղ հեղինակը հանգամանորեն իր մտքերն էր հայտնում Արցախի պաշտպանական համակարգերի վերազինման հարցերի մասին։ Կասկած չկա, որ այսքանով հայկական քաղաքական նամակները չեն վերջանում, եւ մնում է հուսալ, որ տիրապետողները կհանեն դրանք գզրոցներից՝ մեծ ծառայություն մատուցելով ինչպես պատմագրությանը, այնպես էլ ներկայիս հայ հասարակությանը։
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՓՅՈՒՆԻԿԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՐԿՈՒ ՕՐ Է՝ ԴԱՍԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ
ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի աշակերտները ի նշան բողոքի արդեն երկու օր է, ինչ դպրոց չեն հաճախում: Նշենք, որ աշակերտների ծնողները պահանջում են իրենց դպրոցը չմիացնել հարեւան Արտավազդ գյուղի դպրոցին:
«Ցավալին այն է, որ մենք չենք կարողանում ծնողներին համոզել, որ գան դպրոց, դասերին մասնակցեն: Մենք արդեն սպառել ենք մեր մոտեցման բոլոր ձեւերը: Ոչ մի աշակերտ չի հաճախում դասերի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց Փյունիկի դպրոցի տնօրեն Գագիկ Մարաբյանը: Ապա տեղեկացրեց, որ բոլորը ՀՀ վարչապետի՝ Կարեն Կարապետյանի՝ դպրոցների վերաբերյալ որոշումը սխալ են հասկացել: «Մեր դպրոցի ուսուցիչները դեռ երկու ամիս աշխատանքի մեջ են, ինչ աշխատանք պետք է կատարեն, որ աշխատավարձ ստանան: Պետք է մինչեւ հոկտեմբերի վերջ հաճախեն իրենց դպրոց, որին կհաջորդի աշնանային արձակուրդը, ինչից հետո պետք է տեղափոխվեն այլ դպրոց»,- տեղեկացրեց Գ. Մարաբյանը:
Իսկ ահա Փյունիկի հարեւան գյուղի` Արտավազդի դպրոցի տնօրեն Բորիկ Կոնջորյանը պնդեց, որ փյունիկցի աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է հաճախեին իրենց դպրոց: «Որոշումը դա է, բայց փյունիկցիները վրդովված են, որովհետեւ դեմ են իրենց գյուղի դպրոցի փակմանը: Կարծում եմ, որ մոտ օրերս համապատասխան աշխատանքներ կիրականացվեն՝ իրենց այս դպրոց բերելու համար: Մենք պատրաստ ենք ընդունել իրենց»,- նկատեց դպրոցի տնօրեն Բորիկ Կոնջորյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը նախորդ նիստին հավանության արժանացրեց վերոնշյալ դպրոցներն իրար միացնելու մասին որոշման նախագիծը: Երկու գյուղերի դպրոցների միջեւ եղած հեռավորությունը շուրջ 3.5 կմ է: ԿԳՆ-ն նախատեսում է միավորման արդյունքում տնտեսված միջոցների հաշվին տրանսպորտ վարձել եւ վարորդի մեկ հաստիք բացել` Փյունիկի աշակերտներին Արտավազդ տեղափոխելու նպատակով: Ի դեպ, Փյունիկի միջնակարգ դպրոցի շարժական գույքը նույնպես կփոխանցվի Արտավազդի դպրոցի հաշվեկշռին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ՊԱՀՄՏՈՑԻ
«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը, որն այս օրերին հայտնվել է դատական քաշքշուկների մեջ, Տավուշի մարզում ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից: Նրանց կողմից 2012թ. Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղում 10 հա եգիպտացորեն ցանվեց, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից մարզի Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար:
Հիմնադրամը եգիպտացորեն ցանելու համար յուրաքանչյուր հեկտարի հաշվով 4 դիտավանցիներից յուրաքանչյուրին 150 հազարական դրամ կանխավճար է տվել, հետագայում հեկտարի հաշվով՝ եւս 30 հազարական դրամ: Ըստ պայմանագրի՝ «ՀիմնաՏավուշը» հնձի շրջանում պետք է ապահովեր տեխնիկայով, ինչը չի արվել: Դրա պատճառով եգիպտացորենը գերհասունացել է, չորացել, ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է ընդամենը 92 տոննա:
Արդյունքում Դիտավանի նախկին գյուղապետ Սեյրան Սարգսյանը եւ էլի 3 դիտավանցիներ վնասի փոխհատուցման պահանջով դատի են տվել «ՀիմնաՏավուշ» հիմնադրամին: 2014թ. փետրվարի 5-ին Իջեւանում դատավոր Արման Կուրեխյանը որոշել է դիտավանցիների հայցը բավարարել մասնակի. «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամից հօգուտ Սեյրան Սարգսյանի բռնագանձել 2 միլիոն 657 հազար 300 դրամ պատճառված վնասի գումար եւ 50 հազար 896 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Հայկ Ալիխանյանի՝ 1 միլիոն 505 հազար 640 դրամ՝ պատճառված վնասի, եւ 28 հազար 612 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Վարդան Սարգսյանի՝ 1 միլիոն 505 հազար 640 դրամ՝ պատճառված վնասի, եւ 28 հազար 612 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Սամսոն Ալիխանյանի՝ 221 հազար 500 դրամ՝ պատճառված վնասի, եւ 2930 դրամ պետական տուրքի գումար: Դատարանը վճռել է՝ որպես փաստաբանի վարձատրության գումար հօգուտ հայցվորների բռնագանձել 200 հազար դրամ:
«ՀիմնաՏավուշը» բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան: 2014թ. հուլիսի 10-ին վերաքննիչ դատարանը որոշել է նշված վճիռը բեկանել եւ գործն ուղարկել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության: 2015թ. դեկտեմբերի 7-ին այս անգամ էլ դատավոր Աշոտ Խաչիկյանը վճռել է հօգուտ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի՝ Սեյրան Սարգսյանից բռնագանձել 2 միլիոն 939 հազար 100 դրամ, Հայկ Ալիխանյանից՝ 1 միլիոն 663 հազար 253 դրամ, Վարդան Սարգսյանից՝ 1 միլիոն 663 հազար 253 դրամ, Սամսոն Ալիխանյանից՝ 251 հազար 430 դրամ:
Այս անգամ էլ դիտավանցիներն են այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրել: Վերաքննիչ դատարանը 2016թ. հուլիսի 1-ին որոշել է Սեյրան Սարգսյանից բռնագանձել 112 հազար 500 դրամ, Հայկ Ալիխանյանից եւ Վարդան Սարգսյանից՝ 62 հազար 500-ական դրամ, Սամսոն Ալիխանյանից՝ 12 հազար 500 դրամ: Դիտավանցիները սույն որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել, 2016թ. հոկտեմբերի 17-ին, սակայն, վճռաբեկ դատարանը այդ բողոքը մերժել է: Սեյրան Սարգսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենք այժմ դիմում են ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նախկին գյուղապետի խոսքով՝ դատավոր Աշոտ Խաչիկյանի կայացրած վճիռն անարդար է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ